Ստորագրության հետկանչումը կսրի մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. արդյո՞ք դա պետք է մեզ. Ռուբեն Սաֆրաստյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում  Սաթիկ Սեյրանյանի հյուրը ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Նոյեմբերի 9-ի փաստաթղթից Հայաստանի ստորագրության հետկանչումը կսրի մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Արդյո՞ք դա պետք է մեզ։ Իհարկե ո՛չ։
  • Եթե Ադրբեջանը որոշի պատերազմ սկսել, նա դա կանի՝ առանց հաշվի առնելու Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Բայց ինչո՞ւ ավելորդ սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
  • Ոչ մի պայմանագիր չի կարող իրական խաղաղության գրավական լինել։ Եթե Ադրբեջանը որոշի պրովոկացիայի գնալ ու պատերազմ սադրել, նա, իհարկե, դա կանի և չի նայի այդ փաստաթղթին։ Այնուամենայնիվ, ավելի լավ է, որ լինի այդ փաստաթուղթը, բայց նայած ինչի՞ հաշվին։ Եթե Խաղաղության պայմանագիր պիտի ստորագրվի մեզ համար սկզբունքային զիջումների գնով, ավելի լավ է՝ չստորագրվի առհասարակ։
  • Ես կարծում եմ՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակ իշխանությունները չեն հանի Ցեղասպանության պահանջատիրության մասին ձևակերպումը։ Նոր Սահմանադրություն գրելու գործընթացը երկար է, առնվազն 2 տարի կտևի։ Չեմ կարող ասել՝ ինչ կլինի։ Եթե որևէ երկիր Հայաստանին պահանջներ է ներկայացնում Սահմանադրություն փոխելու վերաբերյալ, դա իրականանալ չի կարող։ Դա բացառվում է։ Շատ բան կարող են հայտարարել, բայց մեր ներքին հարցերը մեր ներքին գործն են։ Դա անհեթեթություն է։
  • Արցախի ներկայացուցչությունը փակելու վերաբերյալ հայտարարություններ իշխանությունների կողմից հնչել են ավելի վաղ։ Դա ես չէի կապի Բաքվից հնչող հայտարարությունների հետ։ Ես կարծում եմ՝ Արցախի ներկայացուցչությունը պետք չէ փակել։ Դա պետք է լինի արցախցիների հարցերը լուծելու, դրանք բարձրացնելու տեղ։ Ես Արցախի ներկայացուցչության պատասխանատուներին 5-րդ շարասյուն չեմ համարում։
  • Արցախցիների ղեկավարը պետք է ունենա իրավական կարգավիճակ, բայց նա չի կարող լինել այլ պետության նախագահ, կարող է լինել մի կազմակերպության նախագահ։ Բայց արցախցիների քաղաքական իրավունքների, միջազգային երաշխիքների ներքո Արցախ հավաքական վերադարձի հարցերը նրանք պետք է ներկայացնեն։
  • Արևմուտքի համար չափազանց կարևոր է, որ Չինաստանի և Եվրոպայի միջև ցամաքային կապը չանցնի Իրանով և Ռուսաստանով։ Դա առաջին հերթին կարևոր է Ամերիկայի համար, որովհետև Եվրամիությունն իր առջև նման աշխարհաքաղաքական խնդիրներ չի դնում։ Ամերիկան ցամաքային ճանապարհով Կասպից ծովով Եվրոպա դուրս գալու հնարավորություն է ունենում։ Թուրքիայի շահագրգռվածությունն էլ այն է, որ նա, օգտագործելով թուրքական երկրների կազմակերպությունը, ամրապնդի իր դիրքերն աշխարհում։ Այս տեսանկյունից Զանգեզուրի միջանցքի նշանակությունը խիստ կարևոր է։ Ադրբեջանն էլ իր հերթին՝ Նախիջևանով ցամաքային կապ է ունենում Թուրքիայի հետ։ Ադրբեջանում 20 տարի է՝ խոսում են սրա մասին։ Բայց կառուցված չէ այն երկաթգիծը, որը Նախիջևանը կկապի Թուրքիայի հետ։
  • 19-րդ դարում աշխարհում ձևավորվել էր մի երևույթ, որն անվանեցին Մեծ խաղ։ Խոսքը Բրիտանիայի և Ռուսական կայսրության միջև եղած հակամարտության մասին է։ Այդ ժամանակ Բրիտանիայի համար հարցը կատեգորիկ էր՝ թույլ չտալ, որ Ռուսաստանը գրավի Էրզրումը։ Այդ ժամանակ որոշվեց Թուրքիան օգտագործել Ռուսաստանի դեմ, որպեսզի թույլ չտան վերջինիս առաջխաղացումը։ Կիպրոսի խաղաքարտը ևս օգտագործվեց։ Թուրքերը Կիպրոսը զիջեցին Անգլիային, և տևական ժամանակ այն անգլիական էր, փոխարենը՝ անգլիացիները խոստացան թուրքերին աջակցել հայկական հարցում։
  • Մեղրին աշխարհաքաղաքական դարպաս է։ Այդ դարպասի բանալին պետք է պինդ պահել, որ մեզնից չխլեն։ Բայց նաև այն պետք է ժամանակ առ ժամանակ խելամիտ կերպով օգտագործել՝ մի քիչ փակել այդ դարպասը, հետո՝ բացել։ Նայած՝ ում առաջ բացել։ Հայաստանի ինքնիշխանությունն անվիճելի պետք է լինի այդ տարածքի վրա։ Դա Հայաստանի տարածք է և պետք է մնա Հայաստանի տարածք։ Կարող է մաքսային ստուգումների արագացված ռեժիմ լինել, դա քննարկելու հարց է։ Բայց Հայաստանը պետք է իմանա՝ ինչ է մտնում իր տարածք։
  • Հյուսիս-Հարավը միայն Ռուսաստանից և Իրանից կախված չէ։ Այդ ծրագրին պետք է միանա Հնդկաստանը, որը նույնպես շահագրգռվածություն ունի Եվրոպայի հետ կապվելու։ Բայց այստեղ խնդիր կա։ Հնդկաստանն այլ ճանապարհ է նախընտրում՝ արաբական երկրների միջոցով։
  • Հյուսիս-հարավը շատ կարևոր է Ռուսաստանի համար։ Ներկա պայմաններում այն դառնում է կյանքի ճանապարհ, որով Ռուսաստանը կապ է ստանում Հնդկաստանի և Չինաստանի հետ։ Սա ռազմավարական մեծ պրոյեկտ է։ Դրանով է պայմանավորված նաև Ռուսաստանի բարձր մակարդակի հարաբերությունները Ադրբեջանի հետ։
  • Զանգեզուրի միջանցքի վերահսկողության հարցը հնարավոր կլինի լուծել Ռուսաստանի հետ։ Եթե Հայաստանը չի ուզում, որ Ռուսաստանն իրականացնի վերահսկողություն, կարող է բերել այլ արգումենտներ։ Ռազմավարական դաշնակից երկու երկրները կարող են քննարկումների միջոցով լուծել այս խնդիրը։ Ռուսաստանի համար հիմա Զանգեզուրի միջանցքի հարցը հրատապ կարևորության խնդիր չէ։ Ես չեմ կարծում, որ այդ հարցը կարող է էլ ավելի վատացնել երկու երկրների միջև հարաբերությունները։
  • Իրանի դեսպանի հայտարարությունը և՛ Ադրբեջանին էր ուղղված, և՛ Ռուսաստանին, որովհետև Իրանը բացարձակ շահագրգռված չէ, որ Միջանցքի վերահսկողությունն իրականացնի Ռուսաստանը։ Իրանի և Ռուսաստանի միջև չլուծված հարցեր կան։
  • Իրանի մտավախությունն այն է, որ Հայաստանը կարող է Միջանցքի նկատմամբ իր ինքնիշխան իրավունքից հրաժարվել, այսինք՝ դա իսկապես դառնա միջանցք։
  • Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, դիմում է BRICS-ին․ սա հասկանալի է այն տեսանկյունից, որ նա ամեն ինչ օգտագործում է աշխարհում իր հեղինակությունը բարձրացնելու համար։ Չեմ կարծում՝ Չինաստանը հեշտությամբ կհամաձայնի, որ Թուրքիան դառնա BRICS-ի անդամ։ Չեմ կարծում, որ այդ խնդիրը հեշտությամբ կլուծվի, քանի որ Չինաստանը չի վստահում Թուրքիային, և նրանց կողմից պայմաններ կդրվեն։ Եթե շատ կարճ բնութագրենք, Թուրքիայի նպատակն է՝ սրա-նրա հետ առևտուր անել և իր հեղինակությունը բարձրացնել։
  • Ռուսաստանն Ադրբեջանին կաջակցի դառնալ BRICS-ի անդամ, Հայաստանին էլ կաջակցի, բայց չեմ կարծում, որ հիմա Հայաստանը կգնա դրան, քանի որ ԵԱՏՄ անդամ է և ահռելի օգուտներ է ստանում ԵԱՏՄ հետ համագործակցությունից։ Հայաստանի համար ամենաճիշտ լուծումը կլինի խորացնել իր հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակներում՝ առանց BRICS մտնելու։ Դա մեզ հիմա օգուտ չի տա։
  • Ես չեմ կիսում այն մարդկանց տեսակետը, ովքեր ասում են՝ Հայաստանը հեռացել է Ռուսաստանից։ Առանձին դեպքեր են եղել, բայց դրանք չեն ազդում ռազմավարական որոշումների վրա։
  • Արևմուտքը չի կարող ապահովել այն, ինչն ապահովում է Ռուսաստանը։
  • Պատերազմի վտանգը կա և լինելու է, պայմանագիր Ադրբեջանի հետ դեռ չի կնքվել, Ադրբեջանի հետ բոլոր հարցերը դեռ առկախված կմնան։ Հիմա շատ կարևոր է, որ Հայաստանը վերականգնի իր ռազմական կորուստները պատերազմից հետո։ Հայաստանը պետք է փորձի վերականգնել իր ռազմական պոտենցիալը, և դա պետք է լինի շատ կարևոր խնդիր։ Ու ինչքան հնարավոր է, դրա մասին պետք է քիչ խոսել։ Պետք է դիվերսիֆիկացնենք մեր արտաքին քաղաքականությունը։ Ուրիշ ի՞նչ պետք է անենք։
  • Հայաստանի ժողովուրդը պետք է դուրս գա փողոց և պահանջի իշխանությանը հեռանալ, բայց չի անում դա։ Եթե 100.000 մարդ դուրս գա փողոց, ի՞նչ կարող է անել իշխանությունը։ Ես հակված չեմ մտածել, որ Հայաստանի իշխանությանը պահում են աշխարհաքաղաքական կենտրոնները։ Հայաստանի իշխանությանը պահում է Հայաստանի բնակչությունը։ Եթե բնակչությունը որոշի, որ իրեն այս իշխանությունը պետք չէ, քայլերի կդիմի։
  • Իշխանություններին հաջողվեց տավուշցիներին համոզել, որ սահմանազատման այս ձևն ընդունելի է իրենց համար։ Զանգվածային բողոքներ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *