Հայկական պատվախնդրության/նվաստացման հակաֆենոմենը

Ճգնաժամը, որում ապրում է Հայաստանը՝ որպես պետություն ու պետականություն, բազմաթիվ քաղաքական, աշխարհաքաղաքական գործոններից բացի, պայմանավորված է նաև մեր հասարակության անհատական ու հանրային վարքագծային մոդելների տարբերությամբ։

Անձնային մակարդակում հայերին ներհատուկ շատ հատկանիշներ ուղղակի հակոտնյա են որպես պետություն Հայաստանը բնորոշող որակներին, և հակառակը՝ երևույթները, որոնք արտահայտվում են համապետական հարթությունում, ուղղակի խորթ են անհատական տիրույթում դրսևորվող հայ մարդու մոդելի հետ։

Անհատ հայը և պետական հայը հակասական են, անհամատեղելի ու փոխբացառող։ Դրա լավագույն օրինակները թաքնված են անհատական, կենցաղային մակարդակում հայերի անհանդուրժողականության և հանրային, պետական հարթությունում հանդուրժողականության հակասականության մեջ։

Գինովցած հարազատի հայհոյանքն անգամ հաճախ բավարար է պատմությունն արյունահեղությամբ ավարտելու համար։

Անհատական դերային մոդելներում հայը նաև սեփականատեր է ու ինքնիշխան։

Հարևանի հետ վիճելի խորդանոցի ու ավտոտնակի տարածքից մինչև ունեցվածքի վերջին կոպեկ նա պաշտպանում է՝ որպես սրբազան մասունք, ու նախանձախնդիր է իր ունեցածն ինքնուրույն տնօրինելու, միանձնյա որոշումներ կայացնելու հարցում։

Այդ նույն հայն անհատական մակարդակում արժանապատիվ է նաև նախնիների հիշատակի հարգման, սրբությունների անձեռնմխելիության և ոչ նյութական այլ արժեքների պաշտպանության հարցում։

Այս և բազմաթիվ այլ իրավիճակներ վկայում են ընդհանուր առմամբ անհատական հայի պատվախնդրության մասին։ Պատկերը, սակայն, միանգամայն այլ է, երբ բովանդակությամբ, իմաստով նույնական երևույթները դրսևորվում են այլ՝ համապետական մակարդակում։

«Իմ հետ ըլնողի» ասելով՝ իրեն հայհոյողին սպանելու պատրաստ հայն անհաղորդ է, երբ իրեն անարգում են ոչ թե՝ որպես անձի, այլ՝ որպես ազգի ներկայացուցչի։ Նա լեթարգիական անտարբերությամբ լսում է իրեն ներկայացնող ղեկավարի հասցեին իր ազգակիցներին սպանած երկրի սուլթանի հայհոյանքները ու վայելում «նամուսով հայի» ինքնախաբկանքը։

Չափարի միլիմետրն ատամներով պաշտպանողն ու չափարի գույնի ընտրությունն իր բնական իրավունքը համարող հայը մեծ հաշվով թքած ունի Արցախի տարածքների ամբողջական ու Հայաստանի տարածքների մասնակի կորստի վրա։

Ինչպես որ անտարբեր է իր իսկ երկրի մասին այլ, այդ թվում՝ թշնամական մայրաքաղաքներում որոշումների կայացման իրողության նկատմամբ։

Սեփական նախնիների հիշատակն անգամ վերբալ կերպով անարգողի փորը թափելու պատրաստ հայը կարող է հերթ կանգնել լուսանկարվելու համար բարձրակոտոշ պաշտոնյայի հետ, ով հաղթանակ է որակում իր ու իր ազգակիցների նախնիների գերեզմանի պղծումը հնարավոր դարձրած որոշումը։

Ինչպես որ հանդուրժում է իրեն ներկայացնող գլխավորի սատանայական ծիծաղը՝ իր նախնիների կոտորածը մերժողի ու երեխաների սերնդակիցներին կոտորողին աջակցողի հետ երջանիկ լուսանկարում։

Նույնը՝ նաև սեփականության, ինքնիշխանության հարցում։

Հայկական իրականության ամենամեծ դիսոնանսը գտնվում է անհատական պատվախնդրության ու պետական պատվազրկման տիրույթում։ Նույն այս տիրույթում պետք է փնտրել նաև կայացած, հաջողակ հայ անհատներ և ձախողված պետություն ունենալու (հակա)ֆենոմենը:

Հարություն Ավետիսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *