Օրեր առաջ 168.am-ը գրել էր, որ չպետք է ոգևորվել Ադրբեջանի՝ 7 տոկոսով ռազմական ծախսերը կրճատելու լուրից, հատկապես, երբ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գրեթե ամեն տարի Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելացել է, իսկ Ադրբեջանն էլ շարունակում է զինվել:
Եվ այսօր Ադրբեջանի խորհրդարանում Իլհամ Ալիևի ելույթը, ըստ էության, հաստատել է մեր այս դիտարկումը:
Մասնավորապես, նշելով, որ «Հայաստանում գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժերը», և, որ արտաքին շրջանակներն Ադրբեջանի դեմ պլաններ են մշակում և սպասում, որ երկիրը սայթաքի, թուլանա, որպեսզի նորից իրենց դեմ «կեղտոտ գործունեություն սկսեն», Ալիևը շեշտել է՝ հենց այս պատճառով Ադրբեջանը չի կարող, այսպես ասած, հանգիստ վերցնել և թուլանալ, և, որ ադրբեջանական հասարակությունն էլ պիտի սա գիտակցի:
Այնուհետև Ադրբեջանի ղեկավարը շարունակել է, որ իրենց թիվ մեկ խնդիրը ռազմական հզորության մեծացումն է, անկախ այն բանից, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականին Արցախում «հակահաբեկչական օպերացիան» ետևում են մնացել:
«Ինչպես աշխարհում տեղի ունեցող գործընթացները, հակամարտության նոր օջախների ի հայտ գալը, մեր շուրջ պատերազմները և լարվածության աճը, այնպես էլ Հայաստանում ռևանշիստական միտումները, ստիպում են մեզ անընդհատ ուշադրություն դարձնել ռազմական ոլորտին: Երկրի առաջ ծառացած խնդիրներից մեկը նաև Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնումն է: Եվ եթե մենք պակաս ուշադրություն դարձնենք ռազմական ոլորտին և չապահովենք դրա համար հատկացված միջոցների անհրաժեշտ մակարդակ, ապա ապագայում մենք խնդիրներ կունենանք»,- շեշտել է Ալիևը՝ հավելելով, որ Ադրբեջանի բանակի մարտական կարողություններն ավելանում են, և որ իրենց զինված ուժերը այսուհետև ևս շարունակելու է զինվել պատշաճ մակարդակով:
«Հայաստանը և ցանկացած երկիր պետք է իմանան, որ մեզ հետ չպետք է շանտաժի և ուլտիմատումի լեզվով խոսեն: Մենք միշտ պատրաստ ենք և կարող ենք տալ ցանկացած պատասխան, մենք միշտ պետք է պատրաստ լինենք,- ընդգծել է Ալիևը և հավելել, -Մենք ամրանում ենք պայմանական սահմանին, որովհետև ամեն պահի Հայաստանից կարելի է սպասել ցանկացած սադրանք: Հայկական կողմը մասսայական զինվում է, միաժամանակ արտասահմանյան երկրների զորավարժություններ է անում, ընդ որում, խոշոր գերտերությունների: Արևմտյան երկրներն էլ Հայաստանին զենք-զինամթերք են մատակարարում»:
168.am-ը գրել էր, որ տևական ժամանակ ադրբեջանական կողմը երկրի ղեկավարության հրահանգով քարոզչական արշավ էր սկսել Հայաստանի դեմ` փորձելով հնարավոր հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել, և անգամ պատասխանատուին էր այդ ժամանակ գտել՝ Արևմուտքին, ԱՄՆ-ին:
Ի դեպ, Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ իրենց ռազմական գործարաններում արդիականացման լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվում, արտադրվում են նոր տեխնիկա, զինամթերք, ավելին, օտարերկրյա գործընկերների հետ ռազմարդյունաբերական համատեղ արտադրամասեր են ստեղծվում, և առաջիկա տարիներին Ադրբեջանի ռազմաարդյունաբերական համալիրն առավել մասշտաբային է դառնալու:
Այսինքն, Ադրբեջանը համալիր կերպով պատրաստվում է պատերազմի: