Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի հրապարակած ցանկի համաձայն, ոլորտում ծավալներով 20 առաջատար երկրների ցանկում են այնպիսի արդիական, այսպես ասած, տեղեկատվական կամ բարձր տեխնոլոգիական առաջադիմություն և առաջատարություն ունեցող երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան, մի շարք այլ զարգացած և զարգացող երկրներ:
Սա հատկանշական հանգամանք է, որն արժանի է Հայաստանի հանրության ուշադրությանը: Ընդ որում, ոչ միայն հատկանշական, այլ նաև արդիական «խնդրո առարկա»:
Նախ, հանրային-քաղաքացիական մի ստվար շերտ տարիներ շարունակ փորձել է հանքարդյունաբերությունն ասոցացնել հետադիմության, աղքատ պետականության, հանրային առողջության դեմ ուղղված գործունեության, այդ ոլորտում կատարվող արտաքին ներդրումները՝ գաղութատիրության հետ: Տարիներ շարունակ վարված այդ տեղեկատվաքարոզչական արշավների հետևանքով, ցանկացած տնտեսության համար էական կարևորություն ունեցող և, առավել ևս, Հայաստանի բավականին համեստ տնտեսական հնարավորությունների ֆոնին՝ բազմակի առավել նշանակալից տնտեսական ոլորտի հանդեպ ձևավորվել է հանրային մերժող պատկերացում, անվստահություն:
Այդ արշավների կազմակերպիչներին քիչ է հետաքրքրել, որ տնտեսության կարևոր ճյուղերից մեկի հանդեպ հանրային անվստահության սերմանումն ըստ էության դառնում է նաև պետության հանդեպ ներդրումային անվստահության գեներատոր:Մինչդեռ ակնառու է, որ հանքարդյունաբերությունը ոչ միայն տնտեսության հետադեմ ոլորտ չէ, այլև ավելին՝ արդիական, տեխնոլոգիական տնտեսության համար կարևոր ուղղություն, քանի որ հանքարդյունաբերությունն է գործնականում տեխնոլոգիական բարձրագույն լուծումների, այսպես ասած, առաջին քայլը՝ կարևոր հումքի մատակարարման տեսանկյունից: Այլ կերպ ասած, փոխվում են տնտեսությունների կառուցվածքները, մոդելները, բայց այդ ամենը չի փոխում հանքարդյունաբերության նշանակությունն ու կարևորությունը՝ որպես տնտեսության «բազային» ուղղություններից մեկը:
Պարզապես ժամանակի ընթացքում, այդ թվում՝ տեխնոլոգիական հեղափոխության, տեխնոլոգիական արդիականացման ինտենսիվ դարաշրջանում, փոխվում են հանքարդյունաբերության տեխնոլոգիական որակները, գործունեության այդ ուղղությունը դառնում է հանրային առողջության ու բնության պաշտպանության կենսական խնդիրների հետ առավել ներդաշնակ, առավել համադրված: Եվ անգամ առավել փոխլրացնող, քանի որ ոլորտում ներգրավվող ներդրողները կորպորատիվ սոցիալական պատասխանատվության աճող մշակույթին համահունչ՝ սկսում են հանրության հետ գործակցել հենց ոչ կոմերցիոն գործոնների պաշտպանության հարցերում:
Իսկ այդ խնդրի լուծման համար շատ կարևոր է դառնում գործընկերային հարաբերությունն ու երկխոսությունը սոցիալական պաշտպանության, բնապահպանության հարցերով զբաղվող սուբյեկտների հետ: Տարիներ շարունակ վերը նշածս տեղեկատվաքարոզչական արշավի հետևանքով ստացվել է այն խոր «տպավորությունը», որ այդ հարցերով զբաղվող անհատների կամ խմբերի արժեքը, արդյունավետության գրավականը հանքարդյունաբերությամբ զբաղվող սուբյեկտների հետ արմատական անհաշտության, անգամ թշնամական հարաբերությունն է:
Մինչդեռ, եթե հարաբերությունների այդպիսի տրամաբանություն արմատավորելը լուծել է հարցեր, ապա հաստատապես՝ ոչ հանրային շահերի պաշտպանության տիրույթում: Որովհետև հանրային շահերի պաշտպանությունն այդ առումով պահանջում է ոչ թե՝ պաթոս, այլ՝ մասնագիտացում, ոչ թե՝ աղմուկ, այլ՝ առարկայական աշխատանք և գործակցություն: Կրկնեմ, այն պարզ պատճառով, որ, իհարկե, տնտեսվարողի համար առանցքայինը սեփական առևտրային շահն է, սակայն հենց այդ շահի առավել էքզիստենցիալ տրամաբանությունից ելնելով՝ նաև հանրության հետ երկխոսության, այլ ոչ՝ թշնամանքի և անվստահության միջավայրը:
Ինչպես նշեցի ավելի վերևում, «խնդրո առարկան» Հայաստանի համար արդիական է այն պատճառով, որ հանքարդյունաբերության ոլորտն այսօր Ադրբեջանի թիրախում է՝ Հայաստանի տնտեսական անվտանգությանը հնարավորինս ընդգրկուն հարված հասցնելու համար: Եվ ոչ միայն բարդ չէ պատկերացնել, այլ նաև արդեն իսկ բավականին նկատելի է՝ և վաղուց, որ Ադրբեջանն իր գրոհները կազմակերպելու համար «հենակետերից» մեկը դիտում է հենց այն անվստահության միջավայրը, որ տարիներ շարունակ սնուցվել է՝ ամենավերևում մատնանշածս պատկերացումների տեսքով:
Հանքարդյունաբերության ոլորտում ներկայումս առաջատար երկրների առաջին շարքերում զարգացած, բարձրտեխնոլոգիական տնտեսությամբ, մարդու իրավունքների և ժողովրդավարության այցեքարտով պետությունների ներկայությունը ցույց է տալիս այդ սնուցումների միֆական կամ կարծրատիպային բնույթը, որն այսօր, բացի Հայաստանի դեմ, դիցուք, Ադրբեջանի գրոհների «հենակետերից» մեկը դառնալուց, գործնականում Հայաստանի Հանրապետության տնտեսական ու, լայն իմաստով, պետական անվտանգության համար չունի որևէ օգտակարություն:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ