Գրող Մարինե Պետրոսյանի կարծիքով՝ պատերազմում կրած պարտությունից և Արցախի կորստից հետո հայ հասարակության մեջ ավելի խորացել են հուսահատությունը և ապատիան:
«Հոգեբանորեն դա հասկանալի է: 2018-ին շատերը ոտքի կանգնեցին, շարժումներ եղել էին, եղել էին և վերջապես հաղթեց ժողովուրդը, հետո տեսան՝ այդ հաղթանակի արդյունքում ինչ եղավ: Այդ իրավիճակում ժողովուրդն ինքը նորից ոտքի կանգնել չի կարող, շատ անհավանական բան է: Պարզ է, որ այդտեղ պետք են քաղաքական լուծումներ: Քաղաքական փորձեր արվեցին և, մեծ հաշվով, մեծ մասը ձախողվեցին, և հասկանալի է, որ իրավիճակ է, որտեղ դասական քաղաքական ձևերն էլ չեն աշխատում: Այս իրավիճակում պետք են ոչ ստանդարտ լուծումներ, որոնք հեշտ չեն գտնվում:
Ես միշտ ասում էի՝ Շառլ դը Գոլ է պետք, որը չհայտնվեց: Փոխարենը՝ հայտնվեց Բագրատ Սրբազանը, և ինձ ճանաչողները գիտեն, որ աթեիստ եմ, բայց վերջին տարիների միակ լավ բանն էր, որ ես չէի սպասում: Բագրատ Սրբազանը, իհարկե, դեռ հաղթանակ չի տարել, չի երևում հաղթանակը, բայց ինքը շատ կարևոր մի բան է արել՝ պայքարը տեղափոխել է մի դաշտ, որն ավելի հիմնային է, քան քաղաքականը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Քաղաքական դաշտը միշտ սնվում է արժեքային դաշտից, և Բագրատ Սրբազանի արածը հենց դա է նախապատրաստում, հնարավոր է դարձնում դա: Ես համարում եմ, որ մտքի մարդկանց դաշտը պետք է օգնի նրան: Ռենեսանսի ժամանակ նախաքրիստոնեության և քրիստոնեության կռիվն ավարտվեց, դրանք միացվեցին: Հայաստանում հենց նման մի բան է պետք: Մեր պարտության պատճառներից մեկն էլ այն էր, որ մեր ժողովուրդն արդարության կորստի զգացում ուներ, այդ մղումով դուրս եկավ, որ արդարություն բերի, բայց արդյունքում մեր երկրին պարտություն բերեց: Արդարությունը լավ բան է, և այդ իմաստով քրիստոնեությունը կարևոր է: Բայց այսօր մեզ առաջին հերթին պետք է ուժ, մենք ուժն ենք կորցրել: Երբ ուժդ կորցնում ես, դառնում ես թույլ, դառնում ես նվաստ, և այս իրավիճակում մեզ պետք է ուժի աղբյուր: Առաջին հերթին՝ բարոյական ուժն է պետք, որը կորել է, և այդ իմաստով՝ մեզ պետք է վերածնունդ, որն արդարությունը կմիացնի ուժին»,- ընդգծեց նա:
Մարինե Պետրոսյանը նկատեց՝ մարդկանց մեջ շատ ուժեղ է պատերազմի վախը, ինչի վրա հեշտ է խաղալը. «Խաղաղություն բառը շատ լավ աշխատում է: Դրա համար պետք է ընտրանի, որը լավ հասկանում է իրավիճակը: Այս իրավիճակը մի կողմից՝ իրոք վտանգավոր է, մանավանդ, որ պարտված և այսքան թույլ ենք, բայց մյուս կողմից, եթե լավ ղեկավար ունենանք, սա նաև շանս է»:
Բանաստեղծը եթերում ընթերցեց ներկա իրավիճակի վերաբերյալ իր գրած մի բանաստեղծություն. «…Մեր հաղթանակը չկա արդեն, հայեր
Մենք պարտության կեղտի մեջ ենք էսօր,
Ու եթե մենք ուզում ենք դուրս գալ այս կեղտի միջից,
Պետք է հասկանանք մեր սխալը…»:
Նա նկատեց՝ 88-ի զարթոնքը մտավոր դաշտը պատրաստել էր. «Երբ գոռում էին՝ Ղարաբաղ, դա միայն Ղարաբաղի հարցը չէր, այն խորհրդանշում էր մեր կորուստները: Մենք ոտքի կանգնեցինք և հետ բերեցինք: Սովետական Միությանը նախորդել էր Ցեղասպանությունը, շատ կարճ՝ Առաջին Հանրապետությունը, որն էլի անկում էր ապրել, այսինքն՝ մենք հաղթանակի հիշողություն չունեինք, մեր հիշողությունը պարտությունն էր, բայց մենք հաղթանակ բերեցինք:
Քարոզչությունը ուղղված է նրան, որ հիմա էլ թվա, թե չունենք: Դա թուրքական քարոզչություն է: Հաղթանակ ո՞նց չի եղել, ես իմ մաշկով եմ հիշում հաղթանակը: Պարտության մեջ ես հիմա ամաչում եմ, ես հիմա Հայաստանից դուրս չեմ գալիս, ես վատ եմ զգում: Արցախի հաղթանակը մեր ազգային պատմության մի առանցքային դրվագ էր»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում