Այսօր առավոտյան տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։ Ինչպես ավելի վաղ Բաքու կատարած պետական այցի ընթացքում հաղորդել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքները ՀՀ-Ադրբեջան գործընթացի վերաբերյալ կներկայացնի նաև Նիկոլ Փաշինյանին հեռախոսազրույցի միջոցով։ Եվ ըստ ամենայնի, այսօր ՌԴ նախագահը նախաձեռնել է հեռախոսազրույցը, ինչն այն բացառիկ դեպքերից է, երբ ՌԴ նախագահն ինքն է զանգահարում մեկ այլ երկրի ղեկավարի։ ՀՀ կառավարության ու ռուսական պաշտոնական Կրեմլինի տարածած հաղորդագրություններն ուշագրավ տարբերություններ ու նրբություններ են պարունակում։
Ռուսական պաշտոնական Կրեմլինը փոխանցում է․ «Շարունակվել են քննարկումները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի բանակցություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքու պետական այցի ընթացքում։ Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի խթանման, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործում։
Երկկողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակության ընթացքում հատկապես նշվել է առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները»։
ՀՀ կառավարությունը, սակայն, նշել է, որ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին, ինչպես նաև զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։Հայկական կողմի տարածած հաղորդագրությունից կարելի է վստահաբար ենթադրել, որ եռակողմ հանդիպման կամ միջնորդության մասին պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել։ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում հստակ ուրվագծվում է, որ կողմերը պայմանավորվել են հանդիպել ՀՀ-ՌԴ երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու, սակայն ոչ եռակողմ հանդիպման համար։
Ինչպես հայտնի է, նման հաղորդագրություններում որևէ բառ, ստորակետ, բառակապակցություն, նախադասություն և շեշտադրում պատահական չի ընտրվում։
Սա լիովին տեղավորվում է ՀՀ ԱԳ նախարարության օրերս տարածած հաղորդագրության տրամաբանության շրջանակում։
ՀՀ ԱԳ նախարարությունը, պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, կասկածի տակ էր դրել ՀՀ-Ադրբեջան գործընթացում ՌԴ միջնորդական դերակատարության արդյունավետությունը։
«Այնուամենայնիվ, չենք կարող չասել, որ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի երեկվա հայտարարությունը ոչ միայն զուտ ափսոսանք է առաջացնում, այլև կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի Դաշնության կառուցողական ներգրավվածությունը»,- ասված էր ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում: