Մինչ Սահմանադրական դատարանը քննության է առել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը, հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ ահազանգում են՝ ինչպես կանոնակարգի, այնպես էլ՝ առհասարակ սահմանագծման և սահմանազատման գործընթացի ապալեգիտիմ լինելու մասին։
Դեռ ապրիլի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել էր նույն օրը տեղի ունեցած՝ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հերթական հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունը։
Դրա համաձայն, կողմերը պայմանավորվել էին գործընթացը սկսել «անմիջականորեն Բաղանիս (ՀՀ)-Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ)-Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ)-Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ)-Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով»։
Վարչապետի աշխատակազմն էլ նույն օրը տրամադրել էր Տավուշում սահմանազատման գործընթացի առաջին փուլի վերաբերյալ մի շարք և Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արտահայտող քարտեզ։
Ավելի վաղ ՀՀ ղեկավարությունը տարբեր առիթներով հայտարարել էր գործընթացը 1970-ականների քարտեզով իրականացնելու մասին։
Հողաշինարար-ինժեներ Զավեն Գրիգորյանը, սակայն, պնդում է՝ Հայաստանը պետք է առաջնորդվի Սովետական Ադրբեջանի և Սովետական Հայաստանի՝ 1984-1987 թվականների սահմանների ճշգրտման աշխատանքներից հետո հաստատված քարտեզներով։
Մասնագետը, որը ժամանակին մասնակցել է այդ աշխատանքներին, նաև հիշեցնում է՝ այս օրերին անկլավների մասին հիշատակումն անօրինական ու անհիմն է։
Զավեն Գրիգորյանը, մինչև իշխանությունների վերջին պայմանավորվածությունները, փորձ է արել այս ամենի մասին տեղեկացնել պատկան մարմիններին, փաստեր ներկայացնել, սակայն նրան հարկ չեն էլ համարել լսել, չեն լսել նաև նրա գործընկերներին։
Այսօր արդեն առողջական բազմաթիվ խնդիրներով՝ նույնիսկ անկողնային վիճակում, Զավեն Գրիգորյանն իր պարտքն է համարում ահազանգ հնչեցնել, բարձրաձայնել այն, ինչի մասին լռում են գործող իշխանությունները՝ իրենց գործողություններով վտանգելով մեր պետությունը։
Մանրամասները՝ տեսանյութում