Մարդը չի կարող համարվել մտավորական, եթե չունի իր տեսակետը. ամեն պարապ զրույց ու հայտարարություն չի նշանակում մտավորականի խոսք. Մերուժան Տեր-Գուլանյան

Գրող, հրապարակախոս, Երևանի պատվավոր քաղաքացի Մերուժան Տեր-Գուլանյանը չի կիսում տարածված այն կարծիքը, թե այսօր յուրաքանչյուր մարդ մտավորական է։ Նա վստահեցնում է՝ մտավորական լինելը ոչ այնքան մասնագիտություն է, որքան կոչում։ Ըստ նրա՝ նույնիսկ առաջին հայացքից աննկատ թվացող մարդը, որն ինչ-որ տեղ ուղղակի պահակ է աշխատում, կարող է շատ ավելի մտավորական լինել, որի հոգին անհանգիստ է երկրի ցավով, քան պրոֆեսորը։

«Շատ հաճախ մեր ժողովուրդը մտավորական համարում է գրողին, գիտնականին, այդպես չէ։ Սոսկ մասնագիտությունը չէ, որ մարդուն դարձնում է մտավորական։ Մասնագիտություն ունեցողի մեջ պետք է լինի հայրենիքը, և այդ մարդը՝ որպես մասնագետ, պիտի աշխատի հարենիքում, պիտի հայրենիքի համար և հայրենիքի զգացողությունը չլքի նրան։ Հայրենիքին սպառնացող փոքր ու մեծ վտանգները նա անմիջապես պետք է զգա, արձագանքի, իր տեսակետն ունենա։ Եթե չունի իր տեսակետը՝ լինի գրող թե փիլիսոփա, նա չի կարող համարվել մտավորական։  Մտավորական նաև այն մարդն է, ում հոգին չի տեղավորվում իր մարմնում, ով անհանգիստ է, ամեն ինչի վերաբերյալ ունի վերաբերմունք»,- 168.amի հետ զրույցում նշեց Մերուժան Տեր-Գուլանյանը՝ խոսելով երկրում ստեղծված իրավիճակի, մտավորականության դերի ու անելիքների մասին։

Ըստ մեր զրուցակցի՝ իսկական մտավորականը նա է, ով երբեք չի վախենում արտահայտել իր կարծիքը երևույթների վերաբերյալ։ Նա պետք է ասելիք ունենա, իսկ ասելիքը գալիս է մարդու էությունից։ Եթե այս ամենը չկա, մնացածը պարապ զրույցներ է։

«Շատ ենք խոսում խոսքի ազատությունից, բայց խոսքի ազատությունը խոսացողի ազատություն չէ, ասելիք ունեցողի ազատությունն է։ Թե չէ՝ ամեն պարապ զրույց ու հայտարարություն չի նշանակում մտավորականի խոսք»,- հավելեց հրապարակախոսը։

Մերուժան Տեր-Գուլանյանի կարծիքով՝ այսօր երկրում իրավիճակ փոխելու ամենակարճ ճանապարհը Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման հետևից գնալն է։

«Սա լուսավոր ու միակ ճանապարհն է այսօր, և այս ճանապարհն է, որ տանելու է այն հանգրվանին, ինչի մասին բոլորս երազում ենք։ Ազատագրվել այս ստից, ստախոսությունից, սուտ իշխանությունից և տեր կանգնել հայրենիքին։ Թող ինձ ներեն ազգային կուսակցությունները, հարգանքս իրենց հանդեպ, բայց իրենց չհաջողվեց, Բագրատ սրբազանը միակն է, որ կարող է միավորել ժողովրդին։ Իմ խոսքը ժողովրդին ուղղված այն է, որ հետևեն սրբազանին։

Ինքս անպայման մասնակցելու եմ սեպտեմբերի 22-ին Բագրատ սրբազանի հավաքին։ Որքանով հասկանում եմ՝ սա ոչ պաշտոնական համագումարի նման մի բան է, որտեղ կհավաքվեն համակիրները և պետք է որոշեն, թե ինչ են անելու։ Այսինքն՝ Բագրատ սրբազանն ասելու է, թե ինչ է անելու, ես իրեն հավատում եմ, հավատում եմ այդ լուսավոր մարդուն, նա ընտրյալ է, և մեր ժողովուրդը պիտի հասկանա ու գնահատի նրա խոսքը, վարքը և քայլի նրա հետ»,- շեշտեց Մ. Տեր-Գուլանյանը։

Նա նաև ընդգծեց՝ վստահ է, որ բոլորը սեպտեմբերի 22-ին պիտի հաստատեն այն, ինչն առաջարկելու է Բագրատ սրբազանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *