«Առանց արդարադատության խաղաղություն չի կարող լինել. Հայաստանը չպետք է հրաժարվի հայցերից». Գուրգեն Պետրոսյան

Հայ-գերմանական իրավաբանների ասոցիացիայի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ, Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանն այն կարծիքին է, որ խաղաղության ամենակարևոր սկզբունքներից մեկը հենց արդարադատությունն է:«Չի կարող առանց արդարադատության խաղաղություն լինել: Մենք բավականին երկար ժամանակ տեսել ենք այն ոչ արդար գործողությունները, որոնք կատարվել են հայ ժողովրդի նկատմամբ, և պետք է օգտվել միջազգային իրավունքի տված արդարադատության հնարավորություններից: Պետք է միջազգային իրավունքի շրջանակներում պարբերաբար այդ գործընթացները բարձրաձայնել և իրավական գործողություններ սկսել: Ադրբեջանի կողմից նախապայմանների բարձրաձայնումն իրենց քաղաքականության տեսանկյունից շահավետ է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է տանուլ տանք, խույս տանք այդ գործընթացներից, հակառակը՝ մենք իրավական հիմք ունենք և կարող ենք պահանջներ ներկայացնել Ադրբեջանին: Կարող են տարբեր ուղղություններով դրանք լինել, օրինակ՝ Միջազգային արդարադատության դատարանում գործերը շարունակել, դրանք սնուցել ապացույցներով:

Մենք պարբերաբար խոսում ենք միջազգային հանրության մասին, թե ինչու գործողություններ չեն անում, ես որքան հասկանում եմ ու շփվում եմ իմ միջազգային գործընկերների հետ, իրենք պատկերն ամբողջությամբ չեն հասկանում, չեն հասկանում՝ ո՞րն է Ադրբեջանի և Հայաստանի հիմնական խնդիրը, ի՞նչ դժվարություններ ունի Հայաստանը: Նրանք հիմնականում սնուցվում են Ուկրաինայի կողմից՝ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի շրջանակներում, Իսրայել-«ՀԱՄԱՍ» և այլ կոնֆլիկտներով, իրենց ուշադրությունից մեր հարցը դուրս է գալիս: Դրա համար մեր շփումները դատարանների շրջանակներում գտնվող մասնագետների հետ պետք է շատացնել, ամրապնդել այդ կապերը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:Միջազգային իրավունքի մասնագետը նկատեց՝ Հայաստանը չի կարող հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում գտնվող հայցերից. «Մենք պարբերաբար պարտվողական վիճակում ենք գտնվում և անընդհատ հետքայլ ենք անում, չպետք է դա լինի: Մենք ունենք հիմք՝ միջազգային իրավունքի շրջանակում: Այո, պետք է ռիսկերը գնահատվեն, բայց դու իրավական հիմքերն ունես, ու դրանք չօգտագործելը ճիշտ չէ»:

Նա այն կարծիքին է, որ Հռոմի ստատուտի վավերացումը, առաջին հերթին, ՀՀ պաշտպանության վերաբերյալ է՝ հետագա էսկալացիաների ժամանակ որոշակի պաշտպանիչ հիմք է. «Հռոմի ստատուտի պրակտիկան այնպիսին է, որ պետությունը պետության դեմ հայց չի ներկայացնում, ինչպես, օրինակ՝ ՄԱԿ Արդարադատության դատարանում է կամ ՄԻԵԴ-ում: Այստեղ անդամ պետությունը դատախազին ներկայացնում է դիմում, որ ինքը պատրաստ է իր իրավասությունը տրամադրել հետաքննություն իրականացնելու համար, այսինքն՝ դատախազին հնարավորություն է տալիս իր տարածքում տեղի ունեցած միջազգային հանցագործների վերաբերյալ հետաքննություն անցկացնել: Թե ով կլինի դրա պատասխանատուն, դատախազն ինքն է որոշում:

Բայց որպեսզի այդ գործընթացը սկսվի, Հայաստանը պետք է դիմում ներկայացնի դատախազին, որը դեռևս չի արվել: Երկրորդ ճանապարհն այն է, երբ տուժողի ներկայացուցիչները զեկույցներ, վկայություններ, ցուցմունքներ են ներկայացնում դատախազին, որպեսզի անկախ անդամ պետության համաձայնությանը կամ անհամաձայնությանը՝ դատախազն իր նախաձեռնությամբ գործը սկսի: Երրորդ տարբերակն այն է, որ Հռոմի ստատուտի շրջանակներում այլ պետությունն ինքը դիմում ներկայացնի, որ՝ այնտեղ հանցագործություն է եղել, դատախազն էլ նայի, թե ինչ հանցագործություն է եղել: Նույն Ուկրաինայի պարագայում 40 պետություն դիմում էր ներկայացրել դատախազին, որ Ուկրաինայում տեղի ունեցած հանցագործությունները քննի:

Մեր պարագայում ևս դա կարող է տեղի ունենալ: Սա արդեն դիվանագիտություն է, կարողանալ համոզել այլ պետություններին, որ դիմում ներկայացնեն: Բայց, ցավոք սրտի, դատախազի վրա է դրված որոշելու, թե ինչքանով են քննչական գործողությունները բխում արդարադատության շահերից: Հիմա դա կարող է փոխկապակցվել խաղաղության գործընթացի հետ, որովհետև պատմության մեջ ունենք օրինակներ, երբ միջազգային տրիբունալը խառնվել է կոնֆլիկտի մեջ, բայց արդյունքում վատացրել է իրավիճակը: Նա նաև պետք է ստուգի, թե տուժողների ցանկությունը որն է, և այստեղ երկու բան կա՝ պետությունը չի ցանկանում, որ դա արվի, բայց տուժողներն են ուզում, և նրանց կամահայտնությունը կարող է վեր դասվել խաղաղության պրոցեսից և պետության կամահայտնությունից:

Բայց ևս մեկ այլ կարևոր հանգամանք կա՝ բացի միջազգային քրեական դատախազի գործունեությունից, հարկավոր է, որպեսզի մեր ազգային մարմիններն այդ աշխատանքն անեն, քանի որ ապացուցողական բազա հավաքագրելն ընկնում է ներպետական ատյանների վրա»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *