Ի՞նչ ձևաչափով կշարունակեն բանակցությունները Փաշինյանն ու Ալիևը․ ՀՀ-ն մերժում է Մոսկվային, Ադրբեջանը՝ Արևմուտքին

Օգոստոսի 18-19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած պետական այցն ու դրան հաջորդած հեռախոսազանգը Փաշինյանին շարունակում են ակտիվորեն քննարկվել ռեգիոնալ մամուլում։ Ինչպես հայտնի է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններում առաջարկել էր ՌԴ օգնությունը Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում, ապա նշել էր՝ բանակցությունների արդյունքների մասին կտեղեկացնի Փաշինյանին։Ռուսական կողմի նախաձեռնությամբ էլ նախօրեին կայացավ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը, որի ընթացքում ՌԴ նախագահը, ըստ ռուսական պաշտոնական հաղորդագրության, շարունակել էր քննարկումները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ, այդ թվում՝ հաշվի առնելով բանակցություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքու պետական ​​այցի ընթացքում, և հաստատել ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի խթանման, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործում։ ՀՀ կառավարության փոխանցմամբ էլ, ՌԴ նախագահը Փաշինյանին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար Փաշինյանը շնորհակալություն էր հայտնել նախագահ Պուտինին, զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։

Ռուս քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս հեռախոսազանգի բուն թեման եղել է ՌԴ միջնորդական դերի վերականգնման հարցի շուրջ քննարկումը Փաշինյանի հետ։Սակայն, Սիմոնովի կարծիքով, բանակցային գործընթացի շուրջ ուշագրավ աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիա է ստեղծվել։

Նրա որակմամբ, Ադրբեջանը հավանություն է տալիս բանակցությունների ռուսական հարթակին, իսկ Հայաստանը՝ արևմտյան։

«Հայաստանի Հանրապետության վերջին արձագանքները կարելի է ընկալել՝ որպես մերժում Ռուսաստանին, այդ մասին ուղիղ չի հայտարարվում, սակայն արձագանքները թույլ են տալիս ենթադրել, որ Հայաստանը հետարքրքված չէ Ռուսաստանի նախաձեռնություններով, սա արվում է՝ ցույց տալով հիասթափություն և  ընթացք դեպի Արևմուտք այդ ֆոնին։ Եթե Ռուսաստանը մեծ հետևողականություն չցուցաբերի, և ես կարծում եմ՝ չի ցուցաբերի, ապա այս առաջարկն այդպես էլ կմնա առաջարկի փուլում և չի վերաճի եռակողմ հանդիպման նախաձեռնության։

Մյուս կողմից՝ մենք վերջերս տեսանք, որ որևէ արդյունք չեն տալիս բանակցությունները նաև այն հարթակներում, որոնց նկատմամբ վստահություն ունի Երևանը, խոսքը Վաշինգտոնի, Բրյուսելի և այլ եվրոպական մայրաքաղաքների մասին է։ Ստացվում է, որ թե արևմտյան, թե ռուսական հարթակները չունեն որևէ հեռանկար, քանի որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում մյուս հարթակում աշխատել»,- ասաց Սիմոնովը։

Նա հակված է կարծել, որ սա կողմերին ամենայն հավանականությամբ կմղի ամբողջությամբ անցում կատարել բանակցությունների երկկողմ ձևաչափի, քանի որ Ադրբեջանը չի բանակցում Արևմուտքում, Հայաստանը՝ Ռուսաստանում։

Նա գտնում է, որ եթե կողմերն ընդունեին Ռուսաստանի առաջարկը և աշխատեին ռուսական կողմի հետ անկեղծության, վստահության մթնոլորտում, ապա ՌԴ-ն կփորձեր ապահովել հավասարակշռված լուծումներ։

«Սակայն հակված եմ կարծել, որ այս հարթակում նրանց աշխատանքը չի հաջողվի, քանի որ ՀՀ-ն ակնկալում է քայլեր Արևմուտքի կողմից, որոնք թեև չեն հաջողվում, սակայն, ամենայն հավանականությամբ, դեռ կշարունակվեն»,- ասաց Սիմոնովը։

Նա հորդորեց չմոռանալ, որ եղել են նաև փուլեր, երբ տպավորություն է ստեղծվել, թե Ադրբեջանը չի ցանկանում բանակցել Մոսկվայում։

«Ուստի կողմերի աշխարհաքաղաքական նախընտրությունների  թեման ևս բարդ է և ոչ միանշանակ։ Կարծում եմ՝ Մոսկվային մերժելու գործը գուցե Բաքուն թողել է Երևանի վրա՝ վստահ լինելով, որ ՀՀ իշխանությունները չեն համաձայնելու աշխատել Մոսկվայի միջնորդությամբ։ Նույնկերպ չմերժելով Արևմուտքին՝ Ադրբեջանի իշխանությունները չմերժեցին Արևմուտքի նախաձեռնությունները, սակայն բուն հանդիպումների ընթացքում նոր պայմանավորվածություններ կողմերի միջև ձեռք չբերվեցին»,- ասաց նա։

Սիմոնովի խոսքով, այս մթնոլորտում, երբ Երևանն ու Մոսկվան բավականին սուր հայտարարություններով են հանդես գալիս միմյանց հասցեին, բարդ էր պատկերացնել այլ արձագանք Հայաստանի կողմից։

«Կարծում եմ՝ սա Ռուսաստանի կողմից ակնկալելի էր։ Չեմ կարծում, թե բարձրաստիճան այցը Բաքու տեղավորվում էր այս առաջարկի շրջանակում։ Կարծում եմ՝ այս այցի ընթացքում հիմնական խոսակցություններն ընթացել են տրանսպորտային կապերի և աշխարհաքաղաքականության, Հյուսիս-Հարավի շուրջ։ Դատելով վերջնական հայտարարություններից՝ այցն անարդյունավետ չէր, սակայն այն գերարդյունավետ, պայմանավորվածություններով լի ևս հնարավոր չէ անվանել։ Այն անձնային հարաբերությունների տեսանկյունից ջերմ էր, սակայն  միջպետական պայմանավորվածությունների առումով՝ ոչ այնքան հարուստ»,- ասաց Սիմոնովը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *