Փարիզն ինձանից 4 տարվա կյանք տարավ․ ստացա անդուր հիվանդություն․ Անդրեյ Շուգարով

Նկարիչը նա չէ, ով ոգեշնչվում է, այլ նա է, ով ոգեշնչում է։ Նման կարծիք ժամանակին հայտնել է Սալվադոր Դալին։ Իսկ թե ի՞նչ է այդ մասին մտածում գեղանկարիչ Անդրեյ Շուգարովը՝ պարզել ենք զրույցի ընթացքում։

– Պարոն Շուգարով, կիսո՞ւմ եք Դալիի կարծիքը։

– Անշուշտ, կիսում եմ, եզրակացությունը ճիշտ է։ Դալին հանճարեղ նկարիչ է, ֆանտազիան անսահմանափակ է, և իր այդ կարծիքը ճիշտ է։

– Երբ դեռ պրոֆեսիոնալ նկարիչ չէիք դարձել, ո՞ր նկարիչներն էին ոգեշնչում Ձեզ։– Իմպրեսիոնիզմն էր շատ ոգեշնչում։ Պայծառ ու հետաքրքիր արվեստ է։ Սիրում եմ Վերածննդի արվեստը։ Մանկուց եղել եմ արտերկրում, այցելել շատ թանգարաններ ու երևի ավելի շատ ազդվել եմ իմպրեսիոնիզմից՝ Մոնե, Սիսլեյ։

– Ինչպիսի՞ն պետք է լինի իրական նկարիչը։

– Չկա ընդհանուր բնութագիր։ Նկարիչները տարբեր մարդիկ են, շատ անհատական է։ Էդուարդ Իսաբեկյանը կամ Ռուբեն Ադալյանը հրաշալի նկարիչներ էին, հետաքրքիր մարդիկ։ Իսաբեկյանն իմ ուսուցիչն էր, մեր տարիքային տարբերությունը շատ մեծ էր, բայց Գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո ընկերներ էինք դարձել։

– Լրագրողների դեպքում՝ կան սկզբունքներ, գործառույթներ, որոնց պետք է հետևեն։ Իսկ նկարիչների դեպքո՞ւմ։ Ի՞նչ չպետք է անի իսկական նկարիչը։

– Նկարիչների համար նման բաներ չկան։ Վատություն չանի մարդկանց՝ այդքանը հերիք է։ Հիմա ես նկարիչ եմ, Նկարիչների միության անդամ։ Հիմա թե ինչպիսի՞ն եմ, դե, այդպիսին եմ։

– Սկսել եք նկարել 6 տարեկանիցտատիկի օգնությամբ շուն, իսկ հետո ձիեր եք նկարել։ Եթե հասուն լինեիք՝ կասեի՝ շարժվել եք «Ինչքան ճանաչում եմ մարդկանց, այնքան սիրում եմ կենդանիներին» հայտնի արտահայտությամբ։ Փոքր տարիքում ինչպե՞ս էին Ձեր հետաքրքրությունը շարժել կենդանիները։

– Չգիտեմ, ճիշտն ասած, չեմ էլ հիշում։ Ուղղակի կենդանիներ էի սիրում, սկսեցի նկարել, իսկ հետագայում սկսեցի ձիեր նկարել, որոնք իմ թթվածինն են։ Դրանով շատ լավ փող էի աշխատում Ֆրանսիայում։ Ձիերի շարքն ինձ թույլ տվեց, որ 4 տարի Փարիզում նորմալ ապրեմ։

– Այսինքն, մեկ անգամ նկարեցիք, տեսաք՝ հետաքրքրում է, շարունակեցի՞ք։

– Չէ։ Այնտեղի ցուցասրահները շատ բազմազան են։ Երբ գնացի Փարիզ՝ ձիերի մի քանի պատկեր ունեի, ու պատկերասրահի սեփականատերն ասաց, որ իրեն ձիերի պատկերներ են պետք։ Շատ հետաքրքիր էր այդ ամենը։ Ես գնացի նաև Փարիզից դուրս, որտեղ ձիեր էին պահում, նայեցի, նկարեցի։ Այնպես չէ, որ մենակ ձի էի նկարում, բայց այդ կենդանիներն ունեն իրենց տեղն իմ արվեստում։ Եվ, այո՛, ինձ այդ նկարների շնորհիվ են շատ ճանաչում։

– Հայաստանի ցուցասրահները նկարներ պատվիրո՞ւմ են։

– Չեն պատվիրում։ Մարդիկ են գալիս, գնում նվերի կամ իրենց համար։

– Փարիզն ի՞նչ տվեց ու ի՞նչ վերցրեց Ձեզանից։

– Փարիզն ինձանից 4 տարվա կյանք տարավ․ ստացա անդուր հիվանդություն՝ պոդագրա, բայց շատ բան տեսա՝ թանգարանների առումով, որովհետև Փարիզը, իրոք, թանգարանային քաղաք է։ Տեսնելը շատ կարևոր է։

– Հիմա ամեն նկարիչ չունի նման հնարավորություն։

– Ինչո՞ւ չունեն։ Արվեստանոց կա, նկարիչները կարող են վճարել և գնալ-ապրել։ Կուզեի, որ Հայաստանում էլ թանգարանները շատ լինեին։ Արվեստի մթնոլորտ կա Փարիզում։ Չեմ կարող ասել, որ նկարիչներն այնտեղ ապահովված են, բայց վաճառքի դաշտ ունեն, որը շատ կարևոր է։

– Մեզ մոտ ցուցահանդեսների գալիս են հիմնականում տվյալ նկարչի ծանոթները, հարազատները ու մի 10 հոգի անծանոթ։ Այս առումով ի՞նչ փոփոխություն է պետք անել։

– Ճիշտ եք։ Դրա համար, եթե պատկերասրահները շատանան, ու ամեն ցուցասրահ գտնի իր նկարչին՝ լավ կլինի։ Փարիզում դա կա, սակայն դժվար է քո պատկերասրահը գտնելը։

– Փարիզում ովքե՞ր էին նկարներ գնում։

– Տարբեր մարդիկ, անգամ «բոմժերը»։ Մի «բոմժ» անգամ ինձանից նկար գնեց։ Ազգությամբ ռուս էր, «Le Figaro» թերթում աշխատել էր, հետո ուզել էր դառնալ «բոմժ»։ Մի օր եկավ, ընտրեց նկարն ու ասաց, որ ցանկանում է գնել։ Ասացի՝ վերցրու, գնա, թե բա՝ չէ, գնելու եմ։ Գինը հարցրեց՝ պատասխանեցի, որ 10 եվրո է։ Գնաց, մեկ շաբաթ հետո վերադարձավ, գումարը տվեց ու գնեց։

– Հայաստանում նկարները թանկ են վաճառում, և մարդկանց գրպանին հասանելի չէ։

– Դե, դա ապրելակերպից է գալիս։ Մարդիկ կան, որ աշխատավարձով են ապրում, իհարկե, նկար չեն կարող գնել։ Կան որոշներն էլ, ովքեր կարողանում են գնել։ Ոմանք հասկանում են նկարի իմաստը, ոմանց դուր է գալիս, ոմանց աչքն է շոյում։

– Ճի՞շտ է նկարչի կողմից պատկերվածի իմաստը չբացատրելը։

– Այո, թող արվեստաբանները բացատրեն։ Դիտողն էլ կարող է հասկանալ, դա գրություն չէ, որ ասես՝ ծառը նկարել եմ նրա համար, որ… Ես բացատրելուն կողմ չեմ, չեմ էլ կարող բացատրել։

– Արդյո՞ք միշտ պետք է նկարչի ձեռքն ու միտքը միասին աշխատեն։ Չի՞ պատահել, որ կանգնեք կտավի առջև, նկարեք, հետո ասեք՝ վայ, այս ի՞նչ եմ նկարել։

– Իհարկե, պատահում է, սակայն, եթե սիրտդ, միտքդ ու ձեռքդ միասին աշխատեն՝ հանճարեղ կարող է լինել։ Լինում են դեպքեր, երբ միտքը չի աշխատում։ Նկարչությունը յուրահատուկ գործ է։

– Դիմանկարներ, բնաշխարհ, կենդանական աշխարհ․․․ սիրելին ո՞րն է։

– Այն, ինչ վաճառվում է, այդ էլ սիրում եմ (ծիծաղում է։- Ա․Կ.)։ Մեկ էլ տեսնում ես՝ ամենաչսիրած նկարը, որ ասել ես՝ սա չի վաճառվի, հենց դա են գնում։

– Եթե խոսենք դիմանկարի մասին՝ պե՞տք է ճանաչել մարդուն, նրա հոգին, նոր նկարել։

– Նայած։ Դիմանկարը պահանջում է բավականին բարձր պրոֆեսիոնալ մակարդակ։

– Կա՞ մարդ, ում կուզեիք ճանաչել ու նկարել։

– Մեկը կար, ում ճանաչեցի ու նկարեցի՝ կնոջս։

– Վերջերս նկարել եք Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի դիմանկարը, որը նվիրելու եք Վրաստանի ՀովհԹումանյանի տուն-գիտամշակութային կենտրոնին։ Գաղափարն ինչպե՞ս է առաջացել։

– Նկարիչ ընկերներից Կառլեն Կարապետյանը գնացել է Վրաստան, այցելել է տուն-թանգարան ու տեսել է, որ չունեն Թումանյանի դիմանկարը։ Եկավ՝ ասաց, որ չկա, որոշեցի նկարել ու նվիրել։

– Դուք նաև դասավանդում եք երիտասարդ նկարիչների պատկերացումները, մտածողությունը տարբերվո՞ւմ է Ձեր ժամանակների մտածելակերպից։

– Շատ է տարբերվում։ Լրիվ ուրիշ մտածելակերպ է ու շատ բարդ է։ Ուրիշ ձև են տեսնում աշխարհը, մտածում, բայց տաղանդավոր են, ու հիմնականում մեծ մասն աղջիկ է։

– Նկարներում սիրում եք ագրեսիա։ Մեր փոթորկոտ կյանքում մի հատ էլ՝ նկարներում ագրեսիա շատ չէ՞։

– Մարդկանց դուր է գալիս։

– Սիրում եք իրական կյա՞նքը ներկայացնել, թե՞ երազած։

– Երևի պատկերացրած։ Իրական կյանքն ինձ համար մի քիչ բարդ է։

– Ինչպիսի՞ն եք պատկերացնում կյանքը։

– Խաղաղ, հանգիստ, առանց ագրեսիայի։ Մենակ կտավում լիներ ագրեսիան։ Ինձ մոտ կարոտ կա դեպի խաղաղ կյանքը, որովհետև ահավոր անհանգիստ եմ ապրել թե՛ անձնական, թե՛ գործնական առումով։

Մանրամասները՝ տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *