Մեկ հարց, երկու պատասխան. Ինչո՞ւ այս անգամ ՊՆ-ն հղում չի արել Սյունիքից զորքի հետքաշման Փաշինյանի պարզաբանմանը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանը, թե արդյոք Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի հետ ստորագրվե՞լ է փաստաթուղթ Գորիս-Կապան մայրուղու վրա սահմանային վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ, պատասխանել է.

«Տեղեկացնում ենք, որ նման բնույթի փաստաթուղթ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների միջև»:

Իսկ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին 168.am-ի հարցին՝ մամուլում և սոցցանցերում շրջանառվում են լուրեր, թե Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին, ռազմական գերատեսչությունից պարզաբանել էին.

«Պաշտպանության նախարարն ի պաշտոնե չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որն առնչվում է ՀՀ սահմաններին: Ըստ այդմ՝ Պաշտպանության նախարարը չի ստորագրել, չէր կարող ստորագրել մի փաստաթուղթ, թեկուզ՝ գաղտնի, որը վերաբերում է ՀՀ-ի, մասնավորապես՝ Սյունիքի սահմաններին»:Ուստի 2024 թվականի օգոստոսի 14-ին 168.am-ը հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե արդյո՞ք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների միջև ՀՀ սահմաններին առնչվող փաստաթուղթ ստորագրվել է, կամ՝ ի՞նչ փաստաթղթի մասին է խոսում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Այս համատեքստում պաշտպանական գերատեսչությունից փորձել ենք նաև պարզել՝ պատերազմից գրեթե անմիջապես հետո Սյունիքից հայկական զորքի հետքաշման գրավոր հրաման կա՞ ԳՇ-ում և ՊՆ-ում, ինչի՞ հիման վրա է զորքը հետ քաշվել Սյունիքից:

Օգոստոսի 20-ին մեզ ուղարկված իր պատասխան գրության մեջ ՀՀ պաշտպանության նախարարությունը, հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 2-րդ գլխի 10-րդ հոդվածի պահանջներին, մեր հարցադրումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը համարել է հրապարակման ոչ ենթակա:

Նշենք, որ Սյունիքից զորքի հետքաշման գրավոր հրաման Պաշտպանության նախարարությունում և Գլխավոր շտաբում լինել-չլինելու մասին հարցում մենք ՊՆ-ին ուղարկել էինք նաև այս տարվա գարնանը։ Այն ժամանակ պաշտպանական գերատեսչությունից մեզ հայտնել էին, որ այս հարցի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տրվել են:

Ո՞ւմ պաշտոնական պարզաբանումը նկատի ուներ այդ ժամանակ Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանական կառույցը, Նիկոլ Փաշինյանի՞, ով հայտարարել էր, որ Սյունիքում զորքի հետքաշման հրամանն անձամբ ինքն է տվել, իսկ Վաղարշակ Հարությունյանն ընդամենը կատարող է եղել, հնարավոր է՝ բանավոր հրամանի: Հիմա նույն հարցին ՊՆ-ն այլ պատասխան է տվել՝ ԱԳՆ-ի պաշտոնական պարզաբանման ֆոնին:

Այնուամենայնիվ, 2 դեպքում էլ չկա հաստատում, որ Սյունիքից զորքի հետքաշումը գրավոր հրամանի վրա է եղել:

Ի դեպ, վերադառնալով Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված փաստաթղթին, հավելենք, որ 2020-ի դեկտեմբերի 20-ին «Զինուժ մեդիա»-ի հարցերին պատասխանելով, ըստ էության, ՎաղարշակՀարությունյանը հաստատել էր Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհների մասով շրջանառված փաստաթղթի բովանդակությունը:

«Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ են տալիս ասել, որ այդ ճանապարհների անվտանգությունն ապահովված է,- պնդել էր Հարությունյանը և ասել,- Գորիս-Դավիթ Բեկ 21 կիլոմետրանոց ճանապարհը հսկողության տակ են վերցնում ռուսական սահմանապահ զորքերը։ Մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում և վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը։ Մեր սահմանապահ զորքերի հետևում կանգնած է մեր բանակը, և ձեռք է բերված պայմանավորվածություն, որ մեր սահմանապահ զորքերի և ճանապարհի այդ հատվածում որևիցե զորք չի լինելու։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին. վիզուալ հսկողության տակ ադրբեջանական սահմանապահ զորքերն են, հետևում՝ իրենց զորքը։ Այնտեղ էլ սահմանապահ զորքերի և ճանապարհի արանքում չպետք է լինի որևէ զինված ստորաբաժանում»:

Այսինքն, ամեն դեպքում, զորքերի տեղաշարժի պայմանավորվածություն Ռուսաստանի և Հայաստանի միջև եղել է, գուցե ոչ ՀՀ օգտին պայմանավորվածությունից շեղումներ են եղել:

Իսկ 2020 թվականի դեկտեմբերին 168.am-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը, ըստ էության, ասել է, թե ինչ չի կարող անել ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Պաշտպանության նախարարն ի պաշտոնե չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որն առնչվում է ՀՀ սահմաններին»:

Հիմա եթե Վաղարշակ Հարությունյանն արել է այն, ինչ չէր կարող, ուրեմն՝ պետք է պատասխանատվության ենթարկվի, այդ ժամանակ ԳՇ պետը ևս այս թեմայով պատասխանելու բան ունի: Ով ինչ չափով պատասխանատվություն ունի Գորիս-Կապան ճանապարհի հանձնման, Սյունիքից զորքի հետքաշման հարցում, ժամանակը ցույց կտա:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի խորհրդական եղած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը պնդում է, որ «ոչ մի տեղ նա՝ Նիկոլ Փաշինյանը, իր ստորագրությունը չի դրել, երբ հանձնել է տարածքները»: 

Ինչ վերաբերում է, թե արդեն 2024 թվականին Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում քանի՞ մարտական դիրքից է ՀՀ ԶՈՒ-ն հետ քաշվել, քանի՞ դիրք է հանձնվել կամ վերածվել սահմանապահների ծառայության վայրի և ո՞ր հատվածներում, ՀՀ պաշտպանության նախարարությունն այս հարցերի պատասխանը դարձյալ համարել է հրապարակման ոչ ենթակա:

Հավելենք, որ վերջերս իշխանամերձ փորձագետը խոստովանել էր, որ Տավուշի հատվածում ՀՀ-ի զիջած դիրքերը թե՛ քանակությամբ, թե՛ որակով ավելի էական են, քան Ադրբեջանինը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *