ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս հայտարարեց՝ ՌԴ-ն պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի բոլոր ուղղություններով։
«Ակնհայտ է, որ խաղաղության պայմանագրի կնքումը կարևորագույն պայման է Ադրբեջանի և Հայաստանի միջև և ընդհանրապես Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար: Մենք բոլոր մակարդակներում մշտապես հայտարարել ենք, որ շահագրգռված ենք, որ դա տեղի ունենա հնարավորինս շուտ, գործնական առումով ամեն ինչ արել ենք դրա համար։ Աջակցությունը շարունակելու մեր տրամադրվածությունը հաստատվել է անձամբ նախագահի կողմից»,- ասել էր Զախարովան։
Դիվանագետը հավելել էր, որ ռուսական կողմի ջանքերը համապատասխանում են Երևանի և Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին բնորոշ ոգուն, դրանց հիմքում ընկած են պատմական և մշակութային խոր կապերը, տարածաշրջանում անվտանգության ամուր համակարգ կառուցելու համատեղ ձգտումները:Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի հավանականությանը՝ Զախարովան հիշեցրել էր Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերելու, իրավիճակի ապակայունացմամբ հղի ցանկացած գործողությունից խուսափելու պարբերական կոչերի մասին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։Սակայն մինչ ՌԴ-ն փորձում է ակտիվորեն պայմանավորվել նախ Բաքվի հետ, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ կասկածի տակ դնելով Մոսկվայի հնարավոր միջնորդական ջանքերի արդյունավետությունը, անդրադառնալով օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը սաբոտաժի ենթարկողը հայկական կողմն է։
«Այնուամենայնիվ, չենք կարող չասել, որ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի երեկվա հայտարարությունը ոչ միայն զուտ ափսոսանք է առաջացնում, այլև կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի Դաշնության կառուցողական ներգրավվածությունը»,- նշել էր ՀՀ ԱԳ նախարարությունը։
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ ԱԳՆ արձագանքը ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությանը շատ ավելի լայն ենթատեքստ ուներ։
Ըստ նրա, դրանում անդրադարձ էր ոչ միայն Լավրովի հայտարարությանը, այլև ընդհանուր առմամբ ՌԴ դերին՝ որպես միջնորդ։
«Այդ դերից վերջերս Բաքվում խոսեց ՌԴ նախագահը, կարծես պաշտոնապես կողմերին առաջարկելով ՌԴ հարթակը Երևան-Բաքու բանակցությունների համար։ Կարծես Երևանը առիթը բաց չթողեց՝ հայտարարելու համար, թե դեմ է ՌԴ միջնորդությանը։
Սա, իհարկե, անսպասելի դիրքորոշում չէր Հայաստանի կողմից։ Սակայն, եթե Մոսկվա-Բաքու համաձայնությունը կայանա, և Արևմուտքին չհաջողվի շարունակել միջնորդությունը, հնարավոր է՝ Երևանը փոխի իր դիրքորոշումը։ Բայց հակված եմ կարծել, որ Երևանը կնախընտրի բանակցել ուղիղ, ոչ Մոսկվայի մասնակցությամբ, ինչի ականատեսը դարձել ենք մի շարք հարցերի շուրջ բանակցություններում։
Իսկ իրադարձությունների նման զարգացումը ևս բխում է Ադրբեջանի ցանկությունից և շահերից, քանի որ Ադրբեջանը մշտապես ցանկանում է բանակցել ուղիղ։ Բանակցային արևմտյան կամ ռուսական հարթակներն Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական նպատակներով, ինչպես նաև բանակցություններում առավելություններ ստանալու նպատակով։ Ադրբեջանը ցուցադրում է բազմավեկտորություն և Հայաստանի հետ բանակցությունը չի ցանկանում հստակորեն տեղափոխել որևէ հարթակ»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Խրամչիխինը գտնում է, որ աշխարհաքաղաքական իրավիճակը, կողմերի ու միջնորդների դիրքավորումները, նրանց միջև առկա խնդիրները թույլ են տալիս ենթադրել, որ գործընթացն առաջիկայում ևս հեշտ չի լինելու։
«Դատելով վերջին տեղեկատվություններից, կարելի է ասել, որ եթե նույնիսկ կողմերը կարողանան որևէ փաստաթուղթ ստորագրել, ապա այն միջանկյալ է լինելու, քանի որ դրա օրակարգից հանվել են կարծես մի շարք կարևոր հարցեր, քանի որ կողմերը չեն կարողանում համաձայնության հանգել։ Դա նշանակում է, որ առաջիկայում կարող են նախնական մի փաստաթուղթ ստորագրել կամ համաձայնագիր նախաստորագրել, մի քանի բարդ հարց թողնելով ապագայի համար։ Սա սակայն նշանակում է, որ կողմերի միջև փոքր փոփոխություններով, սակայն նույն իրավիճակը ու դիմակայությունը շարունակվելու է։ Հակված եմ կարծել, որ Ադրբեջանը կշարունակի պնդել, որպեսզի հենց Ադրբեջանում ստորագրվի, Երևանի՝ Մոսկվային դեմ դիրքորոշումը պարզապես պատրվակ կդառնա Ադրբեջանի համար Մոսկվայի հետ վերջնական չպայմանավորվելու և սեփական օրակարգն առաջ մղելու համար։
Չի բացառվում, որ Երևանը շարունակի սրան չհամաձայնել, և մեկ այլ տարբերակ դիտարկեն կողմերը։ Եթե այդպես տեղի ունենա, ապա Ադրբեջանը դա կդիտարկի՝ որպես իր ռեգիոնալ և աշխարհաքաղաքական կշռի մեծացում, քանի որ համաձայնագրի ստորագրմանը չկարողացան միջնորդել ո՛չ Արևմուտքից, ո՛չ Ռուսաստանից, ըստ էության ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից, իսկ այդ ձևաչափին և ընդհանրապես միջնորդությանը Բաքուն այս փուլում դեմ է, քանի որ բանակցություններում իրեն բավականին վստահ է զգում։ Մոսկվան առաջարկում է, սակայն չի պարտադրում, սրանք մարտավարական նշանակության քայլեր են ՌԴ-ի համար, ՌԴ ողջ ուշադրությունը սևեռված է ուկրաինական պատերազմի և այդ հարցում զարգացումների, ներքին վերադասավորումների վրա»,- ասաց Խրամչիխինը։
Հիշեցնենք, որ Բաքուն մի քանի մակարդակներով ցանկություն է հայտնել, որ համաձայնագիրը ստորագրվի Բաքվում նոյեմբերին կայանալիք միջազգային COP 29 կոնֆերանսի շրջանակում։