Ազատության հրապարակում օրերս տեղի ունեցած «Սիմֆոնիկ Երևան» խորագրով համերգային ծրագրի համար Երևանի քաղաքապետարանը բյուջեից ծախսել է 58 միլիոն 840 000 դրամ։ Ծրագրի շրջանակում հանդես էր եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Նախատեսված գումարը հատկացվել է երկու պայմանագրով։ Քաղաքապետարանը նախ պայմանագիր է կնքել «Բրիդջ» ընկերության հետ և այս ընկերությունից, ավանդույթի համաձայն, մեկ անձ ոչ մրցակցային գնման ընթացակարգով ձեռք է բերել մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ։ Այս պայմանագրի գին է նշվել 39 միլիոն 840 000 դրամը, որի շրջանակում ընկերությունը պետք է իրականացներ տեխնիկական մի շարք աշխատանքներ։
Հաջորդ պայմանագիրն արդեն կնքվել է հենց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ ՊՈԱԿ-ի հետ՝ դարձյալ նույն ընթացակարգով․ պայմանագրի գինը կազմել է 19 միլիոն դրամ։
«Բրիդջ» ՍՊԸ-ի մասին․ ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ 2015 թվականից գրանցված այս ընկերության 100 տոկոս բաժնեմասը 2022 թվականից պատկանում է Նարեկ Չախոյանին, և հենց 2022 թվականից էլ սկսվում է «Բրիդջ»-ի ակտիվությունը պետգնումներում։
Մատակարար այս ընկերության հիմնական պատվիրատու-պետական գերատեսչություններն են Երևանի քաղաքապետարանը, Հանրային հեռուստաընկերությունը, Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարությունը, վարչապետի աշխատակազմը։
ՍՊԸ-ի հետ պայմանագրերի մեծ մասը կնքվել է մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով․ 2022 թվականից մինչև օրս կնքված միլիոնավոր դրամների արժողությամբ շուրջ 15 պայմանագրերից 8-ը եղել է մեկ անձ, 2-ը՝ հրատապ մեկ անձ գնման ընթացակարգերով։
Ի դեպ, 2023 թվականին Երևանի քաղաքապետարանը «Սիմֆոնիկ Երևան» խորագրով դասական երաժշտության համերգային ծրագրի շրջանակում մշակութային միջոցառումների կազմակերպման՝ տեխնիկական ապահովումծառայությունը դարձյալ ձեռք էր բերել այս ընկերությունից, դարձյալ մեկ անձից գնումով։ Պայմանագրի գինն այդ տարի կազմել էր 31 միլիոն 520 հազար դրամ։