Провальщики. սա՞ է ձեր «շեշտակի նվազեցումը»

Այսպես են գյուղատնտեսություն զարգացնում, ծրագրեր իրականացնում՝ եկել-չեն եկել, ասում են՝ սակավահող Հայաստանում վարելահողերի մեծ մասն անմշակ է։

Վեց տարուց ավելի է՝ իշխանության են, էլի նույն իրավիճակն է, նույն ճառերը, նույն մեղադրանքները, բան չի փոխվել։ Էլի վարելահողերի մեծ մասը շարունակում են անմշակ մնալ։

«Հայաստանում վարելահողերի միայն 49,5 տոկոսն է մշակվում»,- օրերս հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարարը։

Այդպես էր նաև տարիներ առաջ։ Հիշեցնենք՝ դեռ 2021թ. Կոտայքի մարզում անցկացված մի խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանը դարձյալ հայտարարում էր, որ Հայաստանում վարելահողերի մեծ մասը շարունակում է մնալ չմշակված, և սա հիմնարար խնդիր է։ Այսօր նույնն ասում է նաև նրա թիմակիցը՝ գյուղատնտեսության համար պատասխանատու նախարարության փոխնախարարը։

Թե ի՞նչ են արել այս տարիներին գյուղատնտեսական հողերը մշակելի դարձնելու համար, պարզ չէ։ Որևէ գործ չեն արել: Տարիներն անցնում են, իսկ վարելահողերի մեծ մասն էլի շարունակում է անմշակ մնալ։ «Այդ ուղղությամբ ծրագրեր ենք իրականացնում չմշակվող հողերը մշակելի դարձնելու համար»,- ասում է փոխնախարարը։

Ի՞նչ ծրագրեր են դրանք, արդեն էական էլ չէ, եթե այսքան տարի հետո էլի վարելահողերի մեծ մասը շարունակում է մնալ անմշակ։ Դա նշանակում է, որ, եթե նույնիսկ ծրագրեր կան, ապա դրանք արդյունավետ չեն։ Թեև դրանում զարմանալու բան չկա։ Հինգ տարի է՝ անասնապահության ոլորտում խելացի անասնագոմերի ծրագիր են իբր իրականացնում՝ ընդամենը 50 անասնագոմ են կառուցել, որոնց մի մասը չի էլ գործում։ Անասնագոմը կա՝ անասուն չկա։

Մեկ այլ՝ տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում, 2019-2024թթ. ընթացքում, հինգ տարում ընդամենը 2450 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի են ներմուծել։ Միջինը տարեկան՝ 500-ից պակաս։

Սրանով էլ ուզում են տավարաբուծություն զարգացնել ու կաթնատվության որակը բարձրացնել։ Հինգ տարի հետո նոր հիշել են, որ թանկարժեք կենդանիները ներմուծելու փոխարեն՝ կարելի է տոհմակայաններ ստեղծել ու տեղում դրանք ստանալ։

Այսպես էլ ժամանակին խոստանում էին հեղափոխական տեմպերով զարգացնել գյուղատնտեսությունն ու տեխնոլոգիական վերափոխումներ անել։

«Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաև գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը և, ի վերջո, այդպիսի հողերի գոյության բացառումը»,- դեռ մինչև վարչապետ ընտրվելը հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Գեղեցիկ էր, չէ՞, հնչում գյուղացու ականջների համար: Բայց արի ու տես, որ այս հայտարարությունից 6 տարի հետո Հայաստանում վարելահողերի 50,5 տոկոսը չի մշակվում։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը չմշակվող հողերի շեշտակի նվազեցում էր խոստանում, չասենք՝ ընդհանրապես բացառում։

Իշխող այս վարչախումբն իր կառավարման 6 տարիների ընթացքում գյուղատնտեսությունը ոչ միայն հեղափոխական տեմպերով չի զարգացրել ու տեխնոլոգիական վերափոխման չի ենթարկել, այլև չմշակվող հողերն ավելացրել է, ցանքատարածությունները՝ կրճատել։

Հա, ՀՀ գյուղնախարարությունն էլ փակեցին, ասացին՝ պետք չի:

Կրճատվել է նաև գյուղատնտեսության բաժինը ՀՆԱ-ի մեջ։ Եթե 2017թ. գյուղատնտեսությունը կազմում էր ՀՆԱ գրեթե 15 տոկոսը, անցած տարի կազմեց հազիվ 8,4 տոկոսը։ Այս տարվա առաջին կեսին՝ նույնիսկ ավելի քիչ։ Եվ սա՝ այն պարագայում, երբ վերջին տարիներին գյուղատնտեսության մեջ հսկայական գումարներ են ծախսել, տարբեր ծրագրեր են ֆինանսավորել։ Բայց արդյունքներն ահա այսպիսին են։

Վերջին տարիներին գյուղատնտեսությունը մշտապես անկումային է եղել։ Գրեթե չի եղել տարի, որ գյուղատնտեսության ոլորտում աճ արձանագրվի։

2018թ. գյուղատնտեսության արտադրության ծավալների նվազումը կազմեց 7,4 տոկոս, բուսաբուծության մեջ անկումը նույնիսկ երկնիշ էր՝ անցնում էր 12 տոկոսից։ 2019թ. գյուղատնտեսության անկումը 4,2 տոկոս էր, բուսաբուծության մեջ էլ հասնում էր 7,7 տոկոսի։ Եվ դա՝ նախորդ տարվա գյուղատնտեսության՝ 7,4, և բուսաբուծության՝ ավելի քան 12 տոկոս անկումից հետո։

2020թ. գյուղատնտեսության անկումը կազմեց 4 տոկոս, 2021թ.՝ 1,4 տոկոս, 2022թ.՝ 0,7 տոկոս։

2023թ. էլ, սկզբում գյուղատնտեսությունն անկումային էր, հետո վերանայեցին՝ աճ դարձրեցին, եթե, իհարկե, 0,2 տոկոսը կարելի է աճ համարել։

Այսքան անկումներից հետո հպարտանում են, որ այս տարվա առաջին կեսին գյուղատնտեսության մեջ 4 տոկոս աճ է գրանցվել։ Այս տեմպերով դեռ ինչքա՞ն պիտի գյուղատնտեսությունն աճի, որ վերջին տարիների կորցրածը կարողանա հետ բերել։

Նույնիսկ ավելորդ է ասել, որ կառավարությունը ձախողել է գյուղատնտեսության ոլորտում իրականացրած քաղաքականությունը։ Ու դա տեղի է ունեցել պետական բյուջեից, գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով, հսկայական գումարներ ծախսելու պարագայում։

Պետական բյուջեից միլիարդավոր դրամներ են հատկացրել տարբեր ծրագրեր իրականացնելու, անասնագոմեր կառուցելու, ջերմոցներ, ինտենսիվ այգիներ հիմնելու, բերքը կարկտահարությունից պաշտպանելու, ապահովագրելու, վարկեր տրամադրելու ու դրանց տոկոսները սուբսիդավորելու, նաև բազմաթիվ այլ հայտնի ու անհայտ բաների համար, իսկ արդյունքը եղել է այն, որ գրեթե ամեն տարի, հաջորդ տարվա նկատմամբ, գյուղատնտեսության արտադրության ծավալները կրճատվել են։

Պետական բյուջեի գումարները ծախսել են, իսկ գյուղատնտեսությունը զարգացնելու, արտադրության ծավալներն ավելացնելու փոխարեն՝ մի բան էլ կրճատել են։

Միլիարդները չեն ծառայել իրենց նպատակին, տեղ չեն հասել կամ թալանվել են։

Դրանց հետ կապված՝ նման մի քրեական գործ այսօր քննվում է ինտենսիվ այգիների հիմնման ծրագրի շրջանակներում։ Ինչո՞վ այն կավարտվի, ժամանակը ցույց կտա։ Բայց ինչով էլ ավարտվի, փաստ է, որ այս տարիներին այդքան գումարներ ծախսելուց հետո էլ գյուղատնտեսությունը ոչ միայն հեղափոխական տեմպերով չի զարգացել, այլև հետ է գնացել։ Չմշակվող գյուղատնտեսական հողերի գոյությունը ոչ միայն չի բացառվել կամ շեշտակի նվազել, ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը, այլև դրանց մեծ մասը նախկինի նման շարունակում է մնալ անմշակ։

Որևէ մեկի աշխատանքը, որպես կանոն, գնահատում են արդյունքներով, և ոչ թե՝ գեղեցիկ ճառերով: Այս իշխանությունների աշխատանքի արդյունքը ԶՐՈ է, իրենք՝ բոլոր ոլորտներում ձախողած, անգրագետ կառավարություն: Ինչպես ասում են՝ провальщики:

Պարզապես երկիրն ու հողն է ափսոս, գյուղն է ափսոս, գյուղացու աշխատանքն է ափսոս…

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *