Պատերազմական գործողություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն մեր սահմանների անմիջական հարևանությամբ, այլև մեր սահմաններից ներս. Շիրազ Խաչատրյան

Մերձավոր Արևելքում բավականին լարված իրավիճակ է, և Իսրայելը փորձ է անում ամեն կերպ Իրանին ներքաշել ուղիղ պատերազմի մեջ, թեպետ նաև քարոզչական խոսակցություններ են շրջանառվում, թե Իրանը թույլ է այսօր, իսկ ինչպես Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է հայտարարել, Իրանում կամ Մերձավոր Արևելքում չկա մի վայր, որը հասանելի չէ Իսրայելի «երկար բազկի» համար:Թե ինչ գործողություններ կլինեն Իրանից, ժամանակը ցույց կտա, բայց հստակ է՝ Մերձավոր Արևելքում տիրող պատերազմական իրավիճակը, Իսրայելի փորձերը՝ Իրանին հունից հանելու, չեն կարող Հայաստանին չանհանգստացնել, հատկապես Իսրայել-Ադրբեջան սերտ հարաբերությունների պարագայում, երբ երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը գնալով ավելի է խորանում, չհաշված 2020 թվականի 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի մեջ Իսրայելի դերը:

Այս թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:– Մեր տարածաշրջանում ընթացող պրոցեսների ռիսկայնությունը կտրուկ բարձրացել է: Եվ խնդիրն այն է, որ պատերազմական գործողություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն մեր սահմանների անմիջական հարևանությամբ, այլև մեր սահմաններից ներս, նայած, թե իրադարձությունները, տվյալ դեպքում՝ Իրան-Իսրայել հավանական բախման ընթացքում ինչպես կզարգանան: Ամեն դեպքում, ինչ իրադարձություն էլ տեղի ունենա մեր սահմանների շուրջ, դա անուղղակի և ուղղակի ազդեցություն է ունենալու ՀՀ անվտանգային (նաև տնտեսական և այլ բնագավառների) միջավայրի վրա: Որքան էլ Իսրայելը փորձում է Իրանին ներքաշել ուղիղ պատերազմի մեջ, Թեհրանը լավ է հասկանում իր կողմից նախահարձակ լինելու հետևանքները, ուստի փորձում է դեռևս մանևրել և հարձակման ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը թողնել Իսրայելի վրա: Իրանը նաև լավ է հասկանում, որ եթե ամբողջությամբ անկյունում հայտնվի, արդեն ստիպված է հարվածելու բոլոր այն կետերին, որտեղ իսրայելական ներկայություն կա, այդ թվում՝ օկուպացված Արցախի տարածքում:Իսկ նման սցենարի դեպքում, հասկանում ենք, որ ամբողջ տարածաշրջանն է պայթելու՝ իր ծանր հետևանքները թողնելով ոչ միայն անմիջական կողմերի, այլև հարևան բոլոր երկրների վրա:

– Այս համատեքստում առանձնացնենք՝ ի՞նչ խնդիր կունենա հենց Ադրբեջանըեթե Իրանը ներքաշվի պատերազմի մեջ: Ի դեպ, հարկ է նկատել, որ Ադրբեջանը զինվում է ոչ միայն Հայաստանի հետ հնարավոր պատերազմի փաստն աչքի տակ ունենալովայլ նաև իր սահմաններին սպառնացող այլ հնարավոր ռազմական բախումները, օրինակ, ծովային անվտանգությունն է ուժեղացնում և ոչ միայնԱյսինքնձեռք է բերում նաև այնպիսի սպառազինությունոր Հայաստանի դեմ գործողություններում չէ, որ նրան պետք է գալու:

– Ադրբեջանական կողմը տեսականորեն լավ է հասկանում, որ եթե պայթի իրանա-իսրայելական կոնֆլիկտը, պատերազմը, ինքը ստիպված և պարտավորված է լինելու խառնվել, քանի որ Ադրբեջանը պարտք է իսրայելական կողմին և ինչ-որ ձևով ներգրավվելու է այդ ամենին: Իսկ դա մեծ խնդիր և գլխացավանք է Ալիևի համար, քանի որ Իրանը Բաքվի համար հեշտ մարսվող թեմա չէ: Ուստի Ալիևը փորձելու է մանևրել Իրանի դեմ ուղիղ հակամարտության մեջ չմտնելու համար, բայց պատեհ պահի կարող է երկրորդ ճակատ բացել հենց Հայաստանի դեմ: Սակայն այս ամենով հանդերձ, իրանա-իսրայելական պատերազմի դեպքում Բաքուն, կրկնում եմ, ծանր իրավիճակում է հայտնվելու:

– Մերձավոր Արևելքի լարվածությունը որքանո՞վ կարող է ազդել Հայաստանի վրաեթե Ադրբեջանի հետ ունենա խաղաղության պայմանագիր, որը, գիտենք, տարածքային զիջումներ է ենթադրում, «Զանգեզուրի միջանցքի» խնդիր կա, և ի՞նչ ազդեցություն կունենա, եթե Ադրբեջանի հետ Հայաստանը դե յուրե չունենա խաղաղության պայմանագիր և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին փաստաթուղթ:

– Նախ՝ պետք է հստակ հասկանանք՝ և՛ պայմանագիր ունենալու, և՛ չունենալու դեպքում Բաքուն չի շեղվելու իր առջև դրված խնդիրներից, և աշխարհաքաղաքական պատեհ պահի է սպասելու Հայաստանի դեմ նոր էսկալացիա սկսելու համար: Տեսնում ենք, որ վերջին օրերին ադրբեջանական մամուլը, ռազմական վերլուծաբաններն ու փորձագետներն ինչ թեզեր են գեներացնում, երբ հայտարարում են, թե Ադրբեջանը պետք է պատրաստ լինի, բայց ինչին և ինչպես, դա արդեն ակնհայտ է բոլորի համար: Ի դեպ, Իլհամ Ալիևն այսօր խոսել է Հայաստան ադրբեջանցիների վերադարձից, իսկ այս թեման նրանք հետևողական առաջ են տանում: Վերադառնալով մեր բուն թեմային, միաժամանակ, ադրբեջանական կողմից հակաիրանական քարոզչության նոր «դոզա» է ներարկվում, այսպես ասած, հնարավոր գործողություններին նախապատրաստվելու նոր պրոցեսներ են գեներացվում:

– Այս համատեքստում չենք կարող շրջանցել ԹուրքիաԱդրբեջան հարաբերություններում հնարավոր խնդիրների փաստը, երբ Թուրքիա-Իսրայել հարաբերությունները լարված են, իսկ Ադրբեջանը, ինչպես վերևում խոսեցինք, Իսրայելի հետ շատ լավ, այսպես ասած՝ ռազմավարական հարաբերություններ ունեն, բայց Ադրբեջանն անվտանգային կախվածություն ունի նաև Թուրքիայից, և 44-օրյայում հաղթանակի համար առաջին հերթին Թուրքիային է պարտք:

– Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում կարող են, այո, խնդիրներ առաջանալ, հենց նույն «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված ևս հակադրություններ կարող են առաջ գալ: Տպավորություն է, որ թուրքական երկու պետությունները գործում են ներդաշնակ, սակայն միջանցքի բացման տարբեր սցենարներում կարող են փոխվել խոշոր խաղացողների խաղաքարտերը: Եվ որքան էլ Թուրքիան փորձում է իր քավորությամբ լուծել միջանցքի վերահսկողության հարցը, բայց տեսականորեն նոր էսկալացիայի դեպքում Իսրայելի օգնությամբ Բաքվի կողմից, այսպես ասած, խնդրի ինքնուրույն լուծման պարագայում, պատկերը կարող է 180 աստիճան փոխվել Ադրբեջանի օգտին: Այնպես որ, Հարավային Կովկասում իրենց ազդեցություններն ընդլայնելու, վերադասավորելու, շահեկան դիրքեր դուրս գալու հնարավորությունների լայն դաշտ է բացվել տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունների համար, բայց Հայաստանը խաղի մեջ չէ: Նշվածին հասնելու համար չեն կարող չլինել շահերի հակադրություններ և հակասություններ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *