2019 թվականի հուլիսը ճակատագրական դարձավ կալավանցի Ռոբերտ Ղուկասյանի համար․ թավշյա իշխանափոխության առաջնորդը՝ մեկամյա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձակուրդում եղած ժամանակ հանդիպել էր Ռոբերտ Ղուկասյանին, ու Ֆեյսբուքով տեղեկացրել․
«Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը և կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ»։
Խորհրդականի պաշտոնը չուշացավ․ նա 2019 թվականի օգոստոսին նշանակվեց այդ պաշտոնում, իսկ արդեն 2022 թվականի մարտին Կառավարության հերթական նիստում տեղեկացանք՝ հենց Ռոբերտ Ղուկասյանն է լինելու թշնամական նոր թիրախ դարձած Սյունիքի մարզպետը։
Ռոբերտ Ղուկասյանը 2021թ․ սկզբից էլ պարբերաբար գործուղվում էր Սյունիք, քանի որ ստանձնել էր Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարի գործառույթները:
2023 թվականը բարեբեր է եղել կալավանցի Ռոբերտի համար
Այսպիսով, մարզպետ Ղուկասյանի 2024 թվականի հայտարարագրից տեղեկանում ենք՝ 2023 թվականը բարեբեր է եղել նրա համար․նա Սյունիքում գնել է միանգամից երկու հողամաս՝ 1 միլիոն դրամ և 1,5 միլիոն դրամ արժողությամբ, որոնք տնօրինում է միանձնյա սեփականության իրավունքով։ Բանկային հաշիվների մնացորդները հաշվետու տարվա ընթացքում ևս աճել են՝ տարեսկզբի 1միլիոն 661 651 դրամից` տարեվերջին հասնելով 2միլիոն 858 145.8 դրամի։
Պաշտոնյան տարեսկզբին ունեցել է 2 միլիոն 300 հազար դրամ կանխիկ դրամ, որը տարեվերջին նվազել է շուրջ 1 միլիոն դրամով։ Պաշտոնյայի տարեկան 18 միլիոն 347 748 դրամ եկամուտն էլ գոյացել է Սյունիքի մարզպետի աշխատակազմից ստացած 12 միլիոն 464 725 դրամ և Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի պետական կառավարչական հիմնարկից ստացած 3,278,202 դրամ աշխատավարձերից, Պետական եկամուտների կոմիտեից ստացած 2,604,821 դրամ այլ եկամուտներից։
Ռոբերտ Ղուկասյանի՝ անշարժ գույք ձեռք բերելու իրավունքի համար դեռ խորհրդական եղած ժամանակ վերցրած վարկի մայր գումարի մնացորդի չափն էլ 3 տարում նվազել է՝ կազմելով 29,338,214 դրամ․ միայն 2023 թվականին նա վարկի մարմանն ուղղել է 3 միլիոն 200 000 դրամ։
Եվս մեկ ուշագրավ դրվագ․ այս հայտարարագրում երբեմնի անկուսակցական Ռոբերտ Ղուկասյանն արդեն տեղեկացրել է՝ մաս է կազմում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։