«Նիկոլը Քաջ Նազարի և Ձախորդ Փանոսի սիմբիոզ է. նա մոմ էր վառում Պուտինի նկարի առաջ». Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն այն կարծիքին է, որ Ադրբեջանը չի ուզում կաշկանդվել որևէ թղթով, դրա համար ձգձգում է «խաղաղության պայմանագրի» ստորագրումը և ավելի բարենպաստ վիճակի սպասում:«Ալիևը գիտի, որ Հայաստանում Փաշինյանի դեմքով ունի մի վիզավի, որը պատրաստ է զիջումների: Մի կողմից՝ նրանք բեռնաթափում են խաղաղության պայմանագիրը՝ բոլոր կարևոր հարցերը դրանից դուրս թողնելով, մյուս կողմից՝ ամեն ինչ անում են խաղաղության պայմանագիր չստորագրելու համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Սուրենյանցը գավառական շուստրիություն է համարում Փաշինյանի առաջակը՝ ԵՄ դիտորդների առկայության պարագայում «ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ»:

«Նիկոլ Փաշինյանը, հրաժարվելով ռուսական միջնորդությունից, փրկիչներ չստանալով Արևմուտքից, հիմա երաշխիքներ է փորձում կորզել Ալիևից: Ինքը Ենոքավանի պատուհանից է նայում ամբողջ աշխարհին, մեր ողբերգությունը դա է: Մի գեղջուկ, նստած՝ Ենոքավանի պատուհանից, 48 տարեկանում նոր հեծանիվ ձեռք բերածի բարդույթով՝ փորձում է քաղաքականություն իրականացնել»,- ասաց նա:Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ հայ-ադրբեջանական հակամարտության լավագույն միջնորդական հարթակը ռեգիոնում է՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա. «Երկու պետություն, իր կենսական շահերից ելնելով, շահագրգռված չէ Հայաստանի պետականության կոլապսով. Մեկը ՌԴ-ն է, որովհետև եթե հայկական պետականությունն այստեղ վերանում է, թուրքական աշխարհի միավորմանն այլևս ոչինչ չի խանգարում, իսկ դա նշանակում է ՌԴ համար սպառնալիքներ Հյուսիսային Կովկասում՝ իր սահմաններից ներս, և Կենտրոնական Ասիայում:

Իրանը բացահայտ է ասել, փաստարկները պարզ են: Բայց նույնիսկ Թուրքիային նվաստացված ֆորպոստի կարգավիճակում գտնվող Հայաստան ձեռնտու չէ, որովհետև այդպիսի շատ թույլ ու նվաստացած Հայաստանն անպայման տարիներ անց դառնալու է հակաթուրքական ֆորպոստ ինչ-որ աշխարհաքաղաքական կենտրոնի համար: Հետևաբար՝ Արևմուտքում փրկիչներ փնտրելու փոխարեն՝ պետք է փորձել ռեգիոնի երեք գերտերությունների՝ ՌԴ, Իրան, Թուրքիա, հետ ճիշտ քաղաքականություն վարելու արդյունքում երաշխավորել հայկական պետականության գոյությունը: Սա այս իշխանության պարագայում հնարավոր չէ. սա Քաջ Նազարի և Ձախորդ Փանոսի սիմբիոզ է: Ընդհանրապես, հեղափոխականները մոլագար են լինում: Իրենք հասկանալի խնդիրներ չեն ձևակերպում, չեն փորձում դրանք աստիճանաբար լուծել: Սրանք գրանդիոզ արկածախնդիրներ են, օրինակ՝ Սահակաշվիլու դեպքը նայեք»:

Նա շեշտեց. «Նիկոլ Փաշինյանը տեղավորված է Ալիևի գրպանում, Հայաստանն էլ փորձում է տեղավորել իր գրպանում: Հայաստանը չունի վարչապետ: Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Հայաստանի թիվ մեկ կառավարական շենքում նստած է Ալիևի դեսպանը… 2021-ին Նիկոլը մոմ է վառել Պուտինի նկարի առաջ, հետո փորձեց Արևմուտքում մոմ վառել, ասացին՝ քո մոմը մեզ համար ստրատեգիական նշանակություն չունի, հիմա մոմ է վառում Ալիևի առաջ՝ առանց հասկանալու, որ նա հումանիզմ չունի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *