Քաղաքական դաշտի թամադան

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Քաղաքական դաշտի թամադան…

Նիկոլ Փաշինյանն ինչ-որ Ամառային դպրոցի մասնակից աշակերտների հետ հանդիպմանը խոսել է այն մասին, որ հարսանիքներին մեր թամադաները զինվորների կենացը խմում են, իսկ հարկ վճարողներինը՝ ոչ: Բայց չէ՞ որ զինվորի հնարավորությունները կախված են վճարած հարկերից, իր հայտնի «տեսությունն» է ներկայացրել Փաշինյանը, կրկնելով, որ հարկ վճարողը հերոս է:

Այս թեմային Ֆեյսբուքում անդրադարձել եմ դեռ առաջին անգամ, երբ Փաշինյանն արտահայտել էր «հերոսության» մասին իր միտքը: Այժմ չեմ տեսնում անդրադարձի կարիք: Եվ ոչ միայն այն պատճառով, որ մի անգամ արդեն անդրադարձել եմ:

Պատճառն ավելի խորն է ու ընդգրկուն: Անդրադարձի կարիք չեմ տեսնում, որովհետեւ տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը բավականին պարզունակ տեսություններով պարզապես ինտենսիվ աշխատում է իր ընտրազանգվածի վրա, նաեւ ձեւավորում, այսպես ասած, «քաղաքական օրակարգեր»:

Այլ կերպ ասած, ինչպես թամադան է վարում հարսանիքը, ուղղություն տալիս դրան, սահմանում հարսանիքի բովանդակությունը, այդպես էլ Նիկոլ Փաշինյանն իր այդ մարտավարությամբ ըստ էության իրականացնում է ներքաղաքական դաշտի, հասարակական-քաղաքական կյանքի թամադայություն:

Նա ասում է պետության մասին մի պրիմիտիվ կենաց, եւ հետո ամբողջ դաշտը սկսում է դրա շուրջ քննարկումները: Եվ Փաշինյանին ըստ էության հետաքրքիր չէ, թե այդ քննարկումների, այսպես ասած, դրական եւ բացասական շեշտադրումների հարաբերակցությունն իր օգտի՞ն է, թե՞ ոչ:

Կրկնեմ, նա դրանով հստակ սպասարկում է իր ընտրազանգվածի «կարիքները»՝ լավ պատկերացնելով, որ միեւնույն է՝ մյուս շերտերի համակրանքը շահելու հնարավորությունը նա կորցրել է վաղուց:

Հետեւաբար, խնդիրը «ներքաղաքական հարսանիքի» ընթացքը, բովանդակությունը կառավարելն է, որպեսզի չհայտնվեն առավել կարողունակ «թամադաներ»:

Եվ Փաշինյանի մոտ դա առայժմ ստացվում է գրեթե անվրեպ, որովհետեւ ըստ էության բոլորն էլ այս կամ այն կերպ մասնակցում են նրա առաջարկած «խաղերին»:

Եվ մասնակիցների ճնշող մեծամասնությունը համոզված է, որ ինքը ավելի լավ է խաղում, քան Փաշինյանը: Մինչդեռ, այստեղ ամբողջ «պադվոխն» (ներեցեք օտար բառի համար) այն է, որ իրենք այդ կերպ խաղում են ոչ թե Փաշինյանի դեմ, այլ խաղում են նրա թելադրած խաղը, որը խաղալու պարագայում չկա նրան հաղթելու հնարավորություն: Որովհհետեւ հարսանիքներում թամադայի առաջարկած, կազմակերպած խաղի մասնակիցները նրան չեն հաղթում, այլ իրար:

Փաշինյանին հաղթել կարող է նա, ով կարող է փոխել խաղը, այլ ոչ թե նրա առաջարկած խաղային տրամաբանության մեջ լինել ավելի լավը»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *