«Մտածում են՝ Մկրտիչ Արզումանյանի կամ Մենչի աղջիկն եմ, բայց ես բալետի արտիստ Գարիկ Խաչիկյանի աղջիկն եմ». Աննա Խաչիկյան

Աննա Խաչիկյանը հեռուստադիտողին հայտնի է «Արտակարգ Արտակ» եւ «Բոլոլա» սիթքոմներից: Նա նաեւ երգում է, խաղում ներկայացումներում ու մյուզիքլներում: Ծնվել է արվեստագետների ընտանիքում՝ հայրը բալետմայստեր Գարիկ Խաչիկյանն է, մայրը՝ երգչուհի Անժելա Բարխուդարյանը: BRAVO.am-ի հետ զրույցում Աննան խոստովանել է՝ լուսահոգի պապիկի՝ բալետմայստեր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյանի ցանկությունն է եղել, որ պարն ընտրի, բայց հայրը չի համաձայնել, ասել է՝ դժվար ուղի է։

— Դու էլ ընտրեցիր դերասանուհու եւ երգչուհու ուղին։
— Շատերն ասում են՝ ես ու քույրս կուլիսներում ենք մեծացել: Նեղվում էի, որ ծնողներս միասին տանն այդքան էլ չէին լինում՝ մայրս երեկոյան էր աշխատանքի, հայրս՝ առավոտյան։ Բայց ես բեմը շատ սիրեցի։ Հիմա հաճախում եմ «Եվ» շոու-դպրոց ու ներգրավված եմ ներկայացումներում։ Այս պահին հասկանում եմ, որ թատրոն ինձ ավելի հոգեհարազատ է։— Հիշում եմ՝ քովիդի ժամանակ սկսեցիր հեքիաթներ կարդալ ու սոցցանցերում շատերին հետաքրքրեցիր:
— Չէի պատկերացնում, որ նման արձագանք կլինի։ Երբ բոլորս փակված էինք տանն ու անգործությունից չգիտեինք՝ ինչ անել, դասերն առցանց տարբերակով էին, ամեն ինչ շատ տխուր էր, որոշեցի հեքիաթներ կարդալ։ Առաջին եթերից հետո շատ արձագանքներ եղան, նույնիսկ հուշում էին՝ որ հեքիաթը կարդամ։ Ոգեւորիչ էր:


— Իսկ ինչպե՞ս հայտնվեցիր «Արմենիա» հեռուստաընկերության «Արտակարգ Արտակ» սիթքոմում։

— Մայրս տեղեկացել էր, որ սերիալի համար քասթինգ է հայտարարված։ Որոշեցի մասնակցել, ու բավական երկար տեւեց։ Թեկնածուները շատ էին, բայց ռեժիսոր Հարություն Խալաֆյանն ինձ ընտրեց այդ դերի համար։

— Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ հայտնվեցիր նույն նկարահանման հրապարակում։ Նա ֆիլմում ձեր հայրն է։ Կաշկանդվո՞ւմ էիր, թե՞ նա օգնում էր, որ տեսախցիկի առաջ ավելի ազատ ու բնական խաղաս։
— Սկզբում կաշկանդվածություն կար, բայց իմ ավագ ընկերները միշտ կողքիս էին։ Հատկապես Մկրտիչ Արզումանյանը շատ օգնեց, որ ազատ լինեմ ու կերպարի մեջ մտնեմ։ Այս սիթքոմում կերպարս ինձ ավելի նման է. Գայանեն զուսպ է, գերազանցիկ աշակերտուհի։ Ընտանիքը միշտ հայտնվում էր պատմությունների մեջ, ու Գայանեն լուծում էր խնդիրները:Շատերը մտածում էին, որ ես Մկրտիչ Արզումանյանի աղջիկն եմ, հետո «Բոլոլա»-ում դարձա Արմեն Պետրոսյանի՝ Մենչի աղջիկը, բայց իրականում ես բալետի արտիստ Գարիկ Խաչիկյանի աղջիկն եմ։ Ի դեպ, Մկրտիչ Արզումանյանը եւ Արմենը Պետրոսյանը նկարահանման հրապարակում են իմացել՝ ովքեր են ծնողներս:

— «Բոլոլա»-ում ինչպե՞ս հայտնվեցիր։
— Դե, ինձ արդեն նախորդ սիթքոմից նկատել էին, զանգահարեցին եւ առաջարկեցին նկարահանվել։ Երբ ծանոթացա կերպարին, մի փոքր լարվեցի, քանի որ Նարեն ընդհանրապես ինձ նման չէ՝ ավելի չարաճճի է, սիրում է ֆուտբոլ, տղաների հետ բակում կռիվ անել եւ այլն։ Բայց լարվածությունս անցավ նկարահանման հրապարակում, քանի որ շատ ընտանեկան միջավայր է, ու Նարեին սկսեցի սիրել։

— Հիմա ֆուտբոլով հետաքրքրվո՞ւմ ես:
— Հայրիկիս հետ դիտում եմ Հայաստանի հավաքականի խաղերն ու սկսում եմ հասկանալ ֆուտբոլասերներին։— Երբ սերիալը եթերում է լինում, ընտանիքով դիտո՞ւմ եք, քո խաղը քննարկո՞ւմ եք։
— Շատ անկեղծ ասեմ՝ իմ տեսարանների ժամանակ սենյակից գնում եմ, որ ձայնս չլսեմ. չեմ սիրում։ Մաման ամենախիստն է՝ անընդհատ քննադատում է ու խորհուրդներ տալիս: Շատ պահանջկոտ է, բայց միշտ կողքիս է ու աջակցում է ամեն ինչում: Հիմա դեռ չգիտեմ՝ կընտրեմ դերասանուհու մասնագիտությունը, թե մայրիկիս պես երգչուհի կդառնամ:


— Բայց արդեն երկու տեսահոլովակ ունես: Ինչո՞ւ որոշեցիր ռուսերեն երգել:

— Առաջին երգի ընտրությունը պատահական եղավ. մայրս մենահամերգի համար երգեր էր ընտրում, եւ երբ այդ երգը լսեցի, շատ սիրեցի։ Որոշեցինք քավեր տարբերակը հրապարակել, եւ արձագանքները շատ լավն էին։ Նոր երգս էլ նվիրված է Երեւանին: Երաժշտության հեղինակը մայրս է, խոսքերը ես եմ գրել: Տեսահոլովակը նկարահանվել է Երեւանի տարբեր թաղամասերում, ռեժիսորը Նարեկ Քթոյանն է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *