«Էրդողանի կողմից պայման է եղել, Նիկոլ Փաշինյանի կողմից՝ ընդունվել». Մհեր Աբրահամյան

«Ռիա Նովոստիի» փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ Նյու Յորքում կայացած ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից վերադառնալիս, ինքնաթիռում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասել է, որ Երևանն Անկարային խնդրել է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Թուրքիան ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ:«Եթե դիտարկենք հարգելի Փաշինյանի մոտեցումները, ապա բացասական միտում չենք տեսնում։ Նրանք մեզանից՝ Թուրքիայից, ակնկալում են աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում, բարիդրացիություն հաստատելու հարցում։ Մենք էլ այդ նպատակն ենք հետապնդում և ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Ադրբեջանը ևս խաղաղություն է ցանկանում։

Թուրքագետ Մհեր Աբրահամյանի համար հարց է՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն է նման առաջարկ արել Էրդողանին, թե՞ պարզապես Նիկոլ Փաշինյանը կրկնում է այն պայմանները, որոնք նրա առջև դրել է Էրդողանը, որ հենց նա պետք է դառնա հայ-ադրբեջանական հարաբերությունների միջնորդը։«Եթե մենք նայենք արցախյան հակամարտության ամբողջ պատմությունը, ապա կտեսնենք, որ ողջ 30 տարիների ընթացքում Թուրքիան առանց դրական որևէ ելքի ձգտել է դառնալ միջնորդ այս հիմնախնդրի մեջ։ Այսօր ստեղծվել է մի այսպիսի իրավիճակ, որ Թուրքիան ոչ միայն Մինսկի խմբում է դառնում չորրորդ երկիրը, այլև առհասարակ դառնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների միակ միջնորդը։Այսինքն՝ այսօրվա իշխանությունն ամեն ինչ հասցրեց այն աստիճանի, որ միջնորդ է դառնում միայն Թուրքիան։ Այնպես որ, կարծում եմ՝ սա Էրդողանի կողմից պայման է եղել, որը Նիկոլ Փաշինյանի կողմից ընդունվել է, ինչից հետո Էրդողանն այս պայմանն ի ցույց է դրել, թե իբր Հայաստանն է առաջարկում ստանձնել միջնորդի դեր»,- 168.am հետ զրույցում նշեց Մհեր Աբրահամյանը։

Թուրքագետի բնորոշմամբ՝ այս ամենը դիվանագիտական առումով Հայաստանի համար ողբերգություն է, քանի որ Թուրքիայի կողմից անաչառ միջնորդություն ակնկալելը նույնն է, որ ակնկալես, թե Հայաստանը վաղը դառնալու է արբանյակ արտադրող երկիր։

Ինչ վերաբերում է իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, նրան առաջարկել, որպեսզի Պոլսի Հայոց Պատրիարքին խնդրի՝ միջնորդի Էրդողանին, նրան ներգրավի Բաքվից հայ գերիների վերադարձի հարցում, Մհեր Աբրահամյանը նկատեց՝ կարծում է, որ  ՀՀ օրվա իշխանությունն ամեն ինչ գիտակցելով է անում, քանի որ այն քաղաքականությունը, որը վարում է 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո, ամբողջությամբ ուղղված է թուրքամետ քաղաքականությանը։

«Արդեն ակնհայտ է, որ ՀՀ օրվա իշխանությունը ոչ թե փորձում է ինչ-որ միջոցներ գտնել ՀՀ վիճակը բարելավելու համար, այլ Հայաստանում հստակ իրականացնում է այն քաղաքականությունը, որը պարտադրվում է Թուրքիայի կողմից։ Կարծում եմ՝ այս պարտադրված քաղաքականությունը նաև նրանց մեջ որոշակի ուրախություն է առաջացրել, ուստի նման ուրախությամբ իրականացնում են դեպի Թուրքիա ուղղված քաղաքականություն»,- հավելեց մեր զրուցակիցը։

Մհեր Աբրահամյանը վստահ է՝ հայ-ադրբեջանական բանակցությունների համար լավագույն հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակն է, որտեղ ներկա են երեք խոշոր երկրներ՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ և Ֆրանսիա։

«Սակայն այսօր Ադրբեջանը հրաժարվում է ընդունել Մինսկի խումբը, ՀՀ իշխանությունն էլ կարծես դեմ չէ, որ նրա պահանջը կատարվի, այն է՝ լուծարվի խումբը։ Այս պայմաններում Հայաստանն առաջին հերթին պետք է հասկանա, թե ինչպիսի դիվանագիտություն է ընտրում այս հարցի լուծման համար, դիվանագիտություն ընտրելուց հետո նոր միայն պետք է հասկանա, թե ինչպիսի հարթակներում պետք է հարցը քննարկի՝ ռուսակա՞ն, արևմտյա՞ն, թե՞ մեկ այլ։

Այսօր մեզ պետք է լուրջ դիվանագիտություն, որպեսզի մենք կարողանանք որոշակի փոփոխություններ մտցնել այս ողբալի իրավիճակում, որում գտնվում է  դիվանագիտությունն ու երկրի արտաքին քաղաքականությունը։ Իսկ լուրջ դիվանագիտություն ու փոփոխություն անելը հնարավոր կլինի միայն ու միայն այն պարագայում, երբ այս իշխանությունը հեռանա և ձևավորվի նոր իշխանություն։

Դիվանագիտության մեջ էլ կան հարձակվողներ, և այդ հարձակվողներից մեկին ՀՀ իշխանությունը դարձնում է միջնորդ, որպեսզի, կոպիտ ասած՝ իրեն «բարիշացնի» մյուս հարձակվողի հետ. սա ոչ թե դիվանագիտություն է, այլ ողբերգություն»,- եզրափակեց Մհեր Աբրահամյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *