Սուրեն Պապիկյանի բարդ ժամանակները և ՊՆ անուղղակի հղումները. արդյոք նա մնացե՞լ է 2022 թվականի իր դիրքորոշման մեջ

Հաշվի առնելով հուլիսի 15-ից հուլիսի 24-ը ՀՀ-ում «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության, Հայաստան-ԱՄՆ պաշտպանական համագործակցության վերաբերյալ, ՀՀ ԶՈՒ-ն ամերիկյան մոդելով զարգացնելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների և իշխանամերձ փորձագետների բարձրագոչ հայտարարությունները, 168.am- ն օգոստոսի 10-ին գրավոր հարցում էր ուղղել:

Պաշտպանության նախարարությանը՝ պարզելու, թե «Արծիվ գործընկեր» խաղաղապահ ուժերի զորավարժությունից բացի, ԱՄՆ-ի հետ համատեղ այլ զորավարժություն մոտ ապագայում նախատեսվո՞ւմ է, կամ՝ 2024 թվականին ՀՀ զինված ուժերը միջազգային կամ երկկողմ ի՞նչ զորավարժությունների է մասնակցելու, մասնավորապես, ՆԱՏՕ-ի որևէ զորավարժության մասնակցություն նախատեսվա՞ծ է:

Մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ 20 օր հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա գործընկեր պետությունների հետ միջոցառումներին, այդ թվում՝ զորավարժություններին, մասնակցում է՝ համաձայն երկկողմ հաստատված ռազմական պլանի:

Գերատեսչությունից հավելել են նաև, որ պլանավորվող և անցկացվող զորավարժությունների վերաբերյալ իրենք սովորաբար հանդես են գալիս հաղորդագրություններով:

Պաշտպանության նախարարության ընթացակարգը ներկայացնող այս խուսափողական պատասխանից կամ կարող ենք ենթադրել, որ նպատակահարմար չեն գտել գաղտնազերծել Հայաստան-ՆԱՏՕ կամ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական ծրագրերի առանձին դրվագներ, կամ՝ նման աստիճանի պայմանավորվածությունների չեն հասել: Հնարավոր է՝ երկրորդ տարբերակն է:

Սուրեն Պապիկյանը հե՞տ է կանգնել 2022 թվականի իր դիրքորոշումից

Օգոստոսի 10-ի մեր հարցման միջոցով փորձել էինք ճշտել նաև՝ Ադրբեջանի կողմից 2021-2022 թվականներին տեղի ունեցած ադրբեջանական առաջխաղացումների և ռազմական գործողությունների ժամանակ ՀՀ ինքնիշխան տարածքից քանի՞ քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացված: Հարցադրումը տրվել էր՝ հաշվի առնելով, որ այս տարվա մարտի 20-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ էր դրել այդ տարածքի՝ Հայաստանինը լինելու փաստը:

Մասնավորապես, ադրբեջանական զորքի հետքաշման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշել էր.

«Դուք ասում եք՝ վստա՞հ եք, որ Ադրբեջանը մեր տարածքներից հետ է գնալու, ես էլ ասում եմ՝ ո՞րն է մեր տարածքը, կարո՞ղ եք ցույց տալ։ Երբ ասում եք՝ վստա՞հ եք, որ Ադրբեջանը դուրս է գալու մեր տարածքից, նախ այդ հարցի պատասխանը տալու ու այդ հարցը լուծելու համար, մենք պետք է ֆիքսենք, թե ո՞րն է մեր տարածքը։ Եվ մեր տարածքը ֆիքսելն առաջին կարևոր ու անխուսափելի և պարտադիր նախապայմանն է, որով պետք է մենք ձևակերպենք մեր տարածքներից դուրս գալը»:

Իսկ 2022թ. դեկտեմբերին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին պաշտոնական գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ տարածքային կորուստների վերաբերյալ: Արդյունքում պարզել էր, որ 2022թ. դեկտեմբերի դրությամբ ՀՀ տարածքից օկուպացված է 139.24 քկմ տարածք:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից ընդդիմադիր պատգամավորին ուղարկված պատասխան գրության մեջ 168.am-ը մի ուշագրավ փաստ-արտահայտություն էր արձանագրել՝ «Թշնամու կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացված է…»:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ 2023 թվականի աշնանը հայտարարել էր, որ 200 քառակուսի կմ Հայաստանի Հանրապետության տարածք է գտնվում ադրբեջանական ուժերի ներքո. նա նկատի էր ունեցել և՛ 1990-ականներին անցածները, և՛ 2021-2022 թվականներին օկուպացվածը:

Եվ հիմա, երբ Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում տարածքներ են հանձնվել, իսկ 2021-2022 թվականներին Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներին առնչվող թիվ չի նշվում, որոշեցինք Սուրեն Պապիկյանի կամ նրա ղեկավարած կառույցի ձեռքի տակի ունեցած պաշտոնական տվյալն իմանալ և պարզել՝ արդյո՞ք ՀՀ պաշտպանության նախարարը հետ է կանգնել իր 2022թ. դիրքորոշումից:

Բայց արի ու տես, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդամենը որոշել է սահմանափակվել հետևյալով՝ «այդ հարցի վերաբերյալ պարբերաբար հնչել են պաշտոնական հայտարարություններ»:

Խնդիրն այն է, որ այդ պաշտոնական հայտարարությունները երբեմն հակասել են իրար, որ դրանք մանիպուլյատիվ են եղել: Օրինակ, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խնդիր չեն դրել Հայաստանից օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերականգնելու, որ այդ տարածքների ճակատագիրը լուծվելու է սահմանազատման ճանապարհով: Կարիք կա՞ բացատրելու, թե սա ինչ է նշանակում:

Ի դեպ, ՀՀ օկուպացված տարածքներին առնչվող թվային տվյալ Փաշինյանը, ըստ էության, ընդդիմությանը հղում տալով է ասել, և ոչ ուղիղ:

«Ընդդիմությունը մեզ քննադատում է և քննադատել է այն փաստի բերումով և պատճառով, որ ՀՀ ինքնիշխան, ավելին քան 240 քկմ տարածքն օկուպացված են։ Որպեսզի ամեն ինչ պարզ լինի, ասեմ, որ այդ տարածքները, Հայաստանի 29.743 քկմ տարածքը մեզ համար սակարկության ենթակա չեն»,- նշել է Փաշինյանը:

Հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ տարածքներով ՀՀ ինքնիշխան տարածքը 29.743 քկմ է կազմում: Սա՝ առաջին: Երկրորդ, մենք խնդրել էինք ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնական հաշվարկ-պարզաբանումը: Երրորդ, երբ մեզ ասվում է՝ տրվել են պաշտոնական պարզաբանումներ, հիմա ո՞ր մեկը հիմք ընդունենք՝ 2022 թվականի Սուրեն Պապիկյանի պաշտոնական պարզաբանո՞ւմն ընդդիմադիր պատգամավորին, թե՞ Փաշինյանի, ըստ քաղաքական նպատակահարմարության՝ հնչեցրած հայտարարությունները:

Ի դեպ, նմանօրինակ պատասխան է տվել ՀՀ պաշտպանության նախարարությունը նաև մեր այն հարցին, թե սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում կառուցվածքային ինչ փոփոխություններ են նախատեսվում ՀՀ ԶՈւ բանակային կորպուսներում կամ զորամիավորումներում, նաև՝ բարեփոխումների համատեքստում:

«Զինված ուժերում կառուցվածքային փոփոխությունները տեղի են ունենում Կառավարության որոշմամբ, որոնց վերաբերյալ տրվում են հաղորդագրություններ»,- նշվում է ՊՆ պատասխան գրության մեջ:

Մի կողմ թողնենք նմանօրինակ հաղորդագրությունների տրվել-չտրվելու հարցը, բայց մեր հարցն ավելի շատ վերաբերում էր կրճատումներին սահմանազատման գործընթացի արդյունքում:

Թող Մխիթար Հայրապետյանը պատասխանի

Իսկ 168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարությանը նաև ռազմարդյունաբերության հետ կապված հարց էր ուղղել:

Մասնավորապես, 2024 թվականի ապրիլին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ պաշտպանության նախարարությունից ստացել են 122 միլիարդ դրամի պատվեր, և, որ մինչև տարեվերջ այդ ցուցանիշը կհասնի 191 մլրդ դրամի:

«ՊՆ-ից պատվերներ է ստացել 25 ընկերություն։ Մենք ակնկալում ենք, որ այս ցուցանիշը տարեվերջին կհասնի 29-ի»,- հավելել էր նախարարը:

Մենք փորձել էինք պարզել՝ անցել է մի քանի ամիս, արդյո՞ք թվային պատկերը փոխվել է, և ի՞նչ պատվերների մասին է խոսքը:

Պատվիրատու հանդիսացող ՀՀ պաշտպանության նախարարությունը մեզ հորդորել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից (ԲՏԱ) պարզաբանում ստանալ այս հարցերի վերաբերյալ:

Իսկ Սուրեն Պապիկյանի օգնականների և խորհրդականների թվի և նրանց համակարգմանը հանձնված մեր հարցն ընդհանրապես անտեսվել է, գրությունից տպավորություն է, որ նման հարց չի էլ ուղղվել: Ուրեմն Սուրեն Պապիկյանի պաշտոնապես գրանցված օգնականների մասին կարելի է տեղեկություններ ստանալ բաց աղբյուրներից, ավելին, 168.am-ը նրա օգնականների մասին ավելի վաղ գրել է, թե ովքեր են, բայց փոփոխություններ կարող են, չէ՞, լինել:

Սուրեն Պապիկյանի խորհրդականներն էլ, ըստ էության, հայտնի են, ՊՆ էր վերջերս տարածել զինվորական խորհրդականների մասին տեղեկատվությունը, որոնց թիվը 3-ն է՝ գեներալ-մայոր Ա. Սիմոնյանը, պահեստազորի գնդապետ Ռ. Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մ. Պողոսյանը: Սա՝ չհաշված ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանի դեպքը, որի ՊՆ խորհրդական լինելը, ըստ էության, նախարարությունը չէր էլ հերքել, խնդիրը՝ ինչ ուղղությամբ է խորհուրդներ տալիս Պապիկյանին, և հետո ինչ պաշտոններ կարող է ստանձնել:

Ի վերջո, Վարդանյանը ՀՀ ԶՈՒ-երում նոր դեմք չէ, նա 2020 թվականի հունվարին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ: Այս մասին դեռ առանձին հոդվածով կանդրադառնանք…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *