Որքան հիշում եմ, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մի քանի ամիս առաջ բարձրաձայնում էր, որ իր արժեքային համակարգում, մի շարք այլ երևույթների ցանկում, տեղ է զբաղեցնում նաև քրիստոնեությունը: Եվ հատկապես Առաքելական հայոց եկեղեցին: Բայց ինչպես երևում է, դա ևս նրա հերթական ստերից մեկն էր: Որովհետև ոչ մի քրիստոնյա կիսատ չի թողնում պատարագը՝ ով էլ նա լինի: Այն, ինչ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը ընթացքում արեց Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձը: Եվ ինչով էլ արտահայտեց իր իրական վերաբերմունքը ոչ միայն անձամբ կաթողիկոսի կամ հոգևոր դասի, այլ քրիստոնեական հավատքի նկատմամբ: Վերջինս կարող է, իհարկե, արդարանալ իր զբաղվածությամբ, օրինակ, հեծանիվ քշելու հանգամանքով: Չէ՞ որ հեծանիվը միաժամանակ կյանք է և մահ…Կներեք, պետք է ասեի՝ ցավ, ուղղակի կյանքի հետ անքակտելի կապով է շաղկապված ոչ միայն ցավը, այլև, առաջին հերթին, հենց մահը:
Որքան տեղյակ եմ նաև, նախկինների նախկինների շրջանակից գործող դարձած անձանցից մեկը եկեղեցու նկատմամբ որպես բացասական վերաբերմունքի վկայություն նախորդ օրը հիշատակեց Ռոբերտ Քոչարյանի անունը: Ասեմ, որ երբ վերջինս իշխանություն էր՝ սկզբնական շրջանում նրա նկատմամբ վստահության ակնկալիք ունեի: Մտածում էի, որ նա այն անձն է, ով հանուն Լեռնային Ղարաբաղի պետք է Հայաստանը դարձներ առնվազն մեր տարածաշրջանի Իսրայելը: Թեև այդ ակնկալիքները շատ արագ փոշիացան, սակայն չեմ հիշում որևէ դեպք, որ «ալբանացու» մականունը ստացած իշխանավորը կիսատ թողներ պատարագն ու հեռանար: Հատկապես երբ կատարվում էր, օրինակ, մյուռոնօրհնեքի արարողություն: Իսկ այս երկու օրը՝ սեպտեմբերի 28-ին և 29-ին Մայր Տաճարում կատարվեց թե՛ մյուռոնօրհնեքի և թե՛ վերաօծման արարողությունը: Ենթադրում եմ, որ նախկինների օրոք ընդդիմադիր գործիչ Փաշինյանը շատ բան կտար, որպեսզի, առաջին շարքում կանգնած, մասնակցեր մյուռոնօրհնեքին: Այնինչ, ինքը դրան այդ կարգավիճակում չի մասնակցել, ուր մնաց, որ կիսատ թողներ:
Սովորաբար, հազվադեպ եմ անդրադառնում ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի ընտանիքի անդամների հագուկապին կամ վարքագծին: Բայց արդեն երկրորդ դեպքն է, որ դրա կինը եկեղեցի է մտնում այդ վայրին, մեղմ ասած, ոչ հարիր հագուստով: Բնականաբար, դա ևս այդ ընտանիքի անդամների վերաբերմունքի ցուցիչն է ընտանիքի գլխի համար արժեք համարված եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի առումով: Եվ եթե առաջին անգամ տիկինը կաթողիկոսի կողքը նստել էր ոտք ու մարմնի վերին մաս բացած վիճակում, այս անգամ կիսաշրջազգեստի բացվածքն այնքան մեծ էր, որ փորձում էր ձեռքով «կարգավորել» այն: Կարծես թե օրվա խորհրդին ավելի համապատասխան հագուստ «խեղճ» կինը չուներ կամ չէր ճարել:
Մեկուկես-երկու տասնամյակ առաջ ես մասնակցել եմ եկեղեցու որոշ ղեկավար անձերի դեմ շարժմանը՝ նպատակ ունենալով «ավելի մաքուր դարձնել» նրանց: Նույնիսկ մեկ անգամ բողոքի ցույց ենք արել Մայր Տաճարի բակում: Սակայն ինձ երբեք թույլ չեմ անհարգալից վերաբերմունք եկեղեցու կամ նրա այլ սպասավորների նկատմամբ: Կարծում եմ, որ առնվազն այդպիսին պետք է լինի իրական քրիստոնյան ու հայոց եկեղեցու իրական հետևորդը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/6bcd00ba900cdc498ba4b3757aeecf65