2022թ. մայիսի 17-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ձերբակալության մասին՝ հայտնելով․
«Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար»։
Թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո, բոլորս գիտենք: Չվերապատմեմ: Պարզապես կուզենայի ԱԱԾ քննչական դեպարտամենտին հարցնել՝ պարոնայք անվտանգիստներ, Շիրակի Արարատյան դաշտավայրերի քանի՞ բնակիչ է դիմել ձեզ՝ խնդրանքով, որ իրենց ազգային արժանապատվությունը փրկեք պրոդյուսեր Արմեն Գրիգորյանից: Հայաստանում էդ պողոսներն իբր գիտե՞ն, թե իրենք որ դաշտավայրի բնակիչ են, որ մի հատ էլ բողոք գրեին Արմենի վրա: Ես լուրջ կասկածներ ունեմ, որ Արմենի մահով «կարճված» այս գործը փչովի էր, ավելի ճիշտ՝ դզովի-փչովի: Էն էլ ասեմ, որ «լավ» երևակայություն ունեք, ու պատասխան եք տալու առնվազն այս կապակցությամբ:
Իսկ հիմա իջնենք Էջմիածին, որը, եթե չեմ սխալվում Արարատյան դաշտավայրում է գտնվում՝ չհասած Շիրակի դաշտավայր: Ուրեմն սեպտեմբերի 29-ին Արարատյան դաշտավայրի այդ քաղաքը, որտեղ գտնվում է նաև բոլոր (կրկնում եմ՝ բոլոր) հայ քրիստոնյաների սրբության սրբոց Մայր տաճարը, իր ներկայությամբ «պատվել» էր մեկ ուրիշ պրոդյուսեր, որին, չգիտես ինչու, վարչապետ են ասում: Արդ այդ վարչապետը, որը մասնակցում էր Մայր տաճարի վերաբացման և սուրբ մյուռոնով վերաօծման արարողությանը, թքեց ողջ հայության հոգու մեջ և պատարագը չավարտված լքեց տարածքը:
Ինչպե՞ս բնութագրել նրա պահվածքը, եթե ոչ հարգարժան ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտի մատնանշած հոդվածով, այն է՝ «ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքի անտեսմամբ ողջ հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելը և իր պահվածքով մեր ողջ ժողովրդի ինքնությունն ու էթնիկ ծագումնաբանությունը կասկածի տակ դնելը»: Մարդ կա՞ էդ դեպարտամենտում: ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մաս՝ ձերբակալում ես, հետո էլ միջնորդում, որ կալանավորեն: Բա շարժվեք, ախպեր, էլ ո՞ւմ եք սպասում: