Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը մտահոգիչ է, ի՞նչ գործոններով են դրանք պայմանավորված

Վերջին շրջանում Ոստիկանության օպերատիվ վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում վթարների թիվը մնում է մտահոգիչ։ Օրինակ, օգոստոսի 6-16-ը՝ ընդամենը 10 օրվա ընթացքում, ՀՀ-ում գրանցվել է 125 ճանապարհատրանսպորտային միջադեպ, որի հետևանքով 3 մարդ զոհվել է, իսկ 224 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։168.am-ի հետ զրույցում «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը ծիծաղելի է համարում մարդկանց այն մեկնաբանությունները, թե Հայաստանում մեքենաները շատացել են և դրան զուգահեռ՝ շատացել են նաև ճանապարհատրանսպորտային պատահարները։

Ըստ նրա, եթե այդ տրամաբանությամբ շարունակեն առաջնորդվել, ապա պետք է ասեն, որ եթե ՀՀ-ում բնակչությունը շատացել է, պետք է մահացության դեպքերն էլ շատանան։

«Ամբողջ խնդիրն այն է, որ մենք դեռևս չենք կարող ասել, թե վթարների ավելացումն ինչի արդյունք է, ինչու չի հաջողվում դրանք նվազեցնել։ Մենք չենք կարող ասել, որովհետև չունենք վթարների առաջացման վիճակագրություն, այսինքն՝ ինչ պատճառներով է տեղի ունեցել տվյալ վթարը։ Չգիտեք, արտաքին լուսավորության բացակայությո՞ւնից է, վարորդի սխա՞լն է, վատ ճանապա՞րհն է, թե՞ այլ պատճառ  է եղել վթարի առաջացման համար։Համապարփակ ուսումնասիրության համար մենք պետք է վերցնենք բոլոր վթարները, դրանք ուսումնասիրենք, որպեսզի հասկանանք խնդիրը, որից հետո միայն կարող ենք խնդրին որոշակի լուծումներ տալ»,- նշեց Տիգրան Քեյանը։

Նա ընդգծեց՝ Հայաստանում ցանկացած վրաերթի դեպքում վարորդները մեղավոր են լինում, քանի որ երթևեկության մեջ վարորդն այնքան զգոն ու ուշադիր պետք է լինի, որպեսզի երթևեկության մեջ գնահատի հետիոտնի կամ, օրինակ, հեծանվորդի վարքագիծը և կանխի հնարավոր պատահարը նրանց մասնակցությամբ։

«Մեր ճանապարհի վիճակը վատ է, և մարդիկ փորձում են մեքենան չվնասելու համար ճանապարհին հանդիպած փոսերը, քանդած հատվածները շրջանցել, որի արդյունքում կարող են հանդիպակաց դուրս գալ, վթարներ տեղի ունենան, մարմնական վնասվածքներ լինեն, նաև զոհեր։ Այսինքն՝ ճանապարհների ոչ բարվոք վիճակը պետք է լուծեն, դրանից զատ՝ կահավորեն, գծանշեն, ճանապարհային նշաներ դնեն, լուսավորեն։

Այս ամենից զատ, մեր վարորդների գիտակցության մեջ պետք է մտցնել մեկ կարևոր բան, որ երթևեկության մեջ իրենց կարգապահ դրսևորեն, հետևեն երթևեկության կանոններին ու օրենքներին»,- հավելեց Տիգրան Քեյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ երբեմն վարորդներին թվում է, որ ճանապարհային երթևեկության մեջ, երբ կանոններին չեն հետևում, «ուժեղ վարորդ են»։ Սակայն բոլորը պետք է հասկանան, որ երթևեկության կանոններն ուժի չափման կամ ինքնահաստատման դրսևորման ձև չէ, քանի որ դա կարող է և՛ վարորդի, և՛ դիմացինի կյանքը կործանել։

«Այս ամենը գիտակցելու համար վարորդը պետք է կրթվի, իսկ կրթվելու համար ԿԳՄՍ նախարարությունը պետք է մանկապարտեզներում ու դպրոցներում ներդնի առարկա՝ երթևեկության կանոնների ու օրենքների ուսուցման։

Մեզ մոտ, սակայն, հակառակն է, կրթելու փոխարեն՝ ներդրել ենք տարբեր տեսակի պատժիչ գործոններ՝ տեսանկարահանող սարքեր, արագաչափեր, արդեն քանի տարի է՝ գործում է նաև պարեկային ծառայությունը։ Այս գործոնները որոշ զսպող դեր ունեն, սակայն խնդիրը չեն վերացնում, խնդիրը վերացնելու միակ տարբերակը կրթելն է»,- եզրափակեց Տիգրան Քեյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *