Ինձ ապօրինաբար պահել են կալանքի տակ, երբեք չեմ լքի Հայաստանը. նիկոլական իշխանությունը հեռացվելու է. Ալբերտ Բազեյան

Պահեստազորի գնդապետ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանն, այսօր հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր դեմ հարուցված շինծու քրեական գործը եղել է գործող իշխանության քաղաքական պատվերը, որի հետևանքով 6 ամիս ապօրինաբար ազատազրկվել է և գտնվել կալանավայրում։ Այնուհետև 5 ամիս ենթարկվել է տնային կալանքի։

«Գործող իշխանության հրահանգով և Ազգային անվտանգության ծառայության հատուկ կարևորագույն գործով քննիչ Սպարտակ Պողոսյանի կողմից հորինված ապօրինի մեղադրանքով և Աջափնյակի ընդհանուր իրավասության Առաջին ատյանի քրեական դատարանի անարդարացի և ոչ իրավաչափ որոշումներով խախտվել է ազատ տեղաշարժվելու և իմ քաղաքական հայացքներն ու դիրքորոշումներն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքը։

Փաստում եմ՝ որևէ իշխանություն հավերժ չէ և ներկայիս նիկոլական իշխանությունը վաղ թե ուշ հեռացվելու է, Հայաստանում ձևավորվելու է նոր՝ հայրենապաշտ իշխանություն»,- նշեց Ալբերտ Բազեյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը և նրա գաղափարակից պաշտոնյաները ենթարկվելու են ՀՀ օրենքով սահմանված կարգով դատական պատասխանատվության՝ Հայաստանին հանպատրաստից պատերազմի տանելու, տաղանդավոր ու հաղթական հայ ժողովրդին պարտության մատնելու, Արցախն ամբողջությամբ թշնամուն հանձնելու և Հայաստանի մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր, պաշտպանական կարևոր գիծ թշնամուն թողնելու, 5 հազարից ավելի զինվորների զոհաբերելու համար։

«Իմ գործունեությունը՝ իմ զինակից ու գաղափարակից ընկերների հետ միասին, ուղղված է գործող ապազգային ու պարտվողական իշխանությանը հեռացնելու և ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կարգով արդար և օրինական արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորելու նոր ազգային իշխանություն։ Ակնկալում ենք, որ նոր ձևավորվելիք իշխանությունն իրականացնելու է մեր պետական շահերից բխող, մեր ժողովրդի նպատակները հետապնդող արտաքին ու ներքին քաղաքականություն»,- շեշտեց Երևանի նախկին քաղաքապետը։

Ինչ վերաբերվում է իր դեմ հարուցված քրեական գործին, Ալբերտ Բազեյանը նշեց, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել մեկ մարդու՝ ԱԱԾ-ի կողմից հավաքագրված և ուղղորդված Արմեն Հարությունյանի ցուցմունքի հիման վրա։

«Ինձ ձերբակալելուց հետո պահանջել եմ առերեսում կազմակերպել նրա հետ, սակայն քննիչ Պողոսյանը մնացել է անհաղորդ։ Ինձ կալանավորելուց վեց ամիս անց ԱԱԾ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանը կազմակերպեց առերեսում այդ մարդու հետ։ Իմ և Հովհաննես Մարտիրոսյանի ներկայությամբ Արմեն Հարությունյանը հայտարարեց, որ ինձ հեռակա կարգով է ճանաչել՝ որպես հասարակական ու քաղաքական գործիչ, բայց ինձ հետ ֆիզիկապես չի հանդիպել և որևէ առնչություն չի ունեցել։

Ըստ քննիչի՝ ինձ կալանքի տակ են պահել, մտավախություն ունենալով, որ կարող եմ փախնել։ Հավանաբար քննիչի համար անընկալելի է, որ ես ունեմ ընտանիք՝ զավակներ, թոռներ, մարտական ընկերներ, Եռաբլուր, և երբեք չեմ լքի Հայաստանը»,- ընդգծեց Ալբերտ Բազեյանը։

Նա նաև ասաց, որ 2023 թվականի սեպտեմբերի 22-ին եղել է Հանրապետության հրապարակի հանրահավաքին, սակայն ոչ այն մարդկանց հետ, որոնց հետ իրեն փորձում է կապել քննիչը։
Հիշեցնենք, որ Ալբերտ Բազեյանը կալանավորվել էր նախորդ տարի՝ 2023 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածանքով։ Ի սկզբանե Ալբերտ Բազեյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, համարելով, որ ինքը քաղբանտարկյալ է և հետապնդվել է իր քաղաքական դիրքորոշումների համար։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *