Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչները երեկ Կառավարության մոտ կրկին բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով, որ իրենց հողերը «ջրի գնով» չվաճառեն ու իրենց չզրկեն օրվա հացից։
Գյուղից 110 հեկտար հողատարածք Կառավարությունը գերակա շահ է ճանաչել, որը վաճառում են «ՌԻԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոն ստեղծելու և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագիրն իրականացնելու համար։
Բնակիչներին յուրաքանչյուր 1 քմ հողի դիմաց վճարում են 300 դրամ, ինչը, բնակիչների պնդմամբ՝ շատ քիչ է, քանի որ այդ գումարով իրենք չեն կարողանալու այլ վայրում հողատարածք գնել։
Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցավ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը. նա սկզբում նրանց ասաց, որ նախարարությունը և Կառավարությունը ոչինչ չեն կարող անել, իսկ երբ բնակիչներն ասացին, թե չեն կարողանում որևէ հարց լուծել, Գևորգ Պապոյանը բնակիչներին առաջարկեց գնալ նախարարություն, նստել և հարցը քննարկել։Թե ինչ են քննարկել նախարարությունում՝ հայտնի չէ, սակայն բողոքի ակցիայի մասնակիցների մեծ մասը որևէ ակնկալիք չունի ո՛չ կառավարությունից, ո՛չ էկոնոմիկայի նախարարությունից։
Վարդենուտի բնակիչ 61-ամյա Աշոտ Զաքարյանը Կառավարության հետ որևէ հույս չի կապում, քանի որ Կառավարության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն կերպ հասկացրել են՝ որևէ բան չի փոխվելու, եթե փոխվեր, ապա Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում իրենց կընդուներ։
«Այդ ակցիաներն անիմաստ եմ համարում, որովհետև մեզ պետք է ընդուներ Նիկոլ Փաշինյանը կամ նրա աշխատակազմը, մի քանի հոգի բարձրանային, մեր հարցերն ու պահանջները հստակ ներկայացնեին, բայց չընդունեց՝ հասկացանք, որ որևէ բան չեն անելու։
Նախորդ անգամ Էկոնոմիկայի նախարարին ուղարկեցին մեզ հետ հանդիպելու, դե, նա էլ ասաց՝ իրավասու չէ։ Ես այստեղ լավ բան չեմ տեսնում, դուք գրագետ մարդ եք, հիմա եթե հարց կա, պատկան մարմիններն ասում են՝ մենք լուծող չենք, շարքային քաղաքացին ինչպե՞ս լուծի այդ հարցը, բա չի՞ ասի՝ եթե դուք հարց լուծող չեք, ի՞նչ գործ ունեք կառավարման ղեկին։
Իմ ծնողները 30 տարուց ավելի այդ հողով են ապրել, հիմա որ իմ ձեռքից վերցնում են, ես ինչպե՞ս պետք է ապրեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Զաքարյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ երբ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին գալիս էր իշխանության, սարեր ու ձորեր էր խոստանում ժողովրդին, ասում էր՝ «միայն Սերժին մերժեք, մնացածը ես կանեմ»։
«Ասում էր՝ գնացեք Սերժին մերժեք, որ լավ լինի, գնացինք՝ մերժեցինք, իրեն ձայն տվեցինք, որ գա մեր հողը, մեր ապրուստը մեր ձեռքից այսպես վերցնի՞, որտե՞ղ է տեսել՝ հողը 300 դրամով վաճառեն։ Խիղճը լավ բան է, ես 7 շունչ եմ պահում, կերակրում եմ, տղաներ ունեմ, պետք է նրանց համար տուն կառուցեմ, որ իմ հողը վերցնում են, ես ի՞նչ եմ անելու։ Մեզ այս իշխանությունն անտեսում է, ասում է՝ ձեր հողերն աղակալած են, ամոթ չէ՞, մենք այդ հողերն այսքան տարի մշակում ենք, աղակալած չէին, հենց Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության՝ դարձավ աղակալա՞ծ։ Բա 33 տարի առաջ, որ Նիկոլն իշխանությանը չէր, մենք ինչպե՞ս էինք այդ հողով ապրում։
Մեզ ասում են՝ տուրիզմ ենք զարգացնում, այդպես տուրիզմ չեն զարգացնում, մի ամբողջ գյուղի հողատարածք վերցնում են մարդկանցից՝ տուրիզմ զարգացնելու համա՞ր»,- հավելեց նա։
Աշոտ Զաքարյանը պնդում է՝ իր հողի համար վճարում են 4,5 մլն դրամ, դրանով ո՛չ կկարողանա մի տուն գնել, ո՛չ էլ մի հողատարածք:
«Նիկոլ Փաշինյանը վերջերս եկել էր մեր մարզ, ճանապարհին կանգնեցրեցինք, որ խնդիրը քննարկենք նրա հետ, մեզ կողքից ասում էին՝ բան մի ասեք։ Լավ, չենք ասում, թող հողն էլ խլեն, տունն էլ, մի «թուլաբաժին» տան, ձայներս կտրենք՝ ապրենք, այսպե՞ս են ուզում անենք։
Դարձել ենք անտեր ժողովուրդ, ով ինչ ուզում՝ այնպես անում է։ Գյուղը ջլատել են, բայց մի բան հստակ է՝ ես իմ հոր տղան եմ, ես իմ հողը որևէ մեկին չեմ տալիս, թող փորձեն վերցնեն»,- եզրափակեց Աշոտ Զաքարյանը։