Նախկին նախարարը մեղադրում է կառավարությանը. ովքե՞ր են թիրախում

Նախորդ տարվա վերջին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից աղմկոտ ազատումից, ապա քրեական գործով անցնելուց ու մի քանի ամիս կալանքի տակ մնալուց հետո, Վահան Քերոբյանը կարծես «խելոքացել» է. առաջվա նման, երբ դեռ նախարար էր, այլևս դոշ չի տալիս իրեն այդ պաշտոնում նշանակած կառավարության համար, ատամներով չի պաշտպանում։ Ընդհակառակը՝ մեղադրում է. հաճախ է սկսել քննադատել ձախողումների համար։ Իհարկե, ուղղակի չի հնչեցնում կառավարության ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի անունը, բայց պարզ է, որ պատասխանատուն ու ձախողումների գլխավոր մեղավորը հենց նա է։

Էկոնոմիկայի նախկին նախարարը կառավարությանը մեղադրում է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի հնարավորությունները փոշիացնելու ու Վրաստանին «նվիրելու» մեջ։ Ասում է՝ պատասխանատուները չեն իրականացրել նախատեսված ճանապարհային քարտեզը, որի հետևանքով այսօր այն հայտնվել է անկման մեջ։

Քերոբյանը կարծում է՝ այն, ինչ անում է կառավարությունը, բերելու է Հայաստանից ոչ միայն միջազգային, այլև տեղական կազմակերպությունների արտահոսքի։

«Մենք մեր ձեռքով Վրաստանին «նվիրեցինք» ՏՏ ոլորտ, որը 2022 թվականի սկզբին իսպառ բացակայում էր այնտեղ, իսկ հիմա չափերով գրեթե հավասար է Հայաստանի ՏՏ ոլորտին։ Ընդամենը երկու տարում»,- ֆեյսբուքյան իր էջում վերջերս գրել էր էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն ու, առանց Փաշինյանի անունը նշելու, մեղադրել կառավարությանը, որ չի ընդունել ժամանակին իր ղեկավարած նախարարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որի պատճառով ոլորտը հայտնվել է անկման մեջ։

«Դրա չընդունումն այսօրվա անկման գլխավոր պատճառն է։ Այժմ էլ մշակվում է փաթեթ, որը ևս չի ապահովելու մեր մրցունակությունը, և արդյունքում՝ մենք կունենանք ոչ միայն միջազգային կազմակերպությունների, այլև հայկական ՏՏ կազմակերպությունների արտահոսք Հայաստանից»,- պնդում է նախկին նախարարը։

Այն, որ այսօր, երբեմնի բարձր աճեր արձանագրող ՏՏ ոլորտը հայտնվել է անկման մեջ, ակնհայտ փաստ է։

Պաշտոնական տվյալներով, տարվա առաջին կեսին անկումը կազմել է ավելի քան 14 տոկոս։ Ու դրա համար Էկոնոմիկայի նախկին նախարարը մեղադրում է կառավարությանը կամ կառավարության պաշտոնյաներին, ովքեր չեն իրականացրել նախատեսված աշխատանքները։ Թե դրա համար նրանք ի՞նչ պատասխանատվության են ենթարկվել կամ ընդհանրապես ենթարկվե՞լ են, թե՞ոչ, Էկոնոմիկայի նախկին նախարարը չի մանրամասնել։ Ենթադրվում է, որ ոչինչ էլ չի արվել։

Կառավարության հասցեին Վահան Քերոբյանի հնչեցրած քննադատությունները, սակայն, սրանով չեն սահմանափակվում։ Վերջերս հայկական կոնյակի որակի շուրջ ռուսական շուկայում արված աղմկահարույց հայտարարությունների կապակցությամբ ևս նա մեղադրում է կառավարությանը։ Այս անգամ Վահան Քերոբյանը նաև անուներ է հնչեցրել՝ ի դեմս երկու փոխվարչապետների։

Հիշեցնենք, որ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միությունը հայտարարեցին համատեղ հետազոտություն անցկացնելու մասին, որի շրջանակներում պարզվել է, որ ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90 տոկոսն անվտանգ չէ։

Ուսումնասիրության համար ձեռք է բերվել հայկական 10 խոշորագույն արտադրողների ավելի քան 20 ապրանքային նշանի 200 նմուշ և ուղարկվել փորձաքննության:

Թեստավորման արդյունքներով, խախտումներ են հայտնաբերվել 177 նմուշներում, ինչը կազմում է ընդհանուրի 89 տոկոսը: Արտադրանքի գրեթե կեսում հայտնաբերվել է ոչ խաղողի սպիրտ, ինչը հակասում է կոնյակի չափանիշներին։

Սրանում էլ Վահան Քերոբյանը տեսնում է կառավարության մեղքը, որ չի ընդունել իր ղեկավարած գերատեսչության առաջարկությունը, ըստ որի՝ նախատեսվում էր, որ արտահանվող կոնյակի սպիրտի համար արտոնություն տրվի միայն շվեյցարական ընկերության կողմից անհրաժեշտ լաբորատոր փորձաքննություններն անցկացվելուց և որակը հաստատվելուց հետո։

Կառավարությունն ընդունել է մի տարբերակը, որը որակի հետազոտություն չի պահանջում։ Դրանում շահագրգռված են եղել երկու փոխվարչապետները՝ ի դեմս Մհեր Գրիգորյանի ու Տիգրան Խաչատրյանի։ Նրանք պնդել են, որ կառավարության որոշումը նման պահանջ չպիտի ներկայացնի։ Այդպես էլ այն ընդունվել է, ու հիմա խնդիրներ են ծագել արտահանվող կոնյակի սպիրտի որակի հետ կապված։

«Sputnik Արմենիայի» հետ զրույցում նա պատմել է, որ 2023թ. վերջին, երբ դեռ նախարար էր, հրաժարվել է ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել կոնյակի սպիրտի սուբսիդավորման նախագիծն այն տեսքով, որով իրեն էր տրամադրվել։

«Ինձ համար պարզ էր` այն մեխանիզմը, որ ներդրված էր նախագծում, չի ապահովում այն, որ հենց խաղողից արտադրված կոնյակի սպիրտն արտահանվի ՀՀ-ից։ Մենք նախարարությունով առաջարկ էինք արել, որն իմ պաշտոնավարման դադարեցումից հետո ինչ-որ ժամանակ հայտնվեց նաև e-draft-ում։ Առաջարկն այն մասին էր, որ արտահանվող կոնյակի սպիրտի համար արտոնություն տրվի միայն այն դեպքում, երբ շվեյցարական ընկերության կողմից անհրաժեշտ լաբորատոր փորձաքննություններն անցկացվեն և հաստատվեն, որ արտահանվող կոնյակի սպիրտն իսկապես խաղողից է»։

Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունն ի վերջո ընդունեց որոշում, որ կոնյակի սպիրտն արտահանվի առանց որակի հետազոտման Ըստ նախկին նախարարի` դա նշանակում է, որ հարվածի տակ ենք դնում՝ ինչպես հայկական կոնյակի համբավը, այնպես էլ՝ վնասում ենք խաղողի սպիրտից արտադրված, շշալցված կոնյակի իրացումը ռուսական շուկայում։ Բացի այդ, տուժում են նաև տասնյակ-հազարավոր խաղողագործներ, քանի որ նրանց արտադրանքի նկատմամբ պահանջարկը նվազում է, փոխարենը՝ մեծանում է անորակ, ոչ խաղողից արտադրված կոնյակի սպիրտի նկատմամբ պահանջարկը։

Այս հարցով Քերոբյանը հիմնական քննարկումներ է ունեցել ՀՀ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի հետ, որոնք էլ եղել են նրա ընդդիմախոսները. նրանք պնդել են, որ սուբսիդավորման նախագիծը պետք է հաստատվի հենց այն տեսքով, ինչպիսին ներկայացվել է` առանց փոփոխությունների։

«Ես չեմ կարողանում դրան տրամաբանական բացատրություն գտնել. եթե մենք ցանկանում ենք խթանել բարձրակարգ արտադրանքի արտահանումը, ապա այդպիսի որակական ֆիլտր դնելը պարտադիր պետք է լիներ»,- ասել է Էկոնոմիկայի նախկին նախարարը, անուղղակիորեն մեղադրելով կառավարությանը, որ նախապատվությունը տվել է փոխվարչապետների կողմից պաշտպանված տարբերակին։ Չնայած ի սկզբանե դրան դեմ է եղել նաև Նիկոլ Փաշինյանը։

Ոչ վաղ անցյալում էլ Վահան Քերոբյանն ուղիղ հայտարարեց, թե արդեն ակնհայտ է, որ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումների մեծ մասը չի իրականացվի, կմնա անկատար.
«Դա կվերաբերի և՛ ջրամբարաշինության ծրագրերին, և՛ դպրոցաշինության, և՛ բազմաթիվ այլ ենթակառուցվածքներին։ Ջրային ոլորտի բարեփոխումները տեղի չեն ունեցել, և այլն։ Կարծում եմ` գլխավոր խնդիրն այն է, որ առաջնահերթությունները փոխվել են։

Առաջնահերթությունը համարվում է ոչ թե կառավարության ծրագրի իրականացումը, այլ լոյալ ձևանալը։ Իրական լոյալությունը, որ պետք է արտահայտվեր կառավարության ծրագիրն իրականացնելու ձգտմամբ և գործունեությամբ, ստորադասվել է ձևական լոյալությանը»,- ասել էր Վահան Քերոբյանը։

Թե մինչև ո՞ւր կհասնի Էկոնոմիկայի նախկին նախարարի այս «հանդգնությունը» կառավարության հանդեպ, ժամանակը ցույց կտա։ Բայց կասկած չկա, որ, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, կառավարությունում դա երկար չեն հանդուրժի։ Թերևս հենց դրա համար էլ Քերոբյանը զգույշ է արտահայտվում՝ առանց նշելու Նիկոլ Փաշինյանի անունը:

Ի դեպ, ընթերցողը պետք է ուշադրության կենտրոնում պահի ՀՀ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի անունները, որովհետև նրանք Նիկոլ Փաշինյանին և կառավարության այլ անդամներին հավասար պատասխանատվություն են կրում և քաղաքական, և տնտեսական որոշումներում, որը Արցախն ու Հայաստանը հասցրել է այս աղետալի վիճակին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *