Երկու ամսվա պայքարից հետո Չարենցավանում բնակիչները հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանն ու Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Չարենցավանի անձնագրայինի հարցը մեկընդմիշտ փակել են, այսինքն՝ որոշումն անփոփոխ է՝ Չարենցավանի անձնագրայինի դռներն այլևս չեն բացվելու։
Երկու ամիս է՝ Չարենցավանի բնակիչները բողոքում են, որպեսզի համայնքի անձնագրայինը չփակեն ու չտեղափոխեն Հրազդան, տարբեր գերատեսչություններում հանդիպումներ են ունեցել, սակայն բողոքի ակցիայի մասնակիցների «գլխի տակ փափուկ բարձ են» դրել, թե լավ կլինի։ Սակայն վերջին օրերին բոլոր տեղերից հասկացրել են՝ ոլորտը տալիս են մասնավորին, և որևէ բան չի փոխվելու։
168.am-ի հետ զրույցում Չարենցավանի բնակիչ, բողոքի ակցիաների մասնակից Գևորգ Հակոբյանն ասաց, որ վերջին անգամ, երբ ՆԳՆ-ում հանդիպում են ունեցել, գերատեսչության ներկայացուցչին ինչ ասել են, նա համաձայնել է, թե ճիշտ են ասում, բայց նաև հավելել է, թե հարցը վերջնականապես պետք է քննարկվի Նիկոլ Փաշինյանի և Վահե Ղազարյանի հետ։
«Մեզ հետ այնպես էին խոսում, մտածում էինք, որ իրենք պատրաստվում են գոնե Չարենցավանի անձնագրայինի մասով ուրիշ լուծում տան, այսինքն՝ չփակեն։ Բայց այդ նույն Նիկոլ Փաշինյանը որևէ բան էլ չի արել, ասել է. «չէ, ինչպես ասել ենք, այնպես էլ պետք է լինի, ի՞նչ 40.000 չարենցավանցի, ինչո՞ւ դրական էներգիա տանք այդ ժողովրդին, որ վաղը-մյուս օրը դուրս գան մեզ ուտեն»։ Դրանից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց, ու հասկացանք՝ այլևս անձնագրայինի դռները չի բացվելու։
Ես բազմիցս ասել եմ, որ սա լոկալ Չարենցավանի հարցը չէ, սա արդեն քաղաքական բնույթ է կրում, քանի որ, ի տարբերություն այլ վայրերի, Չարենցավանում մարդիկ ունեն իրենց դիրքորոշումը ցանկացած հարցի, այդ թվում՝ քաղաքական հարցերի շուրջ»,- նշեց մեր զրուցակիցը։
Նա հայտնեց, որ չարենցավանցիներին նաև տեղեկացրել են, թե հոկտեմբերի 17-ին մրցույթ է լինելու, որից հետո անձնագրայինները տալու են մասնավորին։ Չարենցավանցիներն էլ հասկացել են, որ պատկան մարմինները պատասխանատվությունն իրենցից հեռացնում են։
«Մեզ ասում են, մենք ոլորտը տալիս ենք մասնավորին, իրենք թող որոշեն։ Հետո էլ ասում են՝ միջանկյալ լուծում ենք տվել, շրջիկ անձնագրայիններ կգան Չարենցավան։ Այսօր այդ շրջիկ անձնագրայինը եկել է, բայց արդեն երկու ժամ է՝ որևէ մարդ չի մոտեցել նրանց, չգիտեմ՝ գուցե չեն վստահում։
Ըստ իս, սա Նիկոլի հերթական բլեֆն է, այս շրջիկ անձնագրայինով ուզում է ժողովրդին կրկին խաբի։ Եթե հիմա գնանք Հրազդանի անձնագրային, այնտեղ կտեսնենք շատ չարենցավանցիներ։ Տեսեք, այս շրջիկի դեպքում ինչ է լինում, եթե մարդն ուզում է անձնագիրը փոխի, պետք է տա շրջիկին, բայց անձնագիրը վերցնելու է Հրազդանի բաժանմունքից։ Այսինքն՝ այսպես թե այնպես, մարդը, մեկ է՝ գնալու է Հրազդան։
Ինձ հետաքրքիր է, ինչո՞ւ են որոշել անձնագրայինը տեղափոխել, տարբեր պատճառներ կարող են լինել, տարբեր բաներ եմ մտածում»,- շեշտեց Գևորգ Հակոբյանը։
Նա նաև փոխանցեց, որ Չարենցավանում նաև ուզում են շտապօգնությունն առանձնացնել հիվանդանոցից։
«Ենթակառույցները Չարենցավանից հանում են, նախկինում էլ շատ բաներ փակել են՝ զինկոմիսարիատը և այլ կառույցներ։ Մեզ համար ուղղակի արհեստական խնդիրներ են ստեղծում իրենց որոշումներով»,- ընդգծեց Գևորգ Հակոբյանը, սակայն չմանրամասնեց, թե առաջիկայում ինչ քայլերի են դիմելու։