Այս տարի հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 1-ը կրկին մեկնարկեց առանց որոշ դասագրքերի, դպրոցները 13 անուն դասագիրք ամբողջ տարին չեն ունենալու։ Հայտարարված մրցույթին կա՛մ չեն մասնակցել, կա՛մ մասնակցել են ու չեն անցել, արդյունքում՝ դպրոցներում աշակերտները 13 առարկա կսովորեն, որքան էլ տարօրինակ է՝ առանց դասագրքերի։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ եթե նորմալ երկրում ապրեինք, և նման իրավիճակ լիներ, այսինքն՝ 13 անուն դասագիրք չմտներ դպրոց, ապա դրա համար կլինեին պատասխանատուներ, և նրանք իրենց պատիժը պետք է արդեն կրելուց լինեին։
«Դասագրքերը ոչ թե ուշանում են, ինչպես անցած տարի եղավ, այլ առհասարակ չեն լինելու։ Առանց դասագրքերի անհնար է կազմակերպել ուսումնական պրոցեսը, սա ոչ թե ուսուցիչների, աշակերտների կամ նրանց ծնողների խնդիրն է, այլ պետական պատվեր տվողի, այսինքն՝ այս դեպքում պետական պատվերը տալիս է համապատասխան նախարարությունը։ Եկեք, տեսեք, որ այդ նախարարությունը ոչ միայն պատասխանատվություն չի կրում, այլև պարգևավճարներ են ստանում մարդիկ, որոնք այդ ոլորտում որոշումներ են կայացնում։ Սա ուղղակի ընդգծված պետական քաղաքականություն է, որն էապես ազդելու է կրթության որակի վրա, որի ականատեսը մենք ըստ էության դառնում ենք»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Ատոմ Մխիթարյանը։
Ըստ փորձագետի, այնպես չէ, որ այդ դասագրքերի նյութն ինչ-որ տեղ դրված է, և աշակերտները կարող են գտնել ու տպել, իրականում այդ դասագրքերը գոյություն չունեն։ Այստեղ ամեն ինչ թողնված է դպրոցի, ուսուցչի ու մնացած մարդկանց վրա, որոնք ինչ-որ ձևով մասնակցում են կրթական գործընթացին։ Այսինքն՝ հնարավոր չի լինելու որևէ նյութ գտնել, ուղղակի պետք է նստել ու երևակայել, թե ամբողջ դասաժամի ընթացքում ինչ է պետք անել։
«Օրինակ, պետք է երևակայեն, թե ինչ պետք է անեն 10-րդ դասարանում Հայոց պատմության դասաժամին, որովհետև դասագիրք չկա, պարզ է, որ այդ դասն ընդհանրապես բաց կթողնվի, այդ երեխաները որևէ բան չեն սովորի պատմությունից։ Նորից եմ ասում՝ սա պետական քաղաքականություն է՝ արմատախիլ անել գրագիտությունը դպրոցից։
Նման դեպք ոչ միայն Հայաստանում նախկինում չէր եղել, այլև ամբողջ աշխարհում, ասում են՝ եկեք առանց դասագրքերի սովորենք։ Եթե նույն տրամաբանությամբ շարունակենք, ապա եկեք բոլոր դասագրքերը հանենք և այդպես շարունակենք կրթական գործընթացը, սա էլ է հնարավոր, բայց այդ դեպքում ի՞նչ կունենանք, կունենանք դեգրադացվող հասարակություն, ընդ որում՝ արագ տեմպերով։ Հիմա տեմպերը մի քիչ դանդաղում են, որովհետև որոշ առարկաների դեպքում դեռ դասագրքեր կան, դրանց որակի մասին դեռևս չենք խոսում, որովհետև այնպես չէ, որ դպրոցներ մտած դասագրքերն ունեն այն որակը, որին մենք երազում էինք հասնել»,- հավելեց Ատոմ Մխիթարյանը։
Թե ինչո՞ւ դասագրքերի համար հայտարարված մրցույթին չեն մասնակցում, իսկ մասնակցած կազմակերպություններն էլ չեն անցնում՝ հարցին, Ատոմ Մխիթարյանը պատասխանեց՝ ըստ էության արժեհամակարգի խնդիր կա, քանի որ դասագրքերի համար հայտարարված մրցույթին դիմել ու գրել, նշանակում է, որ պետք է համապատասխանեն որոշակի չափորոշիչների, որոնք արդեն սահմանված են։
«Այդ սահմանված չափորոշիչները ենթադրում են որոշակի արժեքային համակարգի փոփոխություն, և այն մարդիկ, որոնք դաստիարակվել ու կրում են մեկ արժեքային համակարգ, նրանց համար դժվար է բոլորովին ուրիշ արժեքային համակարգում դասագիրք գրել։ Չէ՞ որ այդ դասագրքերի միջոցով մենք փոխանցում ենք այն արժեքները, որոնք մենք կրում ենք։
Այս խնդիրը կա նաև այն դասագրքերի դեպքում, երբ դրանք չեն երաշխավորվել, սա նշանակում է, որ նախարարության դուրը չեն եկել այն արժեքները, որոնք դրված են այդ դասագրքերում։ Ավելի վատ բան կա, սրա փոխարեն՝ նախարարությունը չի թույլատրում, որպեզի հին դասագրքերով այդ երեխաները գնան դպրոց, հին դասագրքերը գոնե կան։ Ասում է՝ հին դասագրքերը եկեք դեն շպրտենք, բայց փոխարենը ոչինչ չի առաջարկում։ Իսկ վաղը-մյուս օրն ընդունելության քննության ժամանակ կլինե՞ն այն հարցերը, որոնցով դասագրքեր չեն եղել, իհարկե կլինեն, կլինե՞ն երեխաներ, որոնք դրա համար բացասական գնահատականներ կստանան՝ կլինեն, իսկ ո՞վ է դրա համար պատասխան տալու՝ ոչ մեկը»,- եզրափակեց Ատոմ Մխիթարյանը։