Միայն սեպտեմբեր ամսին Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը 6 անգամ տարածել է ապատեղեկատվություն՝ Հայաստանին մեղադրելով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ, ինչը շատ արագ հերքել է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Թե ի՞նչ խնդիր է լուծում Ադրբեջանը՝ Հայաստանին մեղադրելով նաև Նախիջևանի ուղղությամբ կրակ արձակելու մեջ, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում փորձեցինք պարզել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ զրույցում։
«Դրանով Ադրբեջանը հիմքեր է նախապատրաստում Հայաստանի դեմ ռազմական գործողությունների գնալու այն պարագայում, երբ իրադրությունն իր համար կլինի ոչ բարենպաստ»,- մեր եթերում ասաց Աբրահամյանը՝ ընդգծելով՝ ոչ բարենպաստ իրադրություն ասելով՝ պետք է նկատի ունենալ ժամանակը, որովհետև Ադրբեջանը շտապում է բոլոր այն հարցերում, որոնք կարող է լուծել բացառապես Հայաստանի ներկայիս իշխանության պաշտոնավարման ժամանակաշրջանում։
Նրա դիտարկմամբ՝ այն, ինչ տեղի է ունեցել Կիրանցի և Ոսկեպարի հատվածում, Ադրբեջանը ձգտում է իրականություն դարձնել նաև Տիգրանաշենում և մյուս 3 անկլավների հատվածում։
«Ադրբեջանը վերցնելու է իր համար կարևորություն ներկայացնող ուղղությունները, այնտեղ իրականացնելու է աշխատանքներ, և հետագայում, երբ Հայաստանի համար շահեկան հատվածներում սկսվի սահմանագծման և սահմանազատման աշխատանքները, Ադրբեջանը չի համաձայնելու դրանց, տապալելու է այդ գործընթացը, և վերջում ստացվելու է՝ փաստաթղթերով Ադրբեջանը ստացել է այն, ինչն ուզել է, և կանգնեցրել գործընթացը՝ փակուղու առաջ կանգնեցնելով Հայաստանը»,- ասաց Աբրահամյանը։
Հայաստանի այս իշխանությունը, ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի, Հայաստանի պետականությանն ու ինքնիշխանությանն ամենաշատն է վնաս հասցրել, ավելին՝ պաշտոնավարման 6.5 տարվա ընթացքում Փաշինյանն ապացուցել է՝ իր վարած քաղաքականությունը ծանր հետևանքներ է ունենում Հայաստանի և Արցախի վրա, հետևապես՝ անիմաստ է սպասել, թե Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման, կամ Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում այս իշխանությունը կարող է հասնել նրան, որ Ադրբեջանը դրան գնա միջազգային հանրության ճնշման ներքո՝ չհատելով հայկական շահը։
«Հայաստանում ղեկավար է մի մարդ, որը ծանր մեղք է խոստովանում, ասում է՝ խաբում էի, երբ հայտարարում էի, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», իրականում Արցախը համարել եմ Ադրբեջան, և վերջ»։ Դա ցույց է տալիս, որ երկրի ղեկին խաբեբա է, որի գործողությունները բերել են նոր պատերազմներ, տարածքային կորուստներ, հազարավոր զոհեր»,- ասաց Աբրահամյանը՝ շեշտելով՝ հայկական շահը չսպասարկելն է պատճառը, որ ՀՀ իշխանությունը չունի քաղաքական կամք՝ վերականգնելու իրենց պաշտոնավարման օրոք Հայաստանի խախտված տարածքային ամբողջականությունը։
«2021 թվականի մայիսին Փաշինյանը փրփուրը բերանին գոռում էր խաղաղության դարաշրջանի մասին, ադրբեջացիները ոտ-ոտ իջնում էին ՀՀ ինքնիշխան տարածքներով, հետևապես՝ Ջերմուկի հարցով այն, ինչ խոսում է՝ այլ է, ինչ անում է՝ այլ։ Ինչ վերաբերում է բանակին, ապա բանակն ինքն իրենով չի կարող քայլ անել, քայլ անում է քաղաքական իշխանությունը,- ասաց Աբրահամյանը՝ շեշտելով,- Կտեսնեք՝ մեր բանակը լրիվ այլ խնդիր կլուծի առաջնագծում, եթե ՀՀ իշխանությունն այլ լինի»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։