Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց, ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար։
Սահմանադրական դատարանի դրական որոշման դեպքում փաստաթուղթը Կառավարությունը կուղարկի Ազգային ժողով՝ վավերացման:
Մինչ Հայաստանը սկսել է այս փաստաթղթի վավերացման գործընթացն ու հրապարակել այն egov.am կայքում, Բաքուն այդ փաստաթուղթը չի էլ հրապարակել, և ընդամենը հաստատել են, որ նման փաստաթուղթ կա։
«Հայացք» վերլուծական կենտրոնի Խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը 7 հոդվածից բաղկացած կանոնակարգում առկա մի շարք հոդվածներ խիստ վտանգավոր է համարում Հայաստանի համար։
«Այնտեղ կա չարաբաստիկ 5-րդ հոդված, ըստ որի՝ ադրբեջանական կողմը կարողանալու է իր ուզած բոլոր հատվածներում հարկադրանքով, հատվածաբար սահմանագծում և սահմանազատում անել։ Ավելին, գործընթացը լիարժեք չավարտված՝ այդ հատվածները համարվելու են սահմանազատված և սահմանագծված։ Սա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանագծման և սահմանազատման գործընթացը կարող է տևել 100 տարի, բայց ադրբեջանական կողմն իր ուզած հատվածները կհամարի սահմանազատված»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Բեքարյանը՝ ընդգծելով՝այս կանոնակարգում ամրագրված է նաև մի պայմանական վերապահում, որին հղում անելով՝ Ադրբեջանն իր համար ստեղծում է հնարավորություն՝ իրեն ձեռնտու պահին հրաժարվել նաև Ալմա Աթայի հռչակագրից։
«Եթե Ադրբեջանը հրաժարվում է Ալմա Աթայի հռչակագրից, դա նշանակում է, որ այս իշխանության ասած 29.743 քառակուսի կմ տարածքով Հայաստան չի ճանաչում»,- ասաց Բեքարյանը՝ ընդգծելով՝ իրական հայկական օրակարգը բացակայում է այս կանոնակարգում։
«Այս կանոնակարգը Տավուշի մարզում տեղի ունեցածի հետ ունի զրոյական առնչություն և ապացույցն է նրա, որ Տավուշում տեղի է ունեցել միակողմանի հանձնում. այս կանոնակարգի տակ Փաշինյանի դրած ստորագրությունը դրա մասին է»,- շեշտեց Բեքարյանը՝ ուշադրություն հրավիրելով կանոնակարգի հոդվածներից 4-րդի վրա ևս։
«Այդ 4-րդ հոդվածում հղում է արված ԵԱՀԿ ստանդատներին, ըստ որի, մարդկանց արոտավայրերի և բնակավայրերի միջև խնդիր չպետք է առաջանա սահմանագծման և սահմանազատման արդյունքում։ Հիմա հարց՝ Տավուշում դուք տեսա՞ք նման բան, իհարկե ո՛չ։ Տավուշում հանձնելիս ասում էին, թե հույս ունեն, որ հաջորդը կսահմանագծվի և կսահմանազատվի Հայաստանի համար զգայուն հատվածը՝ Ջերմուկը, իսկ այդ կանոնակարգը նման բան չի սահմանում»,- խոսքը եզրափակեց «Հայացք» վերլուծական կենտրոնի Խորհրդի նախագահը։