Սյունիքի մարզի Տեղ համայնքում բնակիչները գյուղատնտեսական աշխատանքների մի մասն ավարտել են, բարեբախտաբար, այս անգամ՝ առանց թշնամու կողմից կրակոցների ու սադրանքների։ Թշնամու այս «լռությունը», Տեղ համայնքի բնակիչ Արարատ Շեգունցի խոսքով՝ դեռ չի նշանակում, որ վաղը կամ մյուս օրը թշնամին չի կրակելու։
«Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ որոշ ժամանակ հետո չի կրակելու, այնպես որ՝ այս «լռությունը» մեզ համար դեռ խաղաղություն չէ։ Ամեն դեպքում կարողացել ենք մեր գյուղատնտեսական աշխատանքների մի մասն անել, այն տարածքները, որոնք նվիրեցին թշնամուն, այդպես մնում են նրանց հսկողության տակ, իսկ մեր տարածքում եղած դաշտերի բերքը հավաքել ենք»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Արարատ Շեգունցը։
Տեղի բնակիչը, ով ամեն օր տեսնում է, թե ինչպես է թշնամին ամրանում իր կողմից օկուպացված հայկական տարածքներում, վստահ է՝ թշնամին այդ տարածքները չի ազատելու, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե պատերազմով այդ տարածքները հետ չի բերի, այլ կօգտագործի դիվանագիտությունը։
«Չեմ հասկանում, շա՞տ խելացի պետք է լինես, որ հասկանաս՝ թշնամին այդ տարածքները հազիվ է վերցրել ու չի ազատելու, քանի դեռ ՀՀ-ում իշխանությունը նման քաղաքականություն է վարում և ունի նման դիրքորոշում։
Մոռացե՛ք։ Աադրբեջանցիներն իրենց գրաված տարածքում ամրաշինական աշխատանքներ են կատարում, իրենց պոստերն ամբողջությամբ ամրացրել են։ Դե, մերոնք էլ են «ուժեղ» ամրացնում, խրամատ չկա, որ զինվորը մեջը մտնի։ Մեկ-մեկ մեր պոստեր ենք մտնում, ուղղակի այնտեղ կանգնած տղաներին խղճում ենք։
Կրկնում եմ՝ անհնար է, որ թշնամին հետ քաշվի, որ հետ քաշվեց, իրենց դիրքերն արդեն ներքևում են հայտնվելու, դրա համար չեն գնա»,- հավելեց նա։
Նրա խոսքով՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հայկական տարածքները՝ Արցախով, իշխանությունը նվիրեց թշնամուն, իսկ թե առաջիկայում էլ ինչ կնվիրի՝ ժամանակը ցույց կտա։
«Ամեն օր Փաշինյանը խաղաղության պայմանագրի մասին է խոսում, դե, ժողովուրդը հիմար չէ, բոլորն էլ ասում են՝ ի՞նչ խաղաղության մասին է խոսում, երբ Ալիևը ամեն օր մատն է թափ տալիս, սպառնում։ Ու այսքանից հետո սա այստեղից ասում է, թե՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր եմ կնքում։ Սա մեզ քիչ էր, հիմա էլ Էրդողանի հետ է ծաղրածու խաղում, գիրք նվեր ստանում, ուրախանում։ Թուրքից գիրք է վերցնում ու դրանով ուրախանում։ Հերթական անգամ համոզվեցինք, որ Հայաստանը ղեկավար չունի, այս ժողովուրդը չունի ղեկավար, առանց ղեկավարի ենք, դրա համար այս օրին ենք»,- եզրափակեց Արարատ Շեգունցը։