Փաշինյանն Էրդողանին հայ-ադրբեջանական միջնո՞րդ է դարձնում

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպումները կարծես առանցքային փուլ են խոստանում Հայաստանի շուրջ ծավալվող ռեգիոնալ զարգացումների կոնտեքստում։

Օրերս Նյու Յորքում գտնվող «Թուրքական տուն» կոչվող թուրքական ներկայացուցչությունում կայացավ աղմկահարույց Փաշինյան-Էրդողան հանդիպումը։ Հանդիպման լուսանկարները համացանցում լայնորեն քննարկվեցին, ի դեպ, քննարկվեց՝ ինչպես Փաշինյանի կողմից Էրդողանի «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը կրծքին սեղմելն ու լայնաբերան ծիծաղը, այլև՝ հանդիպման արարողակարգային մի շարք դետալներ։ Սակայն, ինչպես և կարելի էր ենթադրել հանդիպումից հետո ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, այս հանդիպումն ունեցել է նաև բովանդակային լրջագույն նշանակություն։ Թուրքական Daily Sabah պարբերականի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Նյու Յորքի թուրքական տանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, թե «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Թուրքիան օժանդակի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը, որպեսզի նրանք կարողանան խաղաղ գոյակցել՝ որպես երկու հարևան»։

«Սա այն է, ինչին մենք ձգտում ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ Անկարան հույս ունի լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները, «քանի որ երկու կողմերն էլ հանդես են գալիս խաղաղության օգտին»։

Էրդողանը նշել է, որ «երկու երկրների միջև խաղաղությունը դուռ կբացի նոր հնարավորությունների և ձեռքբերումների համար, և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես համապատասխան առաջընթաց կունենա»։

Հատկանշական է, որ ՀՀ կառավարությունը Փաշինյան-Էրդողան հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունում պարզ դիվանագիտական ձևակերպում էր արել՝ ակնարկելով Երևան-Բաքու գործընթացում Թուրքիայի դերը ճանաչելու մասին

«Վարչապետ Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին»:

Սակայն, դատելով Էրդողանի խոսքերից, Փաշինյանն ավելին է արել՝ խնդրել է թուրքական պետության ղեկավարին միջնորդել Ադրբեջանի հետ իբրև թե խաղաղություն հաստատելու հարցում, այն թուրքական պետության, որը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մեկնարկած ողբերգական պատերազմի մասնակից է եղել։ Հենց Էրդողանը վերջերս ընդունեց, որ Թուրքիան ներխուժել է Արցախ 2020 թվականին, ինչը դարձավ Ադրբեջանի դժգոհության պատճառ։ Սա, իհարկե, միջնորդության աննախադեպ ձևաչափ է, երբ երկիրը թշնամի երկրի հետ բանակցությունները միջնորդելու համար հրավիրում է ոչ թե չեզոք միջնորդի, այլ մյուս հակառակորդ երկրին։ Կարելի էր խիստ զարմանալ, եթե հեղինակը չլիներ Նիկոլ Փաշինյանը։ Մերժել, օրինակ, Ռուսաստանի միջնորդությունը, բերել ինչ-ինչ պատճառներ, այդ թվում՝ ՌԴ ԱԳ նախարարի սաբոտաժի մասին աղմկոտ հայտարարությունը՝ որպես պատճառ, ու բանակցային սեղան հրավիրել Թուրքիային, սա Փաշինյանին բնորոշ և իր արտաքին քաղաքական գծին հոգեհարազատ մոտեցում է։

Եվ ուշագրավն այն է, որ Արևմուտքը միանում է այս առաջարկի քարոզչությանը։ X-ի իր էջում Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե Թուրքիան կարևոր միջնորդ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում՝ նշելով, որ Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղությանը։

Հաքան Ֆիդանն ու Անալենա Բերբոքն, ըստ հաղորդման, այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են քննարկել։ Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ կայացած Միրզոյան-Բլինքեն-Բայրամով ապարդյուն հանդիպումը, այսինքն՝ ամերիկյան միջնորդության հերթական տապալված փորձը ևս ցույց է տալիս, որ թուրքական միջնորդությունն ամենևին չի բացառվում, և սա Արևմուտքի համար, թերևս, լավագույն տարբերակն է։

«Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ»,- ասված էր ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում հանդիպումից հետո։

Եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Արևմուտքը դեմ չէ, որպեսզի Թուրքիան միջնորդական որոշակի առաքելություն ստանձնի՝ ունենալով ռեգիոնում էական ազդեցություն։

Նրա կարծիքով, Թուրքիան ընդունելի է Արևմուտքի համար նաև այն պատճառով, որ, եթե դա անի Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, ապա, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանն ու Իրանը հակամարտության կարգավորման հարցերով չեն զբաղվի, չի զբաղվի նաև Արևմուտքը, որն ակտիվացել է ռեգիոնում, սակայն չունի այն լծակներն ու ռեսուրսները՝ հատկապես ներկայումս այդ հակամարտությամբ ինտենսիվորեն զբաղվելու համար։

«Եռակողմ հանդիպումը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք այս փուլում չի հաջողվում կարգավորել, չի հաջողվում կողմերի մոտեցումները մոտեցնել նաև ԱՄՆ-ին, ուստի, եթե ՀՀ-ի համար Թուրքիան ընդունելի տարբերակ է, կարծում եմ, մեծամասամբ Արևմուտքը դրան կողմ է՝ ի տարբերություն Ռուսաստանի ու Իրանի։ Արևմուտքն ի սկզբանե ցանկանում էր, որպեսզի կողմերն ուղիղ ձևաչափով բանակցություններով լուծեն իրար միջև եղած հարցերը, դա չհաջողվեց, որի հետևանքով ստիպված եղան տարբեր կոմբինացիաներ խաղարկել Արևմուտքի մասնակցությամբ վերջնական հանգուցալուծման համար, որը ներկայումս մոտ է թվում, սակայն խնդիրներ դեռ կան»,- ասաց նա։

Հարցին, թե որքանո՞վ Թուրքիան կարող է անաչառ միջնորդ լինել, Ստյուարտը պատասխանեց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչպես է դրսևորվելու այդ աշխատանքը։

Նրա խոսքով, չի բացառվում, որ սա դասական միջնորդություն չի լինելու, այլ որոշակի հարցերի շուրջ։ «Գնահատելու համար ողջ գործընթացը պետք է լավ պատկերացնել»,- ասաց նա։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ սա իր համար զարմանալի զարգացում չէ այս փուլում, թեև 10 տարի առաջ նման բան պատկերացնելն աբսուրդի ժանրից կլիներ։

Նրա խոսքով՝ պատերազմից անմիջապես հետո ՀՀ իշխանությունները ցանկանում էին արագ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և այնպես անել, որպեսզի Թուրքիան ի օգուտ ՀՀ-ի ազդեցություն ունենա Ադրբեջանի նկատմամբ, ինչը մեծ միամտություն էր։

Նա նշեց, որ դա չհաջողվեց, քանի որ Թուրքիան չկարգավորեց հարաբերությունները, չբացեց սահմանը, հայտարարեց, որ այն բացելու է միայն Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, ուստի ՀՀ իշխանությունները որոշեցին ուղիղ դիմել՝ անկախ այն հանգամանքից, որ կողմերի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ և կա անվստահություն Թուրքիայի նկատմամբ որպես միջնորդ ՀՀ հասարակության շրջանում։

«Եվ հիշեցնեմ, որ վերջերս հենց ՌԴ նախագահը մեկնեց Ադրբեջան ու առաջարկեց իր միջնորդությունը, դա առաջարկեց նաև Փաշինյանին, սակայն այն կարծես մերժվեց։ Չհաջողվեցին նաև նախարարների վերջին բանակցությունները Նյու Յորքում և, բնականաբար, Արևմուտքում կցանկանան, որպեսզի այդ տարբերակը հաջողի, սա նաև Արևմուտքին կազատի պատասխանատվության սեփական բաժնից»,- ասաց նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *