ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ արձագանքել է ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարությանը, որում, ի պատասխան ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հնչեցված ձևակերպման, թե Հայաստանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածությունը։, նշվում է, որ Լավրովն է իր հայտարարությամբ կասկածի տակ դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի կառուցողական ներգրավվածությունը։Այս առնչությամբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է՝ Հայաստանի իշխանություններն իրենց ձախողումների մեղքը շարունակում են բարդել այլոց վրա։
«ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը սեփական ձախողումները, ռազմավարական սխալ հաշվարկների մեղքն այլոց վրա բարդելու՝ պաշտոնական Հայաստանի որդեգրած քաղաքականության հերթական դրսևորումն է»,- ասել է Զախարովան՝ հավելելով՝ այս դեպքում ՀՀ իշխանությունները մեղքը Ռուսաստանի վրա են բարդում, այնինչ, նրա մեկնաբանմամբ, հենց հայկական կողմն է սառեցրել եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրագործումը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը այս համատեքստում մեջբերել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որին էլ, նրա խոսքով, իր հայտնի հայտարարությամբ հղում է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Զախարովան մեջբերումից հետո նշել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ կատարված ծավալուն աշխատանքը դադարել է սահմանային հսկողության հարցերում Երևանի դիրքորոշման պատճառով․ 9-րդ կետով սահմանում էր, որ ռուս սահմանապահները լինեն և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմում։
Այսպիսով, Մարիա Զախարովայի խոսքով, Երևանը հրաժարվել է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության վերահսկողությունից և փաստացի սառեցրել աշխատանքային խմբում իր մասնակցությունը։