Քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյանի կարծիքով՝ անկախությունը և սուվերենությունը փոխկապակցված են, և դա ունակություն է պետության դիմադրողականության:
«Այսօրվա Հայաստանը դիմադրողականության մասին խոսելու հիմք չունի: Պատճառները բազմաթիվ են: Դրանցից մեկը Հայաստանի՝ որպես դերակատարի կշռի անկումն է, իսկ դա պայմանավորված է Արցախի կորստով: Արցախի կորստով Հայաստանը գնում է քաշային կատեգորիայի դեմոնտաժի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ հիմար թեզ համարելով Հայաստանի իշխանությունների այն հայտարարությունները, թե Արցախի կորստով՝ Հայաստանը պահպանել է իր անկախությունը, և, որ «իրականում Հայաստանի անկախության տոնը սեպտեմբերի 19-ը պետք է լինի»:
Նա ընդգծեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների և Ադրբեջանի հռետորաբանության մեջ տրամաբանական կորելացիա կա. «Ադրբեջանի ռազմավարությունը շատ գրագետ է, փորձարկվել է բազմիցս, բայց հաջողություն գրանցել 2018 թվականի իշխանափոխությունից հետո: Ադրբեջանի ռազմավարությունն անուղղակի գործողությունների ռազմավարություն է, որը նկարագրված է Լիդդըլ Հարտի գրքում. Հակառակորդին ջախջախել սկզբում ոչ ռազմական գործիքակազմով, դրանից հետո, երբ արդեն կարելի է վճարել ռազմական գործիքակազմ վճարելու գինը, քանի որ ռազմական գործիքակազմ օգտագործելու ժամանակ բավականին բարձր գին է վճարում պետությունը, այդ գինը վճարել: Այդ տրամաբանությունը շարունակվում է: Ադրբեջանի ռազմավարության հիմքում ընկած չէր միայն Արցախի օկուպացիան, այլ ընդհանրապես Հարավային Կովկասում իր քաշային կատեգորիայի բարձրացումը, որն ավելի թույլ օղակի ջախջախման դեպքում է տեղի ունենում: Այս դեպքում ավելի թույլ օղակը մենք ենք, և հստակ այդ ռազմավարությունը բանեցվում է մեզ վրա»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվող «ռազմավարությանը», եթե կարելի է դա այդպես ձևակերպել, ապա, ըստ քաղաքագետի՝ դա կատաստրոֆա է.
«Հայաստանը չունի ռազմավարություն. Դա պարտվողական ռազմավարություն է, այսինքն՝ հնարավորինս զիջել Ադրբեջանին այն, ինչը կարելի է զիջել, դրա դիմաց Ադրբեջանը չի կիրառի ռազմական ուժ: Ինչ-որ ժամանակահատված դա ներկայացնել հասարակությանը՝ որպես խաղաղության օրակարգ, սակայն, վերջնարդյունքում Ադրբեջանը ռազմական կամ ոչ ռազմական գործիքակազմը կիրառելով՝ Հայաստանին փորձելու է որպես քաղաքական դերակատար վերացնել»:
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է գոյաբանական վտանգի առաջ. «ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքակնությունը միտված չէ սպասարկելու ՀՀ կենսական շահերը: ՀՀ գործող իշխանությունների քաղաքականությունը 2018 թվականից իդենտիկության բաղադրիչի ոչնչացմանն է ուղղված: Մենք տեսնում ենք, որ հասարակության մեջ ատոմիզացիայի միտումներ կան, այսինքն՝ այլևս ընդհանուր բովանդակությունը, որը կար՝ կապված մեր իդենտիկության հետ, վնասվել է և շարունակում է դեգրադացվել»:
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակը շատ վտանգավոր է. «Իշխանափոխության պարագայում Հայաստանը պետք է որդեգրի դիմակայության քաղաքականություն: Եթե Հայաստանը լատենտ ուժի կոնսոլիդացիա չանի, չենք կարող արդյունք ունենալ: Հաջորդ իշխանությունները պետք է ունենան հստակ ռազմավարություն, որը հիմնված է այսօրվա գործող ռեսուրսների վրա, որոնք էլ հենց թույլ են տալու հասկանալ մեր կարմիր գծերը:
Նույնիսկ այս աղետալի վիճակում, եթե կա հստակ ռազմավարություն, ապա կարելի է հասկանալ, թե դեմոգրաֆիան ինչպես կարող է սպասարկել ռազմական ուժին: Ռազմավարական տրամաբանությունը պետք է կառուցված լինի դիմակայության վրա, որովհետև Ադրբեջանը փորձում է մեզ՝ որպես քաղաքական ֆակտոր, վերացնել: Հետևաբար, եթե հաջորդ իշխանությունները գան և խոսեն խաղաղության օրակարգի մասին, դա ենթադրելու է մեր պարտվողական գծի շարունակություն: Պատերազմի մասին պետք չէ խոսել, բայց մենք փոքր ուժ ենք, և քանի մեր ուժը փոքրանում է, գնում ենք լիլիպուտիայի:
Փոքր պետությունները երեք հնարավոր սցենարով կարող են գործել. առաջին՝ փորձել իրականացնել բալանսավորման քաղաքականություն, որը ենթադրում է՝ սուղ ռեսուրսների կոմպենսացիայով թույլ չտալ, որպեսզի տարածաշրջանի կամ արտատարածաշրջանի ուժերը քեզ վրա ուժային պրոյեկցիա անեն: Երկրորդը՝ հարձակողական ռեալիզմի տրամաբանությունից թելադրված տեսնես, թե որտեղ կարող ես քո ուժն ավելացնել՝ հարևանի կամ ուրիշ գործոնների հաշվին: Ադրբեջանը դա արել և անում է: Երրորդ գործոնն է՝ դառնալ bandwagoning-ի մի մաս, այսինքն՝ քանի որ դու այլևս դադարում ես ուժային գործոն լինել, դառնում ես կցորդ այս կամ այն ուժային պրոյեկցիայի»:
Նա նկատեց՝ Հայաստանն իրավունք չունի պարտվել ոչ մի պատերազմում.
«Փոքր պետության պարտությունը կարող է վերացման տանել»:
Քաղաքագետը հիշեցրեց, որ իշխանության գալուց հետո Փաշինյանն ազդակներ էր տալիս հասարակությանը, որ չպայքարեն. «Անտարբերությունը հասարակությանը հաղորդված ազդակներից է, այսինքն՝ մի պայքարեք, պայքարել պետք է միայն սեփական գրպանի և սեփական հաճույքները բավարարելու համար: Ակնհայտ քարոզվում է հեդոնիզմ: Սոցիոլոգիական խորացված հետազոտության պարագայում արդյունքն ավելի ակնհայտ կլինի: Հակաքարոզը պետք է լինի պայքարի մասին խոսելը, չպետք է խոսել Ադրբեջանի հետ լեզու գտնելու մասին, որովհետև Ադրբեջանը մեզ հետ լեզու գտնել չի ուզում, հստակ իրականացնում է իր քաղաքականությունը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում