Բյուջեի «գլխին մութ ամպեր են կուտակվում»

Օրերս վերահսկվող եկամուտների վերաբերյալ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված վերջին, ամենաթարմ՝ 2024թ. օգոստոս ամիսը ներառող տեղեկատվությունից հետևում է, որ բյուջեի հարկային եկամուտների աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե եռակի դանդաղել է։

Ընդ որում, 2024թ. պետական բյուջեով նախատեսվում է, որ ինն ամիսների կտրվածքով հարկային եկամուտները կազմելու են 1,915.8 մլրդ դրամ, մինչդեռ, ութ ամիսներին փաստացի հավաքագրվել է 1,548.2 մլրդ դրամ։ Այսինքն՝ բյուջեն կատարելու համար սեպտեմբեր ամսին պետք է ապահովվեն 367.6 մլրդ դրամի հարկային մուտքեր, այն դեպքում, երբ ութ ամիսների կտրվածքով միջին ամսական հավաքագրումը կազմել է 193.5 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ 2024թ. առաջին կիսամյակի թերակատարումը 117.4 մլրդ դրամ էր, իսկ պետական բյուջեի կատարման կիսամյակային հաշվետվության հրապարակումից մոտավորապես մեկ ամիս առաջ հրապարակվել էր «2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը» (ՄԺԾԾ), որով ակնկալվում էր, որ մինչև 2024 թվականի ավարտը բյուջեի հարկային եկամուտների թերակատարումը կազմելու է շուրջ 117 մլրդ դրամ։

Այսինքն, հիմք ընդունելով այս փաստաթուղթը և հաշվի առնելով առաջին կիսամյակի փաստացի թերակատարումը, ենթադրվում էր, որ երկրորդ կիսամյակում բյուջեի եկամուտների մասով նոր թերակատարում չպետք է լինի։ Սակայն, հիմք ընդունելով հուլիս և օգոստոս ամիսների եկամուտների փաստացի հավաքագրման տվյալները, գրեթե վստահաբար կարելի է ակնկալել, որ հարկային եկամուտների հավաքագրման՝ առաջին կիսամյակում արձանագրված թերակատարումն ինն ամիսների արդյունքներով ավելի կխորանա։

2024թ. հունվար-օգոստոս ամիսներին հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է եղել եկամտային հարկի, բնապահպանական և բնօգտագործման վճարների և շահութահարկի աճերով: Ընդ որում, եկամտային հարկի աճի զգալի մասը «վիրտուալ» է, քանի որ վերաբերում է հիփոթեքի տոկոսների գծով եկամտային հարկի վերադարձի՝ նախորդ տարվա համեմատ զգալի աճին։ Այսինքն՝ այս մասով բյուջեի եկամուտների աճը միայն «թղթի վրա» է։ Մինչդեռ, երկու կարևոր հարկատեսակների գծով, ընդհանրապես, անկում է գրանցվել։ Դրանցից առաջինը hարկային եկամուտների մեջ ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող ավելացված արժեքի հարկն է, որի գծով նվազումը պայմանավորված է ներմուծվող ապրանքներից ստացված մուտքերի կրճատմամբ։ Երկրորդը ակցիզային հարկն է, որի գծով նվազումը ներմուծվող ենթաակցիզային ապրանքների գծով մուտքերի պակասելու հետևանք է։ Այսինքն՝ երկու դեպքում էլ «մեղավորը» ներմուծումն է։ Թեև նշված ժամանակահատվածում գրանցվել է ներմուծման աճ, որը հիմնականում պայմանավորված է եղել ոսկերչական արտադրատեսակների վերաարտահանմամբ, սակայն դրանց դիմաց գանձված հարկերն էապես փոքր են։

Ավելին, այդ վերաարտահանման ծավալներն ապրիլ ամսվանից սկսած կտրուկ նվազում են։ Դա ընդունել էր նաև ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ «Արմենպրես» լրատվական գործակալությանը 27.08.2024թ. տված հարցազրույցում՝ հավելելով, որ այդ վերաարտահանումը «հավանաբար դեպի տարվա վերջ արդեն չի լինի»)։ Այսինքն՝ նույնիսկ այս համեմատաբար փոքր հարկային մուտքերն առաջիկայում չեն լինելու։

Ի դեպ, հիշյալ հարցազրույցում նախարարը նաև ընդունել էր հարկերի սպասվող թերհավաքագրումը. «Այո, էն եկամուտների մակարդակը՝ հարկային եկամուտների մակարդակը, որը մենք դրել էինք բյուջեում, դա չի կարող ապահովվել»։

Հարկերի թերհավաքագրման հիմնախնդիրն էլ ավելի կսրվի հաջորդ տարի, քանի որ, ամենայն հավանականությամբ, բյուջետային տարին սկսվելու է առանց ոսկու վերաարտահանման շնորհիվ բյուջետային հավելյալ մուտքերի, իսկ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած մյուս արտածին գործոնների ազդեցությունն ամսեամիս շոշափելիորեն թուլանում է։ Գործող իշխանությունը, ամենայն հավանականությամբ, գիտակցում է խնդրի լրջությունը, և, այդ իսկ պատճառով, փորձում է «ճեղքը փակելու» այլընտրանքներ գտնել։

Մասնավորապես, բացի այն, որ Պետեկամուտների կոմիտեն միացրել է հարկային մամլիչը և հարկատուներին ամեն գնով ստիպում է ավելի շատ հարկեր վճարել, կառավարությունը վերջին շրջանում ձեռնամուխ է եղել նաև մի շարք օրենսդրական փոփոխությունների կատարմանը՝ մոտ ապագայում լրացուցիչ բյուջետային մուտքեր ապահովելու նպատակով։

Օրինակ՝ օրերս ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվեց օրենք, որով, մասնավորապես, հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու տույժի օրական դրույքաչափը գործող 0.04%-ի փոխարեն՝ սահմանվում է 0.075%: Մեկ այլ նախաձեռնությամբ գործունեության տեսակների մեծ մասի համար նախատեսվում է կտրուկ՝ 2-3.3 անգամ, բարձրացնել շրջանառության հարկի դրույքաչափը։ Նույն նախաձեռնությամբ նախատեսվում է նեղացնել միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկով հարկման համակարգերում ընդգրկվելու առումով թույլատրվող գործունեության տեսակների շրջանակը:

Մասնավորապես, առաջարկվում է սահմանափակել՝ շրջանառության հարկի համակարգում նոտարական, փաստաբանական և վիճակախաղերի կազմակերպման գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, իսկ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում՝ անշարժ գույքի առքուվաճառքի և վարձակալությամբ տրամադրման միջնորդական, վարսավիրական, ավտոտեխսպասարկման ծառայությունների մատուցման, ծրագրային ապահովման մշակման և շինարարական աշխատանքների կատարման, անշարժ գույքի գնահատման և չափագրման և մի շարք այլ գործունեության տեսակներով զբաղվող հարկ վճարողների գործունեությունը։

Քանի որ խստացում ենթադրող օրենսդրական փոփոխությունները չեն կարող ուժի մեջ մտնել ավելի վաղ, քան պաշտոնական հրապարակումից վեց ամիս անց, գործող իշխանությունը ֆիսկալ նպատակ հետապնդող այս և նմանատիպ այլ օրենսդրական փոփոխությունները կատարում է առավելագույնս հապշտապ, որպեսզի դրանք հնարավորինս շուտ «իրենց նպատակին ծառայեն»։

Այնուամենայնիվ, եթե նույնիսկ վերը նշված «ոչ ստանդարտ» քայլերով հաջողվի որոշ չափով մեղմացնել հարկերի թերհավաքագրումը, նման գործելաոճը միանշանակ «հարվածելու է» տնտեսությանը: Հարկերի բարձրացման և հարկային եկամուտների հավաքագրման վարչարարական խիստ միջոցառումների կիրառումը կսահմանափակի բիզնես միջավայրի զարգացման հնարավորությունները` նվազեցնելով ներդրումների հոսքը և խոչընդոտելով արտադրական ոլորտների զարգացումը։

Տնտեսական աճը խոչընդոտող այս քայլերը կարող են նաև խորացնել սոցիալական և տնտեսական անհավասարությունը, ինչն իր հերթին՝ հանրության շրջանում նոր դժգոհությունների առիթ կդառնա։ Սակայն այս հնարավոր բացասական սցենարը քիչ է մտահոգում գործող իշխանությանը. Հայաստանի ներկա կառավարիչներն անտեսում են երկարաժամկետ տնտեսական հետևանքները՝ փոխարենը կենտրոնանում կարճաժամկետ քաղաքական դիվիդենտներ հավաքելու վրա։  

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *