Մինչ երեկ ՀՀ վարչապետը կնոջ հետ ուղղաթիռով շրջագայություն էր կազմակերպել ՀՀ մարզեր՝ Սյունիք, Տավուշ, Շիրակ՝ այցելելով նորակառույց դպրոցներ, այցելած մարզերից մեկի համայնքներից մեկում՝ Շիրակի մարզի Ջրափիում, առաջին դասարանցիները դպրոց հաճախեցին առանց դասվարի: Ու մինչ Փաշինյանը Կապսի նորակառույց դպրոցում փակ հանդիպում էր անցկացնում մանկավարժների հետ, դժվար թե տեղեկացված լիներ, որ Շիրակի մարզի տասնյակից ավել դպրոցներ նման խնդրի առաջ են կանգնած:
Ջրափիի միջնակարգ դպրոցը դեռ ամիսներ առաջ էր դասվար փնտրում, անգամ առաջին դասարանցի 5 փոքրիկները ֆեյսբուքում ֆլեշմոբ էին կազմակերպել, պաստառ պատրաստել՝ նշելով, թե փնտրում են դասվար: Դա էլ չօգնեց, եւ մարզկենտրոնից մոտ 40 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում որպես ուսուցիչ աշխատելու ցանկություն հայտնող այդպես էլ չգտնվեց: Ջրափիի միջնակարգ դպրոցից հայտնում են, որ դասվարի թափուր տեղի համար մրցույթը կկայանա սեպտեմբերի 18-ին, բայց մինչ այս պահը դեռ որևէ հայտ չեն ստացել, իսկ առաջին դասարանցիներին այսպես ասած՝ յոլա են տանում մյուս դասարանների ուսուցիչները, հուսալով, որ դասվարի հարցը մոտ ապագայում կլուծվի: Համայնքում համապատասխան կրթություն ստացող կամ ստացած բնակիչ չկա, հեռավոր համայնքների մանկավարժներին էլ սահմանամերձ Ջրափին չի ձգում, որպես ճանապարհածախս մարզպետարանը ընդամենը օրական 1000 դրամ է հավելյալ հատկացնում ուսուցչի աշխատավարձին, ինչը բավարար չէ, քանի որ մարզկենտրոնից Ջրափի հասարակական տրանսպորտ չի գործում:
Ուշագրավ է, որ ըստ օրենքի ուսուցչի թափուր տեղի մրցույթ հայտարարվում է օգոստոսի 20-ից հետո, երբ ընդամենը 10 օր հետո ուսումնական տարվա մեկնարկն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/639111366922fad2b37fdb607110f32a