Ու դեռ ուզում են, որ մարդիկ վստահեն իրենց և պարտաճանաչ հարկ վճարեն

Հարկատուին «հերոս» հռչակած Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում քաղաքացիներին հորդորել, պահանջել, անգամ սպառնալ վճարել հարկերը։ Նույնիսկ սկսել է դժգոհել, թե ինչու հարսանիքներին թամադաները չեն խմում հարկ վճարողի կենացը, բայց խմում են զինվորի կենացը։

«Ես ուշադիր հետևում եմ մեր հարգարժան թամադաների մտքի ընթացքին: Իրենք շատ կենացներ են խմում, օրինակ, երբեք ոչ մի հարսանիքում չի բարձրացվում կենաց Հայաստանի Հանրապետության հարկ վճարողի համար: Բայց մենք խմում ենք զինվորների կենացը, որը ճիշտ է, որը լավ է:

Բայց երբեք ոչ մեկը չի մտածում, որ զինվորի ծառայության պայմանը կախված է նրանից՝ վճարողը հարկ վճարե՞լ է, թե՞ չի վճարել: Մի անգամ ասել եմ, որ հարկեր վճարող մարդը Հայաստանի Հանրապետության  թիվ մեկ հերոսն է»,- օրերս «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ իր խոհերն էր կիսել Նիկոլ Փաշինյանը։

Մի կողմ թողնենք այն, որ անիմաստ է զուգահեռներ տանել հարկատուի և զինվորի միջև։ Հարկ վճարելը հերոսություն չէ, այլ պարտավորություն։ Բայց հարկատուն միայն նրա համար չէ, որ հարկ վճարի, իսկ իշխանություններն ինչպես ուզենան, այնպես ծախսեն։ Դեռ մի բան էլ արդարացումներ փնտրեն, թե ինչու են այդպես անխնա շռայլում հարկատուի փողերը։

«Մենք պետք է խոստովանենք, որ  շատ դեպքերում շատ պետական միջոցներ  արդյունավետ չեն ծախսվում, բայց կառավարությունն օդից չի ընկել: Մենք մեր տների, մեր  միջավայրի ծախսային մշակույթի կրողներն ենք:

Հասկանալու համար, թե ինչպես է ծախսում կառավարությունը գումարները, պետք է գնալ մեր հարսանիքներին, կնունքներին, ծնունդներին, տեսնել, թե ինչպես ենք ծախսում այդ միջոցառումների վրա, ոնց այնտեղ ենք ծախսում, այնպես էլ այստեղ ենք ծախսում»,- պետական փողերը, հարկատուի փողերը վատնելն այսպիսի պրիմիտիվ կենցաղային մեկնաբանություններով փորձում է արդարացնել Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում՝ դա անում է ոչ առաջին, և ոչ էլ հավանաբար վերջին անգամ։

Պարտադրում են հարկատուին, քաղաքացուն՝ վճարել հարկերը, բայց ծախսում են, ինչպես ուզում են։

Նախկինների «թալանը» տեսնում են, հաշվում են, պատվերով գործեր են հարուցում, նստացնում են, գույքն են բռնագանձում, իսկ որ իրենք միլիոնների ու միլիարդների վնաս են տալիս պետությանը, ոչ պատասխան տվող կա, ոչ էլ պահանջող։

Մեկ տարի է, 6 մլն դոլար տվել են՝ կարևոր չէ, հայտնի՞, թե՞ անհայտ երգչի, ու դիմացը ոչինչ չեն ստացել։ Պետության փողը վատնել են ու հանգիստ նստել։ Ոչ մեկը պատասխանատվություն չի կրել դրա համար։ Գնում են, վարկեր են վերցնում, պարտք են անում, հարկատուների հարկերի հաշվին բարձր տոկոսներ են վճարում, որ փող բերեն՝ բյուջեի դեֆիցիտը փակեն, ծախսեր անեն, վեց միլիոն դոլար հենց այնպես բյուջեից հանել-տվել են, դիմացը ոչինչ չեն ստացել։

Եթե նույնիսկ ոչինչ չանեին ու այդ 6 միլիոն դոլարն ավանդ դնեին բանկում, հիմա առնվազն մի քանի տասնյակ հազար դոլարով ավելացել էր։

Մինչդեռ կրթության նախարարն այնպես է խոսում, կարծես ոչինչ չի էլ եղել։

-«Եթե համերգը չկայանա, վճարված գումարները կվերադարձվեն»,- մեկ տարի հետո ասում է Ժաննա Անդրեասյանը:

Դա էլ դեռ հարց է՝ կկարողանա՞ն վերադարձնել, թե՞ ոչ։ Այստեղ շատ նրբություններ կան։

Խնդիրը նույնիսկ վերադարձնել-չվերադարձնելու մեջ չէ. ինչո՞ւ են նախապես այդքան փողը տվել, որ հիմա էլ պիտի վերադարձնեն։ Ո՞վ է որոշել, որ ամբողջ հոնորարը պետք է միանգամից փոխանցեն, և ոչ թե՝ համերգի կայանալուց հետո։

Մեկ տարի հետո Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանկարծ հիշել է, որ լիազորությունների չարաշահում է եղել։ Վարույթ է հարուցել չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ՝ առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։

Հանձնաժողովը կարծիքով՝ Սնուփ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանն օժանդակության տրամադրման հարցում դրսևորվել է ընտրողականություն, քանի որ ծրագրի իրականացումը վստահվել է մեկ տնտեսվարողի՝ առանց մրցույթի: Չկան հստակ մեխանիզմներ` տոմսերի վաճառքից ստացված գումարների բաշխման սխեմայի վերաբերյալ։

Թե ինչո՞ւ են մեկ տարի հետո հիշել այս մասին, հավանաբար շուտով պարզ կլինի։ Կառավարությունը դեռևս 2023 թ. օգոստոսի 11-ին է որոշում կայացրել՝«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում հիփ-հոփ արտիստ Սնուփ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը 2 մլրդ 318 մլն 596,800 դրամ տրամադրելու վերաբերյալ։ ԿԳՄՍ նախարարության ու ընկերության միջև կնքված պայմանագրով գումարը տրվել է՝ որպես  դրամաշնորհ։ Մեկ տարուց ավելի է անցել՝ ո՛չ համերգն է կայացել, ո՛չ էլ պետության փողն է վերադարձվել։

Հարկատուներին պարտադրում են վճարել հարկերը, որ այսպես ծախսեն։ Եվ սա բոլորովին էլ եզակի օրինակ չէ, թե ինչպես են վատնում պետության փողերը ու ոչ մեկը պատասխանատվություն չի կրում դրա համար։

Հարկատուների վճարած հարկերից տասնյակ-միլիոնավոր դոլարներ դրեցին, ներդրումային ֆոնդ բացեցին, որոշ մարդկանց բարձր՝ ամսական մինչև 2-3 մլն դրամ աշխատավարձ վճարեցին, իբր ներդրումներն են խթանում, վերջում պարզվեց՝ ո՛չ ներդրումներն են խթանել, ո՛չ էլ գումարները կան։

Տարբեր տվյալներով,  միայն այս չկայացած պրոյեկտի վրա պետական բյուջեից 25 մլն դոլարից ավելի գումար է վատնվել։ Սակայն դրա համար որևէ մեկը մինչև հիմա պատասխանատվություն չի կրել, նույնիսկ պատասխանատու չկա, չնայած բոլորն էլ գիտեն, թե ովքեր են այդ ձախողված պրոյեկտի ու վատնված միլիոնների պատասխանատուները։ Նրանից մեկն էլ այսօր զբաղեցնում է Երևանի քաղաքապետի պաշտոնը ու հավանաբար նույն «հաջողությամբ» ծրագրեր է իրականացնում քաղաքապետարանում։

Հարկերը չվճարելու համար մարդկանց տանում կալանավորում են, տույժ-տուգանքներ են դնում, տարբեր ձևերով ու մեթոդներով պատժում են, պարտադրում են վճարել, բայց երբ այդ նույն հարկատուների գումարներն այսպես անխնա վատնում են, պատասխան տվող չկա։ Նիկոլ Փաշինյանը բավարարվում է ասելով՝ «ձախողված պրոյեկտ» է, չնայած դրա հետևում միլիոնավոր դոլարներ են։

Ու դեռ ուզում են, որ այսքանից հետո մարդիկ վստահեն իրենց և պարտաճանաչ վճարեն հարկերը, որպեսզի տանեն սնուփ դոգերին տան, հիմնադրամներ ստեղծեն-լուծարեն, քեֆ-ուրախություններ կազմակերպեն, փառատոներ ու ֆեստիվառներ ֆինանսավորեն, պետության հաշվին արտասահմաններում անիմաստ շրջագայեն ու ցույց տան, թե իբր գործ են անում։ Արած գործերն էլ տեսնում ենք՝ ինչպես են անում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *