Ըստ բյուջեի նախագծի ուղերձի՝ Հայաստանի տնտեսությունն այլևս չի ունենալու ֆինանսական այն հոսքերը, որոնք ուղղվում էին Հայաստան՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով և դեպի Հայաստան վեաարտահանումների աճով։
2025 թվականի տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղման և վերաարտահանման դերի նվազման պայմաններում, ըստ Կառավարության, սպասվում է արտահանման և ներմուծման աճի տեմպերի զգալի դանդաղում: Արդյունքում՝ ծառայությունների դրական հաշվեկշռի վատթարացմամբ և դրամական փոխանցումների դերի նվազմամբ պայմանավորված՝ 2024թ. բյուջեի պակասուրդը կշարունակի խորանալ՝ հասնելով ՀՆԱ-ում 5%-ի:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության հեղինակ Նաիրի Սարգսյանը, խոսելով 2025 թվականի բյուջեի նախագծի մասին, ընդգծեց՝ Ֆինանսների նախարարությունը դիվանագիտական լեզվով շատ լավ ներկայացրել է տնտեսության վատ վիճակը։
Ըստ Նաիրի Սարգսյանի՝ բյուջեն կազմող Ֆինանսների նախարարության մասնագետներն այդ նախագծում շատ անկեղծորեն շարադրել են մեր տնտեսությանը սպառնացող մարտահրավերները, այլ բան է, որ քաղաքական պաշտոն զբաղեցնողներն այլ ձև են դա ներկայացնելու Ազգային ժողովում։
«Բյուջեի մեջ գրված է Հայաստանի տնտեսության ռեցեսիայի մասին, այսինքն՝ սկսվում է մեր տնտեսության աճի անկումը, ինչը, բնականաբար, Ազգային ժողովում այս բյուջեն քննարկող ՔՊ-ականները չեն բարձրաձայնի»,- ասաց Սարգսյանը։
Նրա դիտարկմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեն չի կարողանում հավաքագրել իր կանխատեսած 300 միլիարդ դրամը՝ անգամ այն պարագայում, երբ անցել են ուղղակի հարկային ռեկետի, կազմակերպությունների վրա քրեական գործեր են բացում՝ գործարարներին վախեցնում, իսկ այդ ամենի նպատակը բյուջե լրացուցիչ եկամուտներ ներգրավելն է։
«Սակայն անգամ այդ արագայում 2024 թվականին կանխատեսված հարկային հավաքագրումը չեն կարողացել հավաքել, իսկ ահա, 2025 թվականի բյուջեն 609 միլիարդ դրամ դեֆիցիտ կունենա։ Այնպես որ, մենք հատում ենք անվերադարձելիության շեմը. չի բացառվում, որ որոշակի փակ տեղեկատվության տիրապետումից հետո հստակ ասենք՝ հատել ենք այդ անդարձելիության շեմը։ Փաշինյանի կառավարությունն ամեն տարի 1-1.5 միլիարդ դոլար պարտք է կուտակել և այդ պարտքը եկամտաստեղծ գործի վրա չի ծախսել, ինչը ստեղծում է դժվարություններ՝ պարտքի մարման համար,- ասաց Նաիրի Սարգսյանը՝ շեշտելով,- Այս մարդիկ ապամոնտաժում են Հայաստանի Հանրապետությունը»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։