Մինչ ՄԱԿ ԳԱ «Ապագայի գագաթնաժողովի» ամբիոնից Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը դրական մտածողության՝ «positive thinking»-ի դասեր էր տալիս՝ տխրահռչակ «Ապագա կա» կարգախոսը տեղափոխելով այդ հարթակ, ինչպես նաև հեծանիվ քշում Նյու Յորքի փողոցներով, Իլհամ Ալիևը սպառնալիքների հերթական չափաբաժինը տարածեց՝ հրապարակայնորեն պայմաններ թելադրելով և պատերազմով սպառնալով Հայաստանին։
Միլլի Մեջլիսի 7-րդ գումարման առաջին նիստում Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանում «ռևանշիստական ուժերը» գլուխ են բարձրացնում։ «Սրանք միայն մարգինալ քաղաքական տարրեր չեն, Հայաստանի գործող իշխանությունները նույն մտքերով ու երազանքներով են ապրում։ Թեև բառերով այլ բաներ են ասում, բայց իրենց գործերը, քաղաքականությունը լրիվ հակառակ պատկեր են ստեղծում։ Նրանք չեն ցանկանում հաշտվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և հակաահաբեկչական գործողության արդյունքների հետ։ Դա է վկայում Մինսկի խմբի ֆորմալ պահպանումն առ այսօր, որը գործառական նշանակություն չունի»,- ասել է Ալիևը ՝ ընդգծելով, որ իրենց թիվ մեկ խնդիրը ռազմական հզորացումն է։
Նա նաև նշել է, որ երկրի առջև ծառացած խնդիրներից է Ղարաբաղի և «Արևելյան Զանգեզուրի» վերականգնումը։ «Բայց, եթե մենք քիչ ուշադրություն դարձնենք ռազմական ոլորտին և չապահովենք դրա համար հատկացվող միջոցների պատշաճ մակարդակը, ապա ապագայում կարող ենք խնդիրների առջև կանգնել»,- ասել է նա։
«Նրանք, որոնք զինում են Հայաստանին, պետք է իմանան, որ իրենք են անմիջական պատասխանատվություն կրելու հետագա բոլոր իրադարձությունների համար։ Բնականաբար, մեր նկատմամբ պաշտոնական տարածքային պահանջները պետք է դադարեցվեն։ Նրանց Սահմանադրությունը պետք է փոփոխվի, Մինսկի խումբը վերացվի»,- հայտարարել է Ալիևը։
Նա նաև ասել է, թե Հայաստանը, արհեստականորեն, ձգձգում է հարցի լուծումը։
«Մինչ օրս մեր առաջին նախագիծը Հայաստան ուղարկվելուց հետո եղել է 10 մեկնաբանությունների փոխանակում։ Ամիսների ընթացքում մենք, բնականաբար, ակնկալում էինք, որ Հայաստանն ավելի օպերատիվ և արագ կերպով կտա մեզ իր մեկնաբանությունները: Բայց մենք տեսանք ճիշտ հակառակը։ Նրանցից վերջին տարբերակը ստանալու համար ստիպված էինք սպասել 70 օր։ Բոլոր չհամաձայնեցված դրույթները հանվել են խաղաղության պայմանագրի իրենց տարբերակից։ Այսինքն՝ նման պարզունակ ու ոչ ադեկվատ քայլն անսպասելի էր»,- նշել է Ալիևը։
Բացի հռետորաբանությունից, ինչպես հայտնի է, Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո ևս շարունակում է ակտիվորեն զինվել, վերականգնել ռազմաարդյունաբերական համալիրն ու ԶՈՒ-ն, անցկացնելով զորավարժություններ գործընկեր բոլոր երկրների հետ։
Այսօր էլ հայտնի դարձավ, որ Իլհամ Ալիևն այցելել է Բաքվում բացված ռազմական արդյունաբերության ADEX 2024 հինգերորդ ցուցահանդես, որտեղ ներկայացված են ռազմական տեխնիկայի և սպառազինության նմուշներ։ ADEX միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Բաքվում են նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն։
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ 2020 թվականի պատերազմից և հատկապես հաղթանակից հետո Ադրբեջանն իր ռազմական ներուժը փորձում է վերածել արտաքին քաղաքական լրջագույն այցեքարտի։
Ըստ նրա, ներկայումս Ադրբեջանն արտաքին քաղաքականության մեջ շեշտը դնում է ոչ թե քաղաքական և դիվանագիտական ճկունության, գիտելիքի, ստեղծարարության, այլ ռազմական հզորության, այսինքն՝ ուժի վրա։
«Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ղեկավարն առաջնորդվում է «ուժն է ծնում իրավունք» կարգախոսով, և դա շարունակվում է։ Սրան նպաստում է՝ ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ՝ ռեգիոնալ իրավիճակը և նաև ՀՀ դիրքավորումը՝ որպես խաղաղասեր երկիր, որին հարկավոր է միայն խաղաղություն։ Բոլոր նմանատիպ հարաբերություններում հավասարակշռությունը հարկավոր է հենց նման իրավիճակներում միմյանց զսպման համար։ Երբ հակառակորդն իրեն դիրքավորում է՝ որպես ռազմական մեծ ներուժ ունեցող երկիր, որը չի թաքցնում հարցերը նույնիսկ պատերազմից հետո ռազմական ճանապարհով լուծելու ցանկությունը, դու չես կարող խոսել և քաղաքականությունը կառուցել միմիայն խաղաղության վրա, քանի որ խաղաղության համար հարկավոր է ունենալ ռազմական ներուժ և անվտանգություն։ Սա այնքան պարզ բան է։ Հենց նմանատիպ խոսույթն ու այլ վտանգները կանխարգելելու համար էր նշվում, որ պատերազմի հաջորդ օրը պետք էր սկսել ՀՀ ԶՈՒ վերականգնումը»,- ասաց Եվսեևը։
Փորձագետը գտնում է, որ ստեղծված վիճակի համար իր դերակատարումն ունի նաև՝ ինչպես ՀՀ-ՌԴ, այնպես էլ՝ ՀՀ-ՀԱՊԿ հարաբերություններում առկա իրավիճակը։
«Համապատասխան քաղաքական կապերի որակը ևս իր դերակատարությունն ունենում է, թեև այս հարցով ՀՀ իշխանությունները չեն նահանջի և համարում են, որ ՀԱՊԿ-ն ինքնին սպառնալիք է Հայաստանի համար, քանի որ ակնհայտորեն մեծ հույսեր են կապում Արևմուտքի անվտանգային աջակցության հետ, ինչպես նաև մեծ օգուտներ են տեսնում ՀՀ-ում եվրոպացի դիտորդների տեղակայումից»,- ասում է նա։
Նրա խոսքով, ռեգիոնում սրացումների վտանգը մեծ է, ինչպես, երբ կան սպառնալիքներ, այնպես էլ այն ժամանակ, երբ չկան սպառնալիքներ։
«Պատերազմի վտանգի մասին միայն հայտարարություններից չէ, որ դատում ենք, կան շատ այլ ցուցիչներ, պարզապես ներկայումս աշխարհում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որը թույլ է տալիս անել նման հայտարարություններ։ Սակայն հարցը միայն հայտարարությունները չեն, այլ նաև այն, որ ռազմական ներուժը զարգացվում է, զարգացվում է սեփական ռազմարդյունաբերությունը, ցուցադրվում է, սա միայն սեփական անվտանգության խնդիր չէ, սա քաղաքականություն է, որի նպատակը ավելի ազդեցիկ երկիր դառնալու ձգտումն է։ Անկախ նույնիսկ այս հայտարարություններից` պետք է պատերազմի պատրաստ լինել, իսկ ունենալով հակամարտություններ` առավել ևս պետք է պատրաստ լինել»,- ասաց ռազմագետը։
Ինչ վերաբերում է Ալիևի սպառնալիքներին, թե Ադրբեջանը ցանկանում է վերականգնել, այսպես կոչված, «Արևելյան Զանգեզուրը», ռազմական վերլուծաբանը գտնում է, որ այս հարցում էական են Իրանի հայտարարություններն այն մասին, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար։
«Ալիևը շատ բան կարող է ցանկանալ, շատ բաների պատրաստ լինել, սակայն կան ռեգիոնալ այլ իրողություններ ևս, որոնք չի կարելի հաշվից դուրս թողնել։ Ինչպես տեսնում ենք, Իրանը բավականին ակտիվ զբաղվում է այս հարցով։ Այս հարցը, կարծում եմ, Իրան-Թուրքիա-Ռուսաստան բանակցությունների առարկա է, և այստեղ ՌԴ-Իրան տարաձայնություններ չեմ տեսնում։ Այս հարցով, ըստ իս, սպառիչ բացատրություններ ռուսական կողմը տալիս է թե ԱԳՆ, թե Կառավարության մակարդակով, ուստի ՌԴ-ին ուղղված մեղադրանքները նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասով անտեղի են»,- նկատեց նա։
Եվսեևի խոսքով, կողմերը կարող էին մոտ լինել համաձայնագրի ստորագրմանը և խաղաղությանը ռեգիոնում, եթե աշխարհում հենց այս ռազմական բաղադրիչը չխորանար։ «Օրեցօր ավելի ու ավելի մեծ լարվածության ականատեսն ենք այս օրերին Մերձավոր Արևելքում, երբ հետևում են Իսրայելի հարվածներին դեպի Լիբանան, ինչը ևս իրենից սրացման մեծ վտանգ է պարունակում, այդ թվում՝ Իրանի մասնակցությամբ։ Պատերազմի տրամաբանությունն է գերիշխում ներկայումս աշխարհում, այլ ոչ խաղաղությունը։ Սակայն նույն այդ խաղաղության համար պետք է ունենալ ռազմական ուժ և դիմակայունություն»,- ասաց նա։