ՀՀ պետական եկամուտների կոմիտեն(ՊԵԿ) շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների մի նախագիծ, որով առաջարկվում է 10 մլն դրամ և ավելի խախտում արած տնտեսվարողին կալանավորել 3 տարով։
Նախագիծը դրվել է e-draft կայքում հանրային քննարկման՝ մինչև օգոստոսի 23-ը։
ՊԵԿ-ը, մասնավորապես, առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում և ուժը կորցրած ճանաչել 290-րդ հոդվածի 5-րդ մասը, ըստ որի, եթե մինչև այս փոփոխությունը գործարարը վճարում էր ՊԵԿ տեսուչների նախնական հաշվարկներով արձանագրված խախտման գումարը և չէր կալանավորվում, ապա փոփոխությունից հետո կենթարկվի քրեական պատասխանատվության։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, խոսելով այս օրենսդրական նախաձեռնության նպատակների մասին, շեշտեց՝ ՊԵԿ-ն ահռելի միջոցներ է ստանում պետական բյուջեից, և այդգումարը հատկացնելու նպատակը հարկերի հավաքագրումն ապահովելն է՝ ՊԵԿ-ի ֆունկցիոնալ պարտականությունների կատարումը, իսկ այս օրենսդրական նախաձեռնությամբ ստացվում է՝ ՊԵԿ պաշտոնյաներն իրենց պարտականությունները չեն կարողանում կատարել՝ հարկ հավաքել, գնում են գործարարների հետ մահակով և ճնշումների լեզվով խոսելու ճանապարհով։
«Մինչդեռ նրանց պետք է ասել՝ գնացե՛ք, աշխատե՛ք, ոչ թե անընդհատ օրենքներ փոխեք։ Այս օրենսդրական նախաձեռնությունն ունի թաքնված նպատակներ. նախ՝ ՊԵԿ-ը 120 միլիարդ դրամի չափով արդեն թերհավաքագրում է արել և մինչև տարեվերջ կանխատեսում է, որ թերհավաքագրումների չափը կհասնի 300 միլիարդ դրամի։ 300 միլիարդ դրամով պակաս հարկ են հավաքելու, իսկ դա նշանակում է, որ այն ժամանակ, երբ ասում էինք՝ չե՛ք կարողանալու ձեր սահմանած թիվը հավաքել, մի՛ փիառվեք, ճիշտ էինք ասում։ Հիմա հարկերը չեն կարողանում հավաքել, մահակը ձեռքներին՝ գործարարներին վախեցնելով են փորձելու բյուջե եկամուտ բերել»,-ասաց Նաիրի Սարգսյանը։
Վերջինս պնդեց՝ առանց այն էլ այս դաշտում առկա են բազմաթիվ խնդիրներ, մեծ բարդություններ է առաջացնում այն, որ գործարարներին տանում են կալանքի՝ առանց դատավճռի, առանց հիմնավորման, բացի դա,մեղադրյալների սպեկտորը շատ լայն են վերցնում՝ քրգործով մեղադրյալ են դառնում բիզնես ընկերության հաշվապահը, ծրագրավորողը, ֆինանսիստը, բաժնետերը, իսկ ՊԵԿ-ի առաջարկած այս նոր նախագիծը հավելյալ բարդություններ է առաջացնելու։
«Սրանք բոլորը ներգործության միջոցներ են՝ վախի և սարսափի մթնոլորտում հարկ հավաքելու համար»,-ասաց Սարգսյանը՝ ընդգծելով՝դրա կարիքը չկար, որովհետև Պետական եկամուտների կոմիտեն ունի հարկերը թաքցնելու պարագայում պատժիչ միջոցներ՝ տուգանքներ կիրառելու հնարավորություն։
«ՊԵԿ-ի առաջարկած այս օրենդրական նախաձեռնության հաջորդ նպատակը քաղաքական է. ակնհայտ է որ գործող իշխանությունը պատրաստվում է արտահերթ ընտրությունների. այսօր է անգամ իշխանությունը զբաղված քարոզարշավով, ինչի համար նրանց մահակ է պետք, որ գործարար հատվածը չմտնի որևէ ներքաղաքական կամ ընտրական պայքարի մեջ, որովհետև գործարարներն ունեն ազդեցության գոտիներ, և նրանց խոսքը ծանրակշիռ է։ Արտահերթ ընտրության գնացող իշխանության ձեռքին մահակ է տրվել՝ գործարարներին սպառնալու համար»,-ասաց Սարգսյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։