Գազի սակագնի մեջ 50 մլն դոլար գողացել են ժողովրդի գրպանից

Երկու տարուց ավելի է, ինչ դոլարը Հայաստանում էժանացել է։ Էժանացել է ավելի քան 20 տոկոսով։

Շատերի մոտ բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ սա չի հանգեցնում գազի սակագնի նվազեցման։ Չէ՞ որ գազի սակագինն ուղիղ կապ ունի դոլարի փոխարժեքի հետ։ Երբ դոլարը թանկանում էր՝ սակագները բարձրանում էին։ Երկու տարուց ավելի է, դոլարն էժանացել է, սակայն գազը չի էժանանում։

Խոսքը, իհարկե, բոլոր սպառողներին չի վերաբերում։ Վերաբերում է միայն բնակչությանը։

Բնակչությանը վաճառվող գազի սակագինն է դրամով, ու դոլարի այսքան էժանացումը պետք է հանգեցներ բնակչության սակագնի նվազեցման։Խնդիրն այն է, որ բնակչությանը մատակարարվող գազի սակագնի հաշվարկի հիմքում դրված է դոլարի 480 դրամ փոխարժեքը։ Երկու տարուց ավելի է, դոլարի փոխարժեքը դրանից անհամեմատ ցածր է՝ տատանվում է 380-390 դրամի սահմաններում. 90-100 դրամով պակաս, քան դրված է գազի սակագնի հաշվարկի հիմքում։

Սա լուրջ նախադրյալ է՝ բնակչությանը վաճառվող գազի սակագինը նվազեցնելու համար։

Խոշոր սպառողներին այն չի վերաբերում, որովհետև խոշոր սպառողների համար գազի սակագինը հաշվարկված է դոլարով, ու դոլարի էժանացումը որևէ ազդեցություն չի ունենում դրանց սակագների վրա։

Փոխարենը՝ բնակչությանը վաճառվող գազի սակագինը պիտի իջեցնեին։ Բայց պայմանավորված չեն իջեցրել։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, կառավարության հետ ձեռք ձեռքի տված՝ չի իջեցրել բնակչությանը վաճառվող գազի սակագինը։ Թողել է, որպեսզի բնակչությունը շարունակի գազի համար թանկ վճարել։ Անհամեմատ ավելի շատ, քան պիտի վճարեր, եթե դոլարի էժանացման ազդեցությունը հաշվի առնեին ու նվազեցնեին սակագները։

Սակագները չեն նվազեցրել, որովհետև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկել է կառավարությանը ստեղծել 20 մլրդ դրամի հասնող, այսպես կոչված՝ «անվտանգության բարձիկ»։ Այս մասին Ազգային ժողովում տեղի ունեցած «էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։

ՀԾԿՀ-ն առաջարկել է, կառավարությունն էլ լռելյայն համաձայնել է։ Բնակչության հաշվին իրենց համար «անվտանգության բարձիկ» են ստեղծել։

Խոսքն ավելի քան 50 մլն դոլարի մասին է։ Այդ գումարը, բնակչությանը վաճառվող գազի սակագինը չնվազեցնելու արդյունքում, հանել են բնակչության գրպանից։

Մի պահ պատկերացրեք, թե ինչ կաներ Նիկոլ Փաշինյանը, եթե սա նախկին իշխանությունների ժամանակ լիներ։ Կգոռար՝ հասե՛ք, փրկե՛ք, ժողովրդին թալանում են, կոտորում են, դատարկում են մարդկանց գրպանները, սովի ու ցրտի են մատնում, ժողովրդի հաշվին իրենց գրպաններն են լցնում։

Ո՞ւր է հիմա Նիկոլ Փաշինյանը, երբ թալանում ու դատարկում են մարդկանց գրպանները։

Լուռ են նաև հայտնի ու անհայտ աղբյուրներից սնվող հասարակական կազմակերպությունները, որոնք նախկինում ամեն մանրուք դարձնում էին մեծ ողբերգություն, ո՞ւր են սպառողների իրավունքների, այսպես կոչված՝ պաշտպանները, ովքեր ժամանակին, սակագները 1-2 դրամով ավելացնելուց՝ վայնասուն էին բարձրացնում, պիկետներ էին անում, բողոքում էին, աղմկում։ Վաղուց նրանց ձայնն էլ լսելի չէ։ Թեպետ հարցը, թե ինչո՞ւ չեն նվազեցրել ու շարունակում են չնվազեցնել բնակչությանը վաճառվող գազի սակագինը, երկու տարուց ավելի է՝ մնում է օդում կախված։

Հիշո՞ւմ եք, թե ժամանակին ինչեր էին ասում, երբ նոր էր սկսվել դոլարի էժանացումը ու դեռ չէր հասցրել նույնիսկ այնքան էժանանալ, որքան էժանացավ հետո։

«Եթե պարզվի, որ փոխարժեքը կայունանում է հենց էս միջակայքում, հնարավո՞ր է արդյոք, որ էլեկտրաէներգիայի և գազի սակագների հարցում վերանայման հնարավորություն լինի, որովհետև իրենց հաշվարկների մեջ բավական մեծ դեր ունի հենց փոխարժեքը»,- Ազգային ժողովում հարց էր բարձրացնում իշխանությունը ներկայացնող պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավաստիացնում էր, թե սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, և դրամի արժևորումը, բնականաբար, պետք է հաշվի առնվի։

Այդ ժամանակ դոլարի փոխարժեքը դեռ 430-435 դրամի սահմաններում էր։ Հետո ավելի շատ իջավ, և արդեն երկու տարի է, ինչ տատանվում է 380-390 դրամի սահմաններում, իսկ այս մարդիկ վաղուց մոռացել են, թե ինչ էին ասում ժամանակին։

Միշտ էլ կարելի է հազար ու մի պատճառաբանություն բերել, թե ինչո՞ւ չեն նվազեցրել բնակչությանը վաճառվող գազի սակագինը։ Բայց դա չի կարող արդարացում լինել, հատկապես, երբ բազմաթիվ են այն սպառողները, ովքեր վճարման խնդիր ունեն ու չեն կարող իրենց նման շռայություններ թույլ տալ՝ վճարել ավելի շատ, քան պիտի վճարեին, ինչ է թե՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու կառավարությունը որոշել են ժողովրդի գրպանի հաշվին փող հավաքել՝ ուրիշներին լավություն անելու համար։

Բնակչության հաշվին շրջանառու միջոցներ են կուտակել ու կուտակում, որպեսզի ենթակառուցվածքներ ստեղծեն։ Գումարի մի մասով էլ պատրաստվում են ժամանակից շուտ փակել ատոմակայանի վարկերը։

Ի՞նչ կապ ունեն ատոմակայանի վարկերը բնակչության գազի սակագնից գոյացող հավելյալ գումարների հետ, հասկանալի չէ։ Բայց այդպես են որոշել, այդպես են արել։ Թող ժողովուրդն ինչքան ուզում է տառապի՝ հանրային ծառայությունների, այդ թվում՝ գազի բարձր սակագներից։

Հիշեցնենք, որ բնակչության հիմնական մասի համար գազի սակագինը՝ սկսած 2022թ. ապրիլի 1-ից, 143,7 հազար դրամ է՝ 1000  խորանարդի համար։

Դա համընկնում է հենց այն ժամանակաշրջանի հետ, երբ սկսվեց դոլարի էժանացումը՝ հիմքեր ստեղծելով բնակչությանը վաճառվող գազի սակագնի նվազեցման համար։

Հիմքերը վաղուց կան, իսկ իշխանությունները որոշել են ոչ թե սակագները նվազեցնել, այլ դրա վրա փող աշխատել՝ ժողովրդի գրպանի հաշվին։

Անցած տարի բնակչությունն օգտագործված գազի համար վճարել է ավելի քան 265 մլրդ դրամ։ Եթե դոլարի էժանացման արդյունքում 4-5 տոկոսով կամ 6-7 դրամով իջեցնեին գազի սակագինը, բնակչությունն առնվազն 25 մլն դոլարով ավելի քիչ կվճարեր, քան վճարել է ու այսօր էլ շարունակում է նույն կերպ վճարել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *