Հետո շատ ավելի վատ է լինելու  

Հայաստանի տնտեսությունը, չնայած դեռ աճում է, հարկերը դրան համարժեք չեն հավաքվում։ Առաջին կիսամյակի արդյունքներով, ինչպես հայտնի է, նախատեսվածից անհամեմատ քիչ հարկեր են հավաքվել՝ լարվածություն ստեղծելով բյուջեում։

Առաջացած բյուջետային ճեղքը փակելու կամ մեղմելու ակնկալիքով, կառավարությունը՝ ի դեմս Պետեկամուտների կոմիտեի, միացրել է հարկային մամլիչը և, դատելով տնտեսության ոլորտից փոխանցվող արձագանքներից՝ ահաբեկում է հարկատուներին, որպեսզի ավելի շատ հարկեր վճարեն։

Թե այս քաղաքականության արդյունքում որքանո՞վ կհաջողվի փրկել բյուջեն, ցույց կտա ժամանակը։

Ամեն դեպքում, հուլիսի արդյունքներով, հարկային մուտքերում որոշ տեղաշարժեր կան։ Նախորդ տարվա համեմատ՝ 23,6 մլրդ դրամով կամ 14,6 տոկոսով ավելի հարկ է հավաքվել։

Իհարկե, դրա հիմնական մասը հիփոթեքի գծով վերադարձվող եկամտային հարկն է, որը նախորդ տարի ներառված չէր հարկային եկամուտներում։

Եթե նախորդ տարի առանց հետվերադարձի եկամտային հարկի մուտքերը կազմել էին 38,7 մլրդ դրամ, այս տարի կազմել են 54,5 մլրդ դրամ՝ ներառած նաև վերադարձվող գումարները։

Եկամտային հարկի մուտքերը հուլիսին ավելացել են 15,8 միլիարդով։

Փոխարենը՝ ակտիվություն չկա ԱԱՀ մուտքերի մասով։ Դրանք նույնիսկ մի փոքր նվազել են։

Նվազել են գերազանցապես ներմուծումների մասով։ Այն պարագայում, երբ ներմուծումներն այս տարի պակաս ակտիվ չեն, քան նախորդ տարի էին։

Ներմուծումից գանձվող ԱԱՀ-ն ավելի քան 3,6 միլիարդով պակասել է։ Եվ դա բնորոշ չի եղել միայն հուլիսին։ Առաջին կիսամյակի արդյունքում էլ ներմուծումից գանձված ԱԱՀ մուտքերը կրճատվել էին գրեթե 63 միլիարդով։

Սա նշանակում է, որ արտաքին առևտրային շարժերը սպասարկելու արդյունքում, բյուջեի եկամուտներն այլևս նախկին տեմպերով չեն ավելանում։

Դա, իհարկե, ունի իր պատճառները, որոնց դեռ կանդրադառնանք։ Մինչ այդ՝ նշենք, որ արտաքին հատվածից չստացվող բյուջետային եկամուտները փորձ է արվում փոխհատուցել ներքին տնտեսության հաշվին։ Բայց քանի որ ներքին տնտեսության մեջ այդքան հարկեր չեն գոյանում՝ փորձում են մուտքերն ապահովել հարկային ճնշումների, սպառնալիքների, հարկային բեռի ավելացումների միջոցով։

Երբեմն էլ տարբեր պատճառաբանություններով ու հիմնավորումներով հրաժարվում են վերադարձնել արտահանման ԱԱՀ գումարները։

Այսպիսի միջոցներով գուցե հաջողվի որոշ չափով բարելավել հարկերի հավաքման ցուցանիշները։ Բայց, որ դրա հետևանքով տուժելու է տնտեսությունը, կասկած չկա։

Առանց այդ էլ՝ տնտեսության մեջ իրական զարգացումները շատ թույլ են, եթե ընդհանրապես կան։ Արձանագրվող տնտեսական աճերը պայմանավորված են մեծամասամբ արտաքին առևտրային շարժերի սպասարկմամբ։

Այս փուլում գերազանցապես դրանք են դարձել Հայաստանի տնտեսության աճի հիմքը։ Սակայն մեծապես ազդելով տնտեսական աճի ցուցանիշների վրա, արտաքին առևտրի շարժերն այլևս նախկին ազդեցությունը չեն ունենում բյուջեի եկամուտների վրա։ Նախորդ մեկ-երկու տարիներին, երբ իշխանությունները հպարտանում էին բյուջեի հարկային եկամուտների բարձր կատարողականներով ու գերակատարումներով, դրանք հիմնականում պայմանավորված էին այս գործոնով և ոչ թե՝ տնտեսության մեջ տեղի ունեցող իրական զարգացումներով։ Տարբեր տեղերից ապրանքները բերում էին Հայաստան, վերաարտահանում Ռուսաստան և բավական խոշոր մուտքեր ապահովում բյուջեի համար։

Սրա արդյունքում էր, որ առևտրային գործունեություն իրականացնող շատ ընկերություններ դարձան խոշոր հարկատուների դեմքը՝ հայտնվելով խոշոր հարկատուների ցանկի ամենաբարձր հորիզոնականներում։

Այսօր էլ դրանց մի մասը շարունակում է մեծ քանակությամբ հարկեր վճարել, բայց այլևս նախկին ակտիվությունը չկա։

Դա է պատճառը, որ խոշոր հարկատուների վճարած հարկերի աճի տեմպն այս տարի էապես ընկել է։ Նախորդ տարվա համեմատ՝ ավելացել է ընդամենը 2,9 տոկոսով։

Սա իհարկե, չի նշանակում, թե արտաքին առևտրի ակտիվությունը դադարել է։ Հիմա դրանք շատ ավելի ակտիվ են. նախորդ տարվա համեմատ, առաջին յոթ ամիսներին արտաքին առևտուրը գրեթե կրկնակի ավելացել է, սակայն կապված հիմնականում մեկ ապրանքատեսակի՝ ռուսական ոսկու հետ, որը Հայաստանի միջոցով վերաարտահանվում է այլ երկրներ։ Այն դարձել է արձանագրվող տնտեսական աճի հիմքը, բայց այստեղից համարժեք մուտքեր չեն ապահովվում բյուջեի համար։ Պատճառը դրա ցածր հարկունակությունն է։

Տարօրինակ չէ, որ տնտեսության մեջ «բում» ապահոված որոշ ընկերություններ շատ քիչ հարկեր են վճարել։

Օրինակ՝ «Երևանի ոսկերչական ֆաբրիկան», որի անվան հետ են կապվում արդյունաբերության բարձր աճերը։ Այդ աճերը երբեմն հասնում էին 10-12 անգամի, բայց այս ընկերությունը տարվա առաջին կեսին վճարել է ընդամենը 1,3 մլն դոլարի հարկ։

Հիշեցնենք, որ «Երևանի ոսկերչական ֆաբրիկան» ուղղակի կապ ունի իշխանական գործարար, մեծահարուստ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ։

Սա այն ընկերությունն է կամ ընկերություններից մեկը, որն անցած տարվա նոյեմբերից, այսպես կոչված, ոսկերչական արտադրանքի ոլորտում հսկայական աճեր է ապահովում։ Բայց այդ աճերը հիմնականում վերաարտահանումների հետ կապված աճեր են, իրական տնտեսական աճեր չեն։

Այնինչ՝ Հայաստանին իրական տնտեսական աճեր են պետք՝ բյուջեի երկարաժամկետ եկամուտներն ապահովելու համար։ Դրա համար հարկավոր է տնտեսություն զարգացնել, գործարար միջավայրը բարելավել, ներդրումներ ներգրավել, նոր արտադրություններ ստեղծել, եղած արտադրություններն ընդլայնել։ Սակայն այն, ինչ անում են իշխանությունները, բոլորովին էլ դրան չեն միտված։

Հարկային ճնշումներով այսօր տնտեսությանը խեղդելու հետևանքն առաջիկայում դեռ տեսնելու ենք։ Դա կարող է լինել ընդամենը ժամանակավոր միջոց՝ բյուջե որոշ գումարներ բերելու համար։ Հետո շատ ավելի վատ է լինելու։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *