Արդեն երրորդ շաբաթն է՝ ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել Երևանի կենտրոնի բնակարաններից մեկում գողություն կատարած անձին։Այսպիսով՝ օգոստոսի 5-ին Բաղրամյան 50/3 հասցեում գտնվող բնակարաններից մեկից, որտեղ բնակվում է Արցախից բռնի տեղահանված Ռենե Մովսիսյանի ընտանիքը, գողություն են կատարել. տարել են ամբողջ խնայած գումարը, ոսկեղենը, արծաթեղենը, նույնիսկ հասարակ զարդերը։
«Օգոստոսի 5-ին մենք առիթի էինք հրավիրված, տանից դուրս ենք եկել 17։30-ին, վերադարձել՝ մոտավորապես ժամը 23։20-ին։ Մեր բնակարանը գտնվում է շենքի 2-րդ հարկում, խոհանոցին կից բաց պատշգամբ կա, որն ունի երկաթե ճաղեր, դուռը փակել էինք կողպեքով, տեսանք, որ կողպեքը ջարդված էր, դուռն էլ՝ բաց։ Անմիջապես գնացել եմ ննջասենյակ, որտեղ պահում էինք մեր ընտանիքի խնայողությունները՝ իմ և ամուսնուս, տեսանք, որ մեր երկու ճապրուկները քանդած են, չկար մեր խնայած գումարը, ոսկեղենը, որը զարդասեղանի դարակում էր, նաև արծաթեղենն ու դրանց հետ եղած հասարակ զարդերը։
Դե, տեսնելով, որ գողություն է կատարվել, անմիջապես զանգահարեցինք ոստիկանություն։ Ոստիկանությունից եկել են, տեղում ամեն ինչ ճշտել են, մատնահետքեր են վերցրել։ Չնայած մեզ տեղում ասացին, որ գողը ձեռնոցով է աշխատել, դժվար թե որևէ մատնահետք կարողանան հայտնաբերել»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Ռենե Մովսիսյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ դեպքից 2 կամ 3 օր անց, իրենց շենքի հարևանությամբ գտնվող շենքի տեսախցիկներն արձանագրել են մի տղայի՝ բժշկական դիմակով ու սև հովհարավոր գլխարկով։
«Մեր շենքի երկու կողմերում օֆիսներ են, այսինքն՝ տարածքը հսկվում է տեսախցիկով։ Իսկ պատշգամբի դիմացի կողմում ծառեր են, որոնց մոտով դուրս ենք գալիս հարևան շենքի մոտ, որտեղ տեղադրված են տեսախցիկները։ Այսինքն՝ գողը քիչ թե շատ չերևացող տեղով փորձել է դուրս գալ, բայց տեսախցիկները ֆիքսել են նրան»,- հավելեց մեր զրուցակիցը։
Կնոջ համար զարմանալի է, որ դեպքից անցել է արդեն 3 շաբաթ, տեսախցիկները ֆիքսել են տվյալ մարդուն, բայց ոստիկանությունը դեռևս չի կարողանում հայտնաբերել գողին և գողոնը։
«Ոստիկանությունը մեզ շատ բան չի ասում, միայն ասում են՝ մենք աշխատում ենք, մի անհանգստացեք, փորձում ենք գտնել հանցագործին։ Եթե այս ամենն ինձ համար զարմանալի չլիներ, ես, իհարկե, այս ամենի մասին չէի բարձրաձայնի։ Սկզբում ոստիկանության հորդորով լռել ենք, չենք բարձրաձայնել, մտածեցինք՝ չխոսենք, գործին չխանգարենք, բայց այսքան ժամանակ է անցել, որևէ բան չեն արել, անհանգստացա, որոշեցի, որ պետք է այս մասին բարձրաձայնեմ։ Հրապարակում էի արել գողության վերաբերյալ, ոստիկանությունից կրկին արձագանքեցին, թե աշխատում են»,- շեշտեց Ռենե Մովսիսյանը։
Ըստ Ռենեի, այս ընթացքում ծանոթ-բարեկամները զանգահարում, հետաքրքրվում են դեպքով, նրանք էլ իրենց հետ կատարված գողությունների մասին են պատմում՝ գողություններ մեքենաներից, հեռախոսի գողություն և այլն։ Քանի որ Ռենեի շրջապատում մեծ մասամբ արցախցիներ են, նա նրանց հետ տեղի ունեցած դեպքերի մասին գիտի, որոնք քիչ չեն։
«Երևանում բնակվողներն ինձ ասում են՝ պետք է սովորեք զգուշ ապրեք, այստեղ Արցախը չէ։ Երբեք չեմ պատկերացրել, որ տեսախցիկներով շրջապատված շենքում կարող են գողություն կատարել, ու մարդ պետք է զգույշ ապրի։
Ես դեռ սպասում եմ, որ ոստիկանությունը գործնականում որևէ բան կանի»,- եզրափակեց Ռենե Մովսիսյանը։