Նիկոլ Փաշինյանի աջակցությունն Ադրբեջանի հատուկ ծառայություններին

Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար, բարերար, ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանը հրապարակավ պատասխանել է Նիկոլ Փաշինյանին՝ վերջին ասուլիսում նրա կողմից իր հասցեին հնչեցված հարցերի առնչությամբ։

Հիշեցնենք, որ այդ ասուլիսում Նիկոլ Փաշինյանը՝ խախտելով մարդկային բարոյականության, դաստիարակության ու հասարակ ապրումակցման բոլոր կանոնները, թշնամական բանտում գտնվող իր հայրենակցին, իր ղեկավարած երկրի քաղաքացուն ուղղել էր, մեղմ ասած, վիրավորական, նրա ազնվությունն ու անկեղծությունը կասկածի տակ դնող, ընդհուպ՝ նրա գործողություններում այլ երկրների կողմից թելադրանքի ակնարկներ պարունակող հարցեր։

Իր պատասխանում, սակայն, Ռուբեն Վարդանյանը՝ լրիվ հակառակ կերպով պահպանելով բարոյականության, վարվեցողության բոլոր կանոնները՝ պատասխանել է Նիկոլ Փաշինյանին՝ առանձին-առանձին անդրադառնալով նրա հնչեցրած հարցերին։ Առանց վիրավորանքի ու վիրավորելու անգամ փորձի։

Խնդիրը, սակայն, միայն Նիկոլ Փաշինյանի ու Ռուբեն Վարդանյանի անձնային որակական տարբերությունները չեն, որոնք ցույց են տալիս, որ Բաքվի բանտում գտնվող Վարդանյանն իր մտածողությամբ, աշխարհայացքով, իրական հայրենասիրությամբ շատ ավելի ազատ է, քան կառավարական աշխատասենյակում ծվարած ու հայրենասիրության ծաղրով զբաղվող Փաշինյանը։

Պակաս հետաքրքիր չէ, որ, ինչպես նշված է Ռուբեն Վարդանյանի պատասխանների մասին հրապարակման նախաբանում, «Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ժամանակ Վարդանյանի հասցեին հնչեցված հայտարարության կապակցությամբ»:

Այս նախադասությունն ամբողջությամբ արտացոլում է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների սինխրոն, համակարգված գործողությունները, նրանց քայլերի փոխկապակցվածությունն ու նպատակների նույնությունը։

Մի կողմից Հայաստանի իշխանությունները՝ գրեթե ամենօրյա ռեժիմով, պաշտոնական հայտարարությունների մակարդակով տարածում են Ադրբեջանի իշխանական քարոզչության թեզերը (օրինակներն անհաշվելի են՝ սկսած Ալեն Սիմոնյանի՝ Արցախի ներկայացուցչությունը գործնականում փակելու մասին հայտարարությունից, մինչև հայ ռազմագերիների հասցեին ՔՊ-ականների կողմից հնչող ադրբեջանական կլիշեներով հայհոյախոսություն), մյուս կողմից՝ Ադրբեջանի քննիչներն իրենց բանտում պահվող հայ ռազմագերուն ուղղում են Հայաստանի ղեկավարի հնչեցրած հարցերը։

Հասկանալի է, որ ադրբեջանցի քննիչների նպատակը ցանկացած հարցաքննությամբ հայ ռազմագերիների «մեղքն» ապացուցող պատասխաններ ստանալն է, ինչի նպատակով նրանք հայ պատանդներին ուղղում են Նիկոլ Փաշինյանի կեղտոտ հարցերը։ Հասկանալի է նաև, որ եթե Փաշինյանը հրապարակավ ուղղեր հարցեր, որոնց պատասխանները կարող էին նպաստել հայ ռազմագերիների վիճակի թեթևացմանն ու ազատմանը, որևէ ադրբեջանցի քննիչ ու նրան հրահանգ արձակող սուլթան չէր հանձնարարի դրանք վերաուղղել Ռուբեն Վարդանյանին։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի քննիչները, ենթադրաբար, նրանց հատուկ ծառայությունների աշխատակիցները, աշխատում են նույն նպատակադրմամբ, երկուսին էլ միավորում է Ռուբեն Վարդանյանին ու մյուս հայ ռազմագերիներին ադրբեջանական բանտում պահելու նպատակը։

Եվ մինչ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հնչեցնում է հարցեր, որոնք թշնամական պետությունն օգտագործում է մեր իսկ քաղաքացիներին իրենց իսկ բանտում պահելու համար, ՀՀ ԱԱԾ-ն այդպես էլ չի պատասխանում հարցին՝ ի՞նչ գործողություններ կկատարեր, եթե ՀՀ որևէ քաղաքացի հրապարակավ հանդես գար հայտարարություններով, որոնք թշնամական երկիրը կարող է օգտագործել ՀՀ քաղաքացիներին վնասելու համար։ Նման գործողություն կատարող ՀՀ որևէ քաղաքացի վայրկենապես կհայտնվեր ԱԱԾ մեկուսարանում՝ սպասելով, թե պետական դավաճանության հոդվածի հատկապես որ դրվագով է իրեն մեղադրանք առաջադրվելու։

«Առաջին հերթին՝ յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից»,- իր պատասխանում նշում է Բաքվի բանտում գերության մեջ, անմարդկային պայմաններում գտնվող Ռուբեն Վարդանյանը։

Ասում է մի մարդու մասին, ում համար կյանքի մոդելներից ամենակարևորը ծառայողական մեքենայի մոդելն է, իսկ սկզբունքներից ամենաանխախտը՝ որևէ սկբունք չունենալու սկզբունքայնությունը։ Նաև, իսկ գուցե առաջին հերթին դա է պատճառը, որ ինքն այսօր ադրբեջանական բանտում է, իսկ մյուսը՝ խտրություն չդնելով միջոցների մեջ, երկարաձգում է հայկական բանտում հայտնվելու՝ ամեն օրվա հետ անխուսափելի դարձող հեռանկարը։

Հարություն Ավետիսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *