Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետխորհրդային տարածաշրջանի որոշ երկրներ «ցանկանում են Ռուսաստանից ինչ-որ բան վերցնել, բայց փոխարենը ոչինչ չտալ»։ Այս մասին նա ասել է «Россия» հեռուսատաալիքին տված հարցազրույցում։«Մենք փաստացի նույն նավակի մեջ ենք։ Շրջվելու դեպքում երկուսս էլ կխեղդվենք՝ և՛ Ռուսաստանը, և՛ Բելառուսը։ Ինչո՞ւ թաքցնենք։ Մենք չեն սկսում խորամանկել ինչպես մեր որոշ հետխորհրդային պետություններ են անում։ Նրանք ուզում են Ռուսաստանից ինչ-որ բան վերցնել, բայց փոխարենը ոչինչ չտալ»,-ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ այդպես չի կարող շարունակվել և պետք է միասնական լինել։
«Հեռու չէ այն ժամանակը, երբ դուք կգաք նույն Ռուսաստանից աջակցություն և օգնություն խնդրելու։ Ուրիշ օգնող չկա։ Երբ Ղազախստանում ինչ-որ բան եղավ, ո՞ւմ դիմեցին, Չինաստանի՞ն, Հնդկաստանի՞ն, Պակիստանի՞ն։ Ո՛չ, Պուտինից օգնություն։ Եվ մենք այնտես ուժեր տեղակայեցինք, կես օր շարունակ մեր ինքնաթիռները վայրէջք էին կատարում այնտեղ և ամեն ինչ իրենց տեղը դնում»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ շեշտելով, որ սա որպես նախատինք չի ասում։
Բելառուսի նախագահը վստահություն է հայտնել, որ արտակարգ իրավիճակների դեպքում ԱՊՀ երկրները կդիմեն Մոսկվայի ու Մինսկի օգնությանը։ Նա նաև կոչ է արել չխզել հետխորհրդային տարածաշրջանում կառուցված տնտեսական կապերը։
«Ի՞նչ է, Ղազախստանին կամ Ուզբեկստանին իրենց ապրանքներով սպասում են Ամերիկայում, թե՞ Եվրամիությունում։ Ո՛չ, նրանք խնդրում են Ռուսաստանում վաճառել դրանք։ Կա ընդհանուր շուկա։ Ինչո՞ւ կորցնենք այն, ինչ ունենք, եկենք ավելացնենք եղածին», – նշել է նա։
Լուկաշենկոն անդրադարձել է նաև Հայաստանի ղեկավարության քաղաքականությանը։
«Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզնից։ Ոչ մեկին պետք չեն։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և սևեռվեն նրա վրա, ինչ ունեն։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»,- ասել է նա։