Առավելագույնը մեկ բան կարելի է սպասել Փաշինյան-Էրդողան հանդիպումից․ ռուս թուրքագետ

«Ադրբեջանն ու Հայաստանը Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության հասնելու կարևոր հնարավորություն են ստացել»,- Նյու Յորքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ «Թուրքական տանը» ԱՄՆ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Էրդողանը, ըստ թուրքական «Անադոլու» գործակալության, անդրադառնալով համաշխարհային և տարածաշրջանային իրադարձություններին ու մարտահրավերներին Թուրքիայի արտաքին քաղաքականության տեսանկյունից, հայտարարել է, որ Անկարայի հիմնական սկզբունքներն են՝ բարեկամության ամրապնդումը, տարաձայնությունների նվազեցումը, խաղաղության ապահովումը։

Նրա խոսքով՝ Անկարան անփոխարինելի պայման է համարում նաև միջազգային իրավունքի, պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը։

«Ժամանակակից աշխարհում այս սկզբունքների կարիքն ունենք առավել, քան երբևէ»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Թուրքական մամուլի համաձայն՝ Նյու Յորքում սպասվում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը։

Ըստ հրապարակումների՝ նրանց հանդիպումը ևս կկայանա Թուրքիայի տանը։ Այս հանդիպման մասին հայկական կողմը դեռ ոչինչ չի հայտնում։

Այսօր, ի դեպ, Հայաստանում Եվրամիության դեսպաններն են այցելել հայ-թուրքական սահման։ Նրանց ուղեկցել է պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ներկայացրել անցակետի վերակառուցման աշխատանքները։ Հայկական կողմից անցակետը պատրաստ է, իսկ Թուրքիայից քայլեր չկան պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար։ «Հայկական կողմը պատրաստ է բաց սահմանների, եթե Թուրքիան քաղաքական կամք դրսևորի: Դրա պատճառը հաստատ հայկական կողմի քաղաքական կամքի բացակայության մեջ չէ: Հայկական կողմն ունի այդ քաղաքական կամքը, ու մենք պատրաստ ենք հենց վաղն ունենալ հաստատված դիվանագիտական հարաբերություններ, հենց վաղն ունենալ բաց սահմաններ ու հույս ունենք, որ Թուրքիայի կողմից նույնպես նման դիրքորոշում կտեսնենք ու համապատասխան գործողություն»,- նշել էր Ռուբինյանը:

Սակայն ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայ-թուրքական սահմանի բացումը պայմանավորել էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։ Սահմանը, ըստ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյայի, կբացվի հայ-ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում։ Սակայն համաձայնագրի ստորագրման հարցում խնդիրներ են ի հայտ եկել, և Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել բանակցված փաստաթուղթը, փորձելով դրանում նոր կետեր ավելացնել։

168am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ ՀՀ իշխանություններն առանձնահատուկ պատրաստակամություն են ցուցաբերում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերում, մինչդեռ Թուրքիան և Ադրբեջանն անընդհատ բարձրացնում են խաղադրույքները և նոր խնդիրներ դնում ՀՀ իշխանությունների առջև՝ ամենևին չթաքցնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների փոխկապակցվածությունը հայ-թուրքական օրակարգի հետ։

Ըստ նրա, գոնե ձևական, արհեստական տարանջատում, դիվանագիտական փաթեթավորում այս ամենը չունի։

«Արվում են ուղիղ, համարձակ հայտարարություններ, որոնց վրա հայկական կողմն աչք է փակում՝ մինչև հիմա հուսալով, թե հնարավոր է Թուրքիային տարանջատել Ադրբեջանից ու հարաբերություններ կառուցել՝ առանց ադրբեջանական ազդեցության։ Պետք է հասկանանք, որ այս հարցում Թուրքիան, դասական իմաստով, գտնվում է ադրբեջանական ազդեցության տակ և որևէ քայլ չի անելու, քանի դեռ Ադրբեջանն իր օրակարգը չի բավարարել։

Ուշադրություն հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ Թուրքիան չի քննադատում ՀՀ իշխանություններին, այլ նույնիսկ դրական տեսակետներ են հնչել, սակայն հարաբերություններում ոչինչ չի փոխվում, այսինքն՝ Թուրքիան իր կողմից փակված սահմանը չի բացում և, կարծում եմ՝ չի բացելու մինչ որևէ համաձայնագրի ստորագրում Երևանի և Բաքվի միջև»,- ասաց ռուս թուրքագետը։

Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ հայկական կողմն ամենայն հավանականությամբ փորձում է ակտիվացնել շփումները և Թուրքիայի հետ երկխոսությունը՝ ինչ-որ հույսով, որ կարող է փոփոխություն լինել։

«Ինչպես Փաշինյան-Էրդողան վերջին հեռախոսազրույցից հետո տեղի ունեցավ բանագնացների հանդիպում և որոշակի ակտիվություն, ապա, կարծում եմ՝ այս հանդիպման դեպքում ևս կարելի է առավելագույնը որոշ տեխնիկական առաջընթաց արձանագրել, սակայն՝ ոչ բովանդակային։ Բացի այդ, թուրքական կողմին թերևս կհետաքրքրի հարցը, թե երբ կլուծվեն Երևան-Բաքու տարաձայնությունները և մոտավորապես երբ հնարավոր կլինի ստորագրել Խաղաղության համաձայնագիր, որպեսզի Անկարան ևս իր քայլն անի։ Այս մասին Անկարայից բարձրաձայն հայտարարություններ եղել են ավելի վաղ, իսկ հայկական կողմը թերևս պետք է կրկնի իր առաջարկը՝ խաղաղության համաձայնագիրը հիմա ստորագրելու վերաբերյալ։ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների և ազդեցությունների այնպիսի համակարգ է գործում, որոնց վրա Երևանի ազդեցության հնարավորությունները լիովին բացառված են։ Սակայն Երևանը շփումներով կարող է տպավորություն թողնել, թե Թուրքիան պատրաստ է մոտ ապագայում սահմանը բացել, ինչը, սակայն, այդպես չէ, ու քանի տարի է՝ գրեթե բոլոր վերլուծաբաններն այս մասին խոսում են»,- նկատեց նա։

Ինչ վերաբերում է Էրդողանի վերջին անդրադարձին, ապա, վերլուծաբանի խոսքով, թուրքական կողմն առավելապես խոսում է Երևան-Բաքու հարաբերությունների մասին, քան Երևան-Անկարա հարաբերությունների։

«Ինչպես այս անգամ ևս տեսնում ենք, Թուրքիան խոսում է Բաքվի օրակարգից, Անկարայի համար սեփական օրակարգ գրեթե չկա, խոսվում է խաղաղության համաձայնագրի և միջանցքի մասին, Հայաստանից Թուրքիային հետաքրքրող այլ թեմա գոյություն չունի։ ՀՀ իշխանությունները հավատում են, որ սա հանգեցնելու է ռեգիոնում խաղաղության, այնինչ Բաքուն և Անկարան անկեղծորեն խաղաղության չեն ձգտում։ Նրանք հարաբերությունների լիովին այլ մոդելի են ձգտում, այնպիսի մոդելի, որը թույլ է տալիս առանց խնդիրների սեփական օրակարգն առաջ մղել Երևանի հետ»,- ասաց նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *