Ինչի մասին են խոսում ՄԱԿ-ում

Հայաստանի ներկայացուցիչները ՄԱԿ-ում ամենատարբեր հանդիպումներ են ունենում ու մեսիջներ հղում։ Ու ի տարբերություն այլ պետությունների ներկայացուցիչների՝ մերոնք մի տեսակ «խղճուկ» են ու ավելի շատ «կոմանդիրովկայի» մեջ, քան աշխարհի թիվ մեկ ամբիոնում՝ հարցեր լուծելու համար։ Օրինակ Արարատ Միրզոյանն իր տարբեր հանդիպումներում ավելի շատ «խաղաղության մուրացիկի» է նման, ներկայացնում է իրենց կարծիքով Հայաստանի դիրքորոշումը, որը չգիտես ինչու միայն Ադրբեջանի պահանջները բավարարելով «խաղաղության պայմանագրի կնքման» մասին է։
Փաշինյանն էլ է հանդիպումներ ունենում։ Օրինակ Կիպրոսի նախագահի հետ հանդիպման ժամանակ, հետաքրքիր է, հետաքրքրվել է այդ երկրի պաշտոնական դիրքորոշման հարցով, որը նույնպես, ինչպես Հայաստանը, ունի օկուպացված տարածքներ։ Դա չենք էլ իմանա, բայց փոխարենը պաշտոնական մամուլի հաղորդագրությունն «ավետում» է, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ հանդիպմանը Փաշինյանն ասել է, թե «Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, սակայն հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա»։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպմանն էլ մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնման մասին ու անպայմանորեն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին՝ հիշատակելով Ալմա Աթայի հռչակագիրը՝ որպես հիմք ընդունելը։


Իսկ «Սինթետիկ թմրամիջոցների վտանգների հասցեագրման գլոբալ կոալիցիա» խորագրով գագաթնաժողովին մասնակցելուց հետո Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Էրդողանին։ Խորհրդանշական է, որ հանդիպումը տեղի է ունեցել «Թուրքիայի տանը», որը ներքաշված է եղել կոռուպցիոն սկանդալում։ Ու մինչ իշխանամետ քարոզիչները սկսել էին թմբկահարել, թե «ՄԱԿ-ում» է տեղի ունեցել հանդիպումը, հերթական սուտը դուրս եկավ ջրի երես։
Այս հանդիպումը կարևոր է նաև նրանով, որ Փաշինյանը շատ հետաքրքիր գիրք է նվեր ստացել՝ «արդար աշխարհի» մասին, որը հենց Էրդողանն է հեղինակել։ Հետաքրքիր է, այդ «արդար» աշխարհը ո՞րն է։ Այն, որտեղ Հայաստան ու Արցախ չկա՞ն։
Հ.Գ. Հայաստանի քաղաքական և հանրային շրջանակները դեռ երկար են փորձելու հասկանալ, թե ինչ սիմվոլիզմներ կան այս հանդիպման ընթացքում, ինչն էլ անում են այն պահից սկսած, ինչ հրապարակվել է լղոզված լուսանկարը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *