ԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-Յորքում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Փաշինյանին և Ալիևին ուղղված հեռախոսազանգերից հետո ռեգիոնալ այց կատարեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությունը։

Հաքը սեպտեմբերի 18-ին Բաքվում էր, որտեղ հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին, իսկ դրան հաջորդած հայաստանյան այցի ընթացքում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։ Պետք է նշել, որ Հաքի պատվիրակության կազմում էր նաև ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի հարցերի գլխավոր բանակցող Լուիս Լ Բոնոն, և ուշագրավ է, որ Բաքվում այս պատվիրակությունն Իլհամ Ալիևի հետ հանդիպելու հնարավորություն չի ստացել։ Ավելին Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունն այս հանդիպման վերաբերյալ ընդհանուր առմամբ ադրբեջանական պահանջների ու դժգոհությունների շարք էր Արևմուտք-ՀՀ հարաբերություններից, ՀՀ-ից, ամերիկացի և արևմտյան պաշտոնյաներից, որոնք որոշակի աջակցություն են հայտնում Հայաստանին և քննադատում Ադրբեջանին։

ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, Հաք-Միրզոյան հանդիպմանն ընդգծվել է ՀՀ և ԱՄՆ երկկողմ հարաբերություններում նոր հանգրվանի՝ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ ջանքերի կարևորությունը, նախանշվել են առաջիկա ծրագրերը: Անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության խորացմանը զուգահեռ՝ նաև ոլորտային ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ առևտրի խթանման նպատակով: «Տարածաշրջանային հարցերի համատեքստում Արարատ Միրզոյանը և Ջոշուա Հաքը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է երկու տարվա բանակցություններից հետո մշակված խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներից խուսափելու և համաձայնեցված տեքստով ստորագրման կարևորությունը՝ միտված Հարավային Կովկասում հարատև խաղաղության ապահովմանը:

Նախարար Միրզոյանը վերահաստատել է տարածաշրջանային հաղորդակցությունների՝ հանրահայտ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը»,- ասված էր հաղորդագրությունում։

ՀՀ կառավարության փոխանցմամբ, Փաշինյան-Հաք հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր: Այս համատեքստում Փաշինյանն անդրադարձել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումներին և ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը:

Հատկանշական է, որ ամերիկյան ակտիվությունը Երևան-Բաքու գործընթացում նախորդում է Նյու Յորքում հաջորդ շաբաթ մեկնարկելիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Բարձր մակարդակի շաբաթվան։ Մանհեթենում, որտեղ կանցկացվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանը, մեծ թափով ընթանում են նախապատրաստական աշխատանքները՝ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, իսկ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի շենքի ծառայությունները տեղափոխվել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ Բարձրաստիճան շաբաթը սկսվում է սեպտեմբերի 22-ին, առաջին երկու օրերին (սեպտեմբերի 22-23-ը) տեղի կունենա «Ապագայի գագաթնաժողով»-ը: Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 150-ը հանդիպմանը ներկայացված կլինեն պետությունների ղեկավարների ու վարչապետների, իսկ մնացածը՝ արտգործնախարարների մակարդակով։

Բարձր մակարդակի շաբաթն ավարտվում է սեպտեմբերի 30-ին: Միջոցառումներին ամենայն հավանականությամբ կմասնակցեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները։

Վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին գտնում է, որ քայլերի այս հաջորդականությունն ԱՄՆ-ի կողմից ամենևին պատահական չէ։

168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ԱՄՆ-ը ամենայն հավանականությամբ փորձում է ԱԳ նախարարների մակարդակով ևս մեկ հանդիպում կազմակերպել այս անգամ ՄԱԿ ԳԱ առաջիկա շաբաթվա շրջանակում։

«Հաշվի առնելով գործընթացի բարդությունը, ռեգիոն է ուղարկվել ԱՄՆ փոխպետքարտուղարը, որի ջանքերը մերժելն ավելի բարդ է, քան բանակցողի դեպքում, հատկապես, երբ նա համատեղությամբ նաև ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն էր, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն բացասական որոշ զգացումներ է առաջացնում Ադրբեջանի կողմից։ Կարծում եմ՝ հնարավոր կլինի հանդիպում կազմակերպել, իսկ բեկումնային արդյունքների հարցում փոքր-ինչ կասկածում եմ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանական պաշտոնական դիրքորոշումը չի փոխվում ՀՀ-ին ուղղված պահանջների վերաբերյալ։ Իսկ ՀՀ-ի ակնկալիքը, ինչպես գիտենք, համաձայնագրի ստորագրումն է, որի վերաբերյալ Բաքուն դեռ պահանջներ ունի։ Ինչպես ամիսներ առաջ, այնպես էլ, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ ԱՄՆ-ը կրկին կփորձի»,- ասաց վերլուծաբանը։

Կախա Գոգոլաշվիլին գտնում է, որ այս հանդիպման տապալման դեպքում ՌԴ-ն կփորձի հանդիպում կազմակերպել ԲՐԻԿՍ-ի շրջանակում։

«ՌԴ-ն էլ իր հերթին է փորձում ակտիվ աշխատել կողմերի հետ, Պուտինը եղավ Ադրբեջանում, զրույցներ եղան Փաշինյանի հետ, ապա ՌԴ փոխվարչապետը եղավ ՀՀ-ում ա թերևս քննարկելու համար ՀՀ դժգոհությունները ռուսական միջնորդությունից և ՀՀ-ի համար անընդունելի կետերը։ Ինչպես տեսնում ենք, աշխարհաքաղաքական այս մրցակցության պայմաններում ՀՀ-Ադրբեջան Խաղաղության համաձայնագիրը ևս դարձել է մրցակցության առարկա, ինչը սպասելի զարգացում էր»,- ասաց վերլուծաբանը։

Քաղաքագետը կարծում է նաև, որ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հանդիպումները, բացի ռեգիոնալ հակամարտությունների կարգավորումից, ունեն այլ հարթություն ևս։ «Վրաստանի մի շարք հակաարևմտյան քայլերի ու առաջիկա ընտրությունների ֆոնին անկանխատեսելի ելքի ֆոնին ԱՄՆ-ը հասկանալիորեն փորձում է ռեգիոնում սերտացնել կապերը ՀՀ-ի հետ, կանխատեսելով որոշակի խնդիրներ վրացական ուղղությամբ։ Ուստի, բացի Երևան-Բաքու գործընթացում արևմտյան հետաքրքրությանը, կա նաև երկկողմ հարաբերություններում այլ բաղադրիչ»,- ասաց Կախա Գոգոլաշվիլին։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածելով Արցախի բռնի տեղահանության և հայաթափման մեկ տարելիցի կապակցությամբ, առանձնահատուկ շեշտել էր ՄԱԿ ԳԱ հարթակում սպասվող քննարկումները։

«Հաջորդ շաբաթ Նյու Յորքում կրկին մեկնարկելու են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան քննարկումները. վերջին մեկ տարվա իրադարձություններն ի ցույց են դնում միջազգային կայունության ապահովման ուղղությամբ անհետաձգելի ջանքերի, խաղաղության հաստատման հնարավորություն տվող գաղափարների, քայլերի կյանքի կոչման կարևորությունը»,- նշված էր ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *